Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԸ

Ապրիլ 06,1999 00:00
Aram Abrahamyan

Քաղաքացիական հասարակարգում զինվորականները քաղաքականությանը չեն խառնվում: Մենք այդպիսի հասարակարգ չենք եւ, ինչպես ասում են, անցումային փուլում ենք: Իսկ այդ փուլում զինվորականների դերը օբյեկտիվորեն մեծ է՝ մանավանդ, երբ հարեւան երկրի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ ես:

Ցավը, սակայն, այն է, որ մեր զինվորականներն առայժմ չեն պայմանավորվել եւ ժողովրդին չեն ասել, թե ով, որ չափով եւ որքան ժամանակ է խառնվելու քաղաքականությանը, մասնավորապես՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

Հայաստանի դեպքում պարզվում է, որ մեր սեփական ուժայինները՝ իրենց հորինած երկրներով եւ փչովի դաշինքներով հերիք չեն: ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը նույնպես որոշեց ակտիվորեն միջամտել Հայաստանի քաղաքականությանն ու նախընտրական պայքարին՝ բացահայտորեն հովանավորելով «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը: Ընդ որում, խաղի մեջ մտնելու պրն Բաբայանի հիմնավորումները բավականաչափ գեղեցիկ են հնչում. հզոր եւ իրավական պետություն, ժողովրդավարություն, տնտեսության զարգացում: Հավանաբար, պրն Բաբայանը համոզված է, որ իր կրթական եւ մտավոր մակարդակով նա հենց այն Սպինոզան է կամ Թոմաս Ջեֆերսոնը, որը կոչված է Հայաստան ներմուծել այդ բարձր արժեքները:

Սակայն դառնանք հենց իրավական խնդրին: Երկուսից մեկը. կամ ԼՂՀ-ն առանձին պետություն է, կամ էլ Հայաստանի անբաժանելի մասը: Եթե առանձին պետություն է եւ այդ պետության պաշտպանության նախարարի՝ Հայաստանի քաղաքականությանը եւ ընտրապայքարին խառնվելը բնականոն երեւույթ է, ապա, ասենք, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները նույնպես մի օր կարող են որոշել, որ մենք բավականաչափ ժողովրդավար երկիր չենք կամ որ մեր տնտեսությունը զարգանում է սխալ ուղղությամբ: Ինչ է, նրանք է՞լ են կարող Հայաստանում կուսակցություններ հովանավորել եւ իրենց գումարներով մասնակցել մեր խորհրդարանական ընտրություններին:

Բայց ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Մանավանդ, եթե հիշենք, որ պրն Բաբայանի հովանավորությունը վայելող կուսակցությունը 89-ի դեկտեմբերի 1-ի որոշման ակտիվ կողմնակիցներից է, ըստ որի ոչ մի ԼՂՀ գոյություն չունի, եւ մենք վաղուց արդեն միասնական պետություն ենք: Այդ դեպքում ստացվում է, որ Սամվել Բաբայանը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորադասը լինելով, հովանավորում է իր սեփական դաշինքը՝ ընդդեմ Դեմիրճյան-Սարգսյան «Միասնություն» իշխանամետ դաշինքի: Այդ տրամաբանությամբ իրենց նախընտրական բլոկը կարող են ստեղծել, ասենք, Վահան Շիրխանյանը կամ Աստվածատուր Պետրոսյանը: Որ տարբերակն է ավելի անհեթեթ՝ դժվարանում եմ ասել: Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու, եթե գեներալների շահերը լրջորեն բախվեն այս կամ այն ընտրատարածքում: Կասկած չկա, որ մեր քաջարի ուժայինները, Սամվել Բաբայանն այդ թվում, լավն են ուզում: Պետությա՛ն լավը: Բայց իրականում նրանք պետության հետ ուրիշ բան են անում՝ չգիտակցելով, որ առանց պաշտոնյաների կարծր սուբորդինացիայի եւ հրամանների ու օրենքների անվերապահ կատարման չի լինի ոչ միայն հզոր պետություն, որն ի վիճակի է թիկունք կանգնել Արցախին, այլեւ չի լինի պետություն ընդհանրապես:

Եթե յուրաքանչյուր գեներալ /նկատի ունեմ նաեւ քաղաքացիական գեներալներին/, իր վրա վերմակը քաշելով, կարող է իր նախընտրական թայֆան ստեղծել, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել ցանկացած գնդապետ, մայոր կամ լեյտենանտ: Մեզանում ամեն ինչ գլխիվայր է շուռ տված. յուրաքանչյուր խմբապետ վայելում է կատարյալ ազատություն եւ ցանկանում է խցկվել քաղաքականություն, իսկ քաղաքացիները կաշկանդված են խմբապետների սապոգներով: Մինչդեռ պետք է հակառակը լինի. ազատ լինեն քաղաքացիները, իսկ իշխանավորները, պաշտոնյաները, մանավանդ զինվորականները կաշկանդվեն օրենքներով եւ երդմամբ: Այլ կերպ ոչինչ չի ստացվի։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930