Այլեւս հայտնի է, թե քանի մարդ է մեծամասնական ընտրատարածքներում մտնելու պայքարի մեջ։ Երեւանի 25 ընտրատարածքներին բաժին է ընկել 243 թեկնածու։ Ինչպես տեսնում եք, հարաբերակցությունը մոտ է 10/1-ին։ Մյուս 50 ընտրատարածքներում, որոնք բաշխված են ամբողջ Հայաստանով մեկ, առաջադրվել է շուրջ 500 թեկնածու։ Պատկերը, ինչպես տեսնում եք, էլի մոտավորապես նույնն է։
Առաջինն Աղվանն է
Ինչպես սահմանված է օրենքով, թեկնածությունները ներկայացնելու վերջին ժամկետը ապրիլի 5-ի ժամը 12.00-ն է։ Ապրիլի 5-ին Երեւանի մարզային հանձնաժողովում առաջին գործ հանձնողը, իսկ դա մոտավորապես ժամը 9-ին էր, ՀՅԴ քարոզչության պատասխանատու Աղվան Վարդանյանն էր։ Ի դեպ, նա քվեարկվելու է թիվ 2 ընտրատարածքում, որը ընդգրկում է Աջափնյակի մի մասը, եւ, դիտորդների կարծիքով, հաղթելու բացառիկ հնարավորություններ ունի։ Աղվան Վարդանյանի հետ փորձելու են մրցակցել Ձախ Հարութը (Հարություն Փամբուկչյան), որը, չգիտես ինչու, տվյալ դեպքում ներկայացել է իբրեւ «Տրանսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ, Խորեն Թռչունիչը, «Եվրաֆուդի» մի մասնագետ, Հովիկ Թոքմաջյանը, որը անցյալ ընտրություններում մի կերպ դարձավ պատգամավոր շատ ավելի փոքր ընտրատարածքից։ Ավետիք Իշխանյանը, Արմեն Հակոբյանն ու Աղասի Արշակյանն էլ են որոշել քվեարկվել այդ ընտրատարածքում։ Ինչեւիցե, թեժ պայքար է սպասվում։
Կանայք՝ ընդդեմ Արշակի
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ առաջինը ՄԸՀ ներկայացավ դաշնակցական Աղվան Վարդանյանը, այդ օրն ավելի ակտիվ էին ԻՄ ներկայացուցիչները։ ԱԻՄ-ի դիվանի անդամ Անահիտ Կարապետյանը, կուսակցության որոշմամբ, պետք է քվեարկվի թիվ 13 ընտրատարածքում՝ ասել է թե Արշակ Սադոյանի դեմ։ Եվ լսեք, թե ինչու. «Ես որոշել եմ ապացուցել, որ միայն խոսելով չէ։ Արշակ Սադոյանը ԱԺ-ում խոսել է միայն, գործ չի արել։ Ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել»։ Անահիտ Կարապետյանն ասաց նաեւ, թե ուրախացել է, երբ կուսակցությունը որոշել է, որ ինքը պետք է Արշակ Սադոյանի դեմ պայքարի։ Արդյո՞ք սա նման է Գեւորիկին Վահան Հովհաննիսյանի դեմ հանելու նախաձեռնությանը։ Մեր այս հարցադրմանը Անահիտ Կարապետյանը մերժողաբար անդրադարձավ։ Սակայն պարզվեց, որ Արշակի դեմ շատ ավելի ագրեսիվ են տրամադրված կանայք։ Տանք նրա եւս երկու կին մրցակիցների անունները՝ Գայանե Մարկոսյան (ՍԴՀԿ) եւ Իզաբելա Մուրադյան։ Երեք կնոջ դիմաց Արշակի դեմ մրցապայքարի մեջ է մտել ընդամենը երկու տղամարդ։
Գեւորիկի դեմ
Այդպես է վարվել, գոնե մեզ այդպիսի խոստովանություն արեց, «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահ Ժաննա Մանուկյանը՝ ինքն առաջադրվել է թիվ 17 ընտրատարածքում եւ, ըստ էության, պայքար է մղելու Գեւորիկի դեմ։ Ամփոփելուց առաջ ասենք, որ ապրիլի 5-ին Երեւանի ՄԸՀ-ում գրանցվեց շուրջ 25 թեկնածու, իսկ 3 հոգու այդպես էլ մրցապայքարի մեջ մտնելու առիթ չի տրվելու։ Երեքն էլ ԱԻՄ-ից էին, որոնք ուշացել էին։ Գուցե թե սա խորհրդանշական լինի առաջիկա ընտրություններում ընդհանրապես։
Երեւանի ընտրացուցակը
Թիվ 1 ընտրատարածքում կմրցեն Աջափնյակի թաղապետ Պարույր Կարապետյանը, որը «Սեբաստիա» հյուրանոցի տերերից է, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը, նախկինում ռայկոմի քարտուղար Թամարա Ալոյանը եւ ժամանակին Մաշտոցի շրջխորհրդի՝ Վազգեն Մանուկյանի կողմից նշանակված նախագահ Սամվել Գրիգորյանը։
Թիվ 3 ընտրատարածքում կմրցակցեն ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ՝ Լյովիկ (որին ուսանողները թյուրիմացաբար Լեւոն գիտեին) Եզեկյանը՝ «Հզոր հայրենիք» կուսակցությունից՝ որպես ախալքալաքցի եւ Նորիկ Այվազյանը, որը ծնունդով Մալիշկա գյուղից է։ Այս ընտրատարածքում մրցակցության մեջ է մտել 18 թեկնածու։
Թիվ 4 ընտրատարածքում կքվեարկվի նաեւ Գրիգոր Ավագյանը։ 5-ում՝ նաեւ Փայլակ Հայրապետյանը, 6-ում՝ Հայկ Բաբուխանյանը, Մխիկ Արմենը եւ ԱԺՄ-ից՝ Դուստրիկ Մխիթարյանը։ Դավիթաշենն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում կմրցակցեն թաղապետ Ռուբեն Գեւորգյանը, Էդիկ Եգորյանը։ Թիվ 8-ում Թոխմախի Մհերի (Սեդրակյան) մրցակիցը կլինի «Նորք-Մարաշի» թաղապետ Արմենակ Արմենակյանը։ Իսկ մեկ այլ թեկնածու այդ տարածքից, անունը՝ Քրիստափոր Սահակյան, չի աշխատում։
Թիվ 9 ընտրատարածքը բացառիկ է նրանով, որ այստեղ քվեարկվելու է Հրանտ Բագրատյանը՝ «Արաբոյի» Մանվելի (Եղիազարյան) հետ։ 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը մրցակից չունի, չէ, այսինքն ունի՝ 3-ը, հենց այնպես։ Քաղաքի կենտրոնն ընդգրկող 11, 12 եւ 13 ընտրատարածքներում մրցակցելու է շուրջ 30 թեկնածու։ 12-ում ասենք՝ Խաչատուր Սուքիասյանն է, Ալվարդ Պետրոսյանը, 11-ում՝ Խոսրով Հարությունյանի հոգին կհանի Ռուբեն Թորոսյանը։ Այստեղ կքվեարկվեն նաեւ Շավարշ Քոչարյանը, Արարատ Զուրաբյանը, Երեւանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Գրիգոր Ասատրյանը, նախկին սոցապ նախարար Նարինե Բալայանը եւ Կոնդի Վանիկը (Վանուշ Թորոսյան՝ «Դվին» հյուրանոցի գլխավոր տնօրեն)։
Մալաթիա-Սեբաստիայի համայնքի թիվ 16 ընտրատարածքում երեք մրցակից ունի թաղապետ Վահան Զատիկյանը։ Բավականին լավ են նաեւ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) գործերը։ Թիվ 15 ընտրատարածքում հիմնական մրցակցություն կարող է ընթանալ Սերգեյ Երիցյանի եւ Բանգլադեշի «յարմրկայի» սեփականատերերից Սամվել Ավետիսյանի միջեւ։
Հիմա գանք մասիվներին։ Թիվ 17 ընտրատարածք՝ Գեւորիկ, Սոս Գիմիշյան, Միքայել Հայրապետյան, նախկին բանտապետ Ռոմիկ Բալոյան, նախկին իրավաբան Ռաֆիկ Պետրոսյան, Շանթ Հարությունյան՝ եւ Վահան Հովհաննիսյան։ Թիվ 19 ընտրատարածքում քվեարկվում է երկու Գոռ Թովմասյան. մեկն ԱԻՄ-ից է ու չի աշխատում, մյուսն անհայտ է, սակայն, հավանաբար, նախորդ ԳԽ պատգամավորի մասին է խոսքը։ Ալեքսան Հակոբյանը թիվ 20 ընտրատարածքում կմրցի Ղռերի Ավոյի հետ, 21-ում Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ-ից Ալեքսանդր Բուտաեւը, ըստ որոշ լուրերի, նաեւ թաղապետ Մարտին Սարգսյանը եւ Անժելա Բակունցը կմրցակցեն։ 23 ընտրատարածքում կքվեարկվի «Ուխտի» Ռաֆիկ Յամբարձումեանը։ Նրա մրցակիցն է Կարամելի Հարութը (Հարություն Ղարագյոզյան)։ ՀԺԿ-ն այդ ընտրատարածքում ներկայացել է Մարտին Շարբաթյանով՝ ազգանունից քաղցրություն է ծորում։ Թիվ 24-ում կմրցակցեն ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, Խանութի Մանուկը (Գասպարյան)՝ հիմա ՀԺԿ-ից, ժամանակին՝ ԳիԱրՔՄի-ից եւ Էդվարդ Սանդոյանի եղբայրը՝ «Լենդբանկի» նախագահը։ 25 ընտրատարածքում իրար հետ կմրցակցեն երկու հնչակ՝ Էռնեստ Սողոմոնյանն ու Ջորջ Հակոբյանը։ Այստեղ է նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, սակայն այստեղի փողատերը «Հայնավթամթերք» ձեռնարկության տնօրեն Վահագն Գրիգորյանն է։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ