Ընտրություններին կմասնակցի 31 կուսակցություն
Փանջունիականությունը՝ պարարտ հող զգալով ոտքի տակ, ծլեց-ծաղկեց ու բարգավաճեց։ Ոնց պտտվում ես՝ ոտքիդ տակ փանջունի է հայտնվում եւ իր 5-6 հոգիանոց կուսակցության գովքն է անում։ Խոսելն, իհարկե, փողով չէ, բայց կուսակցություն ստեղծելն ու պահելն առանց ընկեր Փանջունու «Փող ղրկեք» աղաղակի, հնարավոր չէ։ Փող տվող, անշուշտ, գտնվում է. հայրենյաց սիրով վառված, քուն ու դադար կորցրած մի բուռ հայեր «փող ղրկեք» են «պոռում»։ Նույն սիրուց վառվողների մեկ այլ խումբ էլ անանձնական հաճույքների համար ոչ թե փող, այլ «ինքզինք ալ» չի խնայում։
Անձրեւորդի պես կիսվելու եւ այլ ճանապարհներով բազմացած կուսակցությունները, անշեղորեն գերակատարելով իրենց առջեւ դրված քաղաքական լուրջ-լուրջ խնդիրները, ուս-ուսի տված գնում են դեպի առաջիկա խորհրդարան։
Երեկ ժամը 12-ին (ոչ թե 24.00-ին) մարզային ընտրական հանձնաժողովում ավարտվեց մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների գրանցումը։ Համամասնական ընտրակարգով գրանցվել է 1009 թեկնածու 31 կուսակցությունից։ 6 կուսակցություն ընտրություններին կմասնակցի դաշինքների կազմում, մնացած 15-ը՝ առանձին-առանձին։ Կուսակցությունների այս առատությունը հավանաբար խորհելու (ոչ թե պարզապես խորհելու, այլ՝ կառուցողական նշանակության) առիթ պետք է տա ՀՀ ապագա օրենսդիրներին եւ արդարադատության նախարարությանը, որպեսզի տեղից վեր կացողը հնարավորություն չունենա «գյուղի կնիկներուն» (նաեւ՝ տղամարդկանց) հավաքած «յուր կուսակցությունը» ստեղծել։ Բազմակուսակցականություն «կպոռանք» եւ դեպի «անդունդը» կգլորինք»։
Կարդացեք նաև
Միայն Երեւան քաղաքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել է 243 թեկնածու (ապրիլի 5-ի ժամը 12-ի տվյալներով)։ ԿԸՀ-ը ամեն րոպե տեղեկություն է ստանում մարզային ընտրական հանձնաժողովներից։ Երեկ, ժամը 18.00-ի տվյալներով, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար Արագածոտնում գրանցվել է 45 թեկնածու, Արարատում՝ 71, Արմավիրում՝ 57, Գեղարքունիքում՝ 73, Լոռիում՝ 77, Շիրակում՝ 78, Սյունիքում՝ 38, Տավուշում՝ 41։ Այդ ժամի տվյալներով Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերից տեղեկություն չկար։
Համամասնականով ընտրություններին մասնակցող 1009 թեկնածուներից 121-ը, ըստ ԿԸՀ-ի քարտուղար Ա. Զոհրաբյանի՝ կին են։ Թեկնածուների քչություն է անում Արմավիրի ընտրատարածքներից մեկում՝ ընդամենը մեկ թեկնածու։ Դրա փոխարեն Ավանի ընտրատարածքում թեկնածուների պակաս չկա՝ 19 թեկնածու։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ