Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԺԱՆԵՔ ՓՈՂԵՐԸ, ՀԱՄ ԷԼ ՁԱՅՆԵՐ ԿՀԱՎԱՔԵՔ

Ապրիլ 06,1999 00:00
namak

 ՀԺԿ գրասենյակի մոտ հույս ունեինք ՀԺԿ անդամներից բացի հանդիպել նաեւ Ժողովրդական կուսակցության հետ դաշինք կազմած հանրապետականների կամ համախոհների։

Մեր այցելության պահին մի խումբ մարդիկ էին խմբվել գրասենյակի դռանը։ Պարզվեց, որ նրանք ո՛չ դեմիրճյանական են, ո՛չ էլ երկրապահ։ Մարդիկ «Սիփան» ՓԲԸ-ի կողմից խաբվածներն էին, որոնք տարիներ շարունակ աշխատում են, խաբվում ու աշխատավարձ չեն ստանում։ Ժամանակ առ ժամանակ նրանց մի քանի կոպեկ է նետվում։ Նրանք եկել են ՀԺԿ, քանի որ «մի քանի անգամ փորձել ենք հանդիպել Վազգեն Սարգսյանին, չկարողացանք մտնել, որովհետեւ Վազգեն Սարգսյանը նախ՝ ըստեղ չէր եւ երկրորդը՝ հնարավորություն չստեղծվեց»։ «Մենք բոլորս գիտենք, որ ինքը տեղյակ չի մեր մասին, եթե տեղյակ լիներ, ինքը բարձր մակարդակով հարցը կլուծեր։ (…) Մենք եկանք այստեղ, իմանալով, որ երկու կուսակցություններ միացել են, մենք ցանկացանք, որ մեր դիմումը կուսակցության ղեկավարի միջոցով ուղարկվեր Վազգեն Սարգսյանին։ Այստեղ պատասխանեցին, որ իրենք չեն կարող այդ հարցը լուծել։ Չեն կարող եւ վերջ, ասացին՝ եկեք երեք ամիս հետո»։ Խաբված շինարարներն այլեւս ոչ մի կուսակցության չեն դիմի, քանի որ «հիասթափված են»։

Մարդիկ դիմել են ՀՀ վարչապետին, Ազգային ժողով, սակայն ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա։ Տպագրում ենք նրանց բողոք-նամակը՝ ուղղված վարչապետին եւ ակնկալում ենք պատասխան։

«Հարգելի պարոն վարչապետ, դիմում ենք ձեզ եւ խնդրում ենք ձեր օգնությունը, որպեսզի ստանանք մեր աշխատավարձը։ Միաժամանակ խնդրում ենք խորհրդարանին ներկայացնել, որ «Շինուժը» կարող է բանվորի արյունը, քրտինքը, աշխատավարձը չտալ, մեզ մեր հայրենիքում որպես ստրուկ եւ ճորտ ընդունել։ Պաշտպանության «Շինուժ» ֆիրման մոռացել է, որ մենք հայ ենք, մեր հայրենիքում ենք։ Մենք՝ բողոքող աշխատավորներս, կառուցել ենք հետեւյալ օբյեկտները՝ Զինվորական ակադեմիա, բնակելի շենք, 2-րդ հանրակացարան, երրորդ կորպուս՝ ԳԻՈՒ, Գեն-բատ, Քանաքեռի զինգունդ, Եռաբլուր, Պռոշյանի սովխոզի պահեստներ, Նուբարաշենի վերին եւ ներքին զինգունդ, զինվորական հոսպիտալ, ՊՆ։ Աշխատավարձ չենք ստացել։

Հարգելի պարոն Դարբինյան, այս խաբեությունն ու անօրինականությունը բազմիցս կրկնվել են։ Նոր հայերը նոր «ֆինտ» են սովորել. բանվորներին աշխատեցնում են ամբողջ տարին եւ վճարում ամսական աշխատավարձի մեկ տասներորդ մասը… Իսկ տարվա վերջում, որպեսզի վճարումները չկատարվեն, մտածված կերպով հանում են ֆիրմայի կառավարչին եւ նշանակում նորին։ Հին կառավարչին այսպես ասած փախցնում են, ցրում են, որ պատասխան չտա, իսկ նորն էլ պատճառաբանում է, թե նոր է եւ մեզ չի աշխատեցրել։ (…) Դա երեւի իրենց համար նոր տնտեսական հարաբերության ձեւ է։ Մենք՝ հարյուր հոգուց ավելի բանվորներս, խնդրում ենք ձեզ, որ այդ չարագործներին բացատրեք, որ մենք էլ ենք հայ, մեր ընտանիքներն էլ են հայ, շոր, ջուր, լույս են օգտագործում։ Մենք էլ ունենք անչափահաս երեխաներ եւ ծեր, անաշխատունակ ծնողներ։

Ձեզ դիմող «Սիփան», այժմ՝ «Շինուժ» ֆիրմայի տուժող բանվորներ»։

«Սիփան» ՓԲԸ-ի բանվորների բողոքը շուրջ երեք տարվա պատմություն ունի։ Բանվորները ժամանակ առ ժամանակ ի նշան բողոքի հավաքվում են կառավարության շենքի մոտ, այնպես որ, միամտություն կլինի մտածել, թե վարչապետն այս պատմությանը տեղյակ չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակի 109-րդ հորիզոնականը զբաղեցնում է Կամո Իգիթյանը, որի անվան դիմաց, «աշխատանքի վայրը» սյունակում գրված է «Սիփան» ՓԲԸ։ Մեզ չհաջողվեց պարզել՝ այս «Սիփանը» այն «Սիփանի» (այժմ՝ «Շինուժ») հետ որեւէ կապ ունի՞, թե՞ ոչ։

Ամեն դեպքում առաջարկում ենք դաշինքի նախընտրական նվիրատվությունների շարքը սկսել այս բանվորներից։ Համ բարի գործ կանեն, համ էլ ձայներ կհավաքեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930