Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ»

Ապրիլ 03,1999 00:00
xzmalyan

Ասում է կինոռեժիսոր, «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը

-Որքան հայտնի է, չնայած ձեր ստուդիայի ունեցած խնդիրներին, այսօր նա ակտիվ ստեղծագործական կյանք է ապրում։

– Ստուդիան այս տարի նշելու է իր ստեղծման 30-ամյակը։ 1969 թվին «Երեւան» ստուդիան դարձավ առանձին կինոմիավորում։ Ոմանք ասում են՝ դա կատարվել է 70 թվին, բայց 69-ն ավելի ճիշտ է, մանավանդ որ այդ թվերին Փելեշյանը նկարահանեց «Մենք» ֆիլմը, որը մեր ազգային էսթետիկայում կանխորոշեց շատ բաներ։ Եվ «մենք» բառը, որը ես հիմա օգտագործում եմ մեր «Մենք» հաղորդաշարում, Փելեշյանի գաղափարն է, որը ձեւակերպվեց հետ վաթսունականներին։ Ես սիրահարված եմ 60-ականներին։ Իդեալական ժամանակներ էին, երբ մենք՝ հայերս ունեինք քաղաքակրթություն, երբ մեր քաղաքում ապրում, աշխատում էին մեր իրական հերոսները։ 70-ականներին այդ հերոսները մահացան, աքսորվեցին-անհետացան… Ինձ համար կարեւոր է 69 թիվը, եւ մեր ստուդիան հենց այդտեղից է, մենք այդտեղից ենք։ Ստուդիան այս պահին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է նկարահանում, առաջին նկարահանումներն են նախապատրաստվում։ Մոսկվայից կինոժապավեն ենք բերել. մաքսատան աշխատողները զարմացել-ուրախացել էին՝ «Չլինի՞ կինո եք նկարահանում…»։ Ֆիլմը նվիրված է 60-ական թվականներին, թեեւ հիմնական գործողությունները կատարվում են 90-ականներին։ Կարեւորն այն է, որ մենք ֆիլմ ենք նկարահանում, եւ «Երեւան» ստուդիան այս առումով՝ կենդանի է։

Իսկ անցյալ տարի մենք նկարահանեցինք 20 տեսահոլովակներ՝ «Մենք» խորագրով։ Անցյալ տարի մենք պետությանը հանձնել ենք 3 տեսաֆիլմ եւ 3 ժապավենով ֆիլմ։ Դրանցից 2 ժապավենով ֆիլմերը՝ «Մատենադարան». 19-20-րդ սերիաները, դեռ ավարտված չեն, չենք կարողանում տպել։ Տեսաֆիլմերից մեկը՝ «Արքայի մահը», որ երկու անգամ ցուցադրվեց ՀԱՀ-ով, նույնպես վճարված չեն բեմադրավարձերը եւ մնացած ծախսերը։ Այսինքն՝ մենք պետությանը որպես վարկ ենք հանձնել. մոտ 10.000 դոլար պետությունը մեզ պարտք է։ Մեր բյուջեն շատ փոքր է։ Ստուդիան պետական փակ բաժնետիրական ընկերություն է։ Դա շատ տարօրինակ կարգավիճակ է, երբ ուզում ենք գրանտ ստանալ մասնավոր կազմակերպություններից, ասում են՝ դուք պետական ստուդիա եք, իսկ երբ պետությունից ուզում ես ստուդիային հատկացված բյուջեն ստանալ, պարզվում է, որ կան ստուդիայից ավելի կարեւոր բաներ, ու մենք գումար չենք ստանում։ Այդ խնդիրների մասին չեմ ուզում խոսել. պետությունը բարդ վիճակում է, եւ մենք ինքներս պետք է այդ հարցը լուծենք։

– «Երեւան» ստուդիան բավականաչափ արխիվ ունի. ի՞նչ վիճակում է այն եւ, առհասարակ, մեր կինոարխիվները։

– «Երեւան» ստուդիան միակ ստուդիան է, որն ունի ֆանտաստիկ արխիվ՝ 600 ֆիլմ։ Դա Ազգային հարստություն է, որը հավասար է եթե ոչ Մատենադարանին, ապա՝ Ազգային գրադարանին։ 20-րդ դարը (նյութերը) մեզ մոտ կատալոգի ենթարկված, համարակալված է։ Այժմ ես զբաղվում եմ դրսում մեր արխիվների ներկայացմամբ։ Ինձ վերջերս հրավիրեցին Փարիզ՝ «Կարմիր արխիվներ-99» կոնֆերանսին (շուկայի պես մի բան էր) մասնակցելու, որտեղ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի խոշոր ֆիրմաները ձեռք են գցում սովետական եւ հետսովետական արխիվային նյութերին։ Արխիվներ կան նաեւ մեր մյուս ստուդիաներում եւ պետարխիվում, բայց իմ տեղեկություններով դրանք անմխիթար վիճակում են այսօր։ Մենք մեր աշխատակիցների սխրանքի շնորհիվ կարգավորեցինք, պահպանեցինք մեր ստուդիայի արխիվը։ Մեծ խնդիր կա. արխիվը ժապավենների վրա է, եւ ժապավենը ժամանակի ընթացքում խամրում-փչանում է։ Իմ առաջին նպատակն է՝ կինոժապավենը փոխանցել տեսաժապավենի վրա, եւ ես դա կամաց-կամաց անում եմ։ Դրանք անգին նյութեր են։ Հարկավոր են շատ քիչ ներդրումներ, որպեսզի ազգային այդ կարեւոր ծրագիրն իրականացնենք։

– Ըստ իմ տեղեկությունների, որոշ ստուդիաներ տարբեր հեռուստաընկերությունների (դրսի եւ ներսի) չնչին գումարներով վաճառում են արխիվային այդ նյութերը։

– Մի քանի տարի շարունակ այդ ֆիլմերի պատճենները ոչ թե վաճառվում, այլ ուղղակի գողացվում էր ու 20-30 դոլարով տարվում Բեյրութ, Լոս Անջելես եւ այլ երկրներ։ Բնագրերը հիմնականում մնում էին, բայց եթե ֆիլմը որակով արտագրվում է տեսաերիզի վրա, արդեն համարյա անհնար է դառնում հեղինակային իրավունքի պահպանումը։ Իսկ պայմանագրեր մենք կնքում ենք։ «Ինտերնյուզ» կազմակերպությունն էլ հետաքրքիր տարբերակ առաջարկեց. մենք կես տարով մի քանի ֆիլմ տվեցինք իրենց ցուցադրելու համար եւ հոնորարի մեծ մասը վերցրինք տեսաերիզների տեսքով եւ մեր արխիվային 25-30 ֆիլմ արտագրեցինք նրանց տված գումարով գնված շատ թանկ՝ 90 րոպեանոց ժամանակակից տեսաերիզների վրա, որից յուրաքանչյուրը արժե 37.000 դրամ։ Նման գործարքների շնորհիվ, մենք միաժամանակ պահպանում ենք կինոարխիվի նյութերը։ Փորձում ենք մեր նյութերը առաջարկել նաեւ արեւմտյան ընկերություններին. հետաքրքրություն կա, բայց մենք շատ զգույշ ենք գործում, որովհետեւ սա պետական ունեցվածք է եւ, բացի այդ, մենք տեխնիկապես դեռ այնքան զինված չենք, որ առաջարկենք իրենց անհրաժեշտ մակարդակով։ Սա պետական ծրագիր է եւ շատ ափսոս, որ մեր ստուդիան այդ խնդիրը պարտիզանական միջոցներով է փորձում լուծել։

– Վերադառնանք հայ կինոգործիչների պահանջած արտահերթ համագումարին, որի նախաձեռնողներից էիր նաեւ դու։ Որքան հայտնի է, համագումարի միտքը ծագեց Հայաստանի կինոգործիչների միության կինոդահլիճը 15 տարով «Ատտա» ընկերությանը տալու քայլից։

– Կինոմիությունը վերջին ժամանակներս արհմիության դեր էր կատարում եւ սա շատերի կարծիքն է։ Միությունը հիմնականում յուղ ու բրինձ է բաժանում եւ մահախոսականներ ստորագրում։ Տարիներ շարունակ ու մինչեւ հիմա, իհարկե, այդ յուղն ու բրինձը, 1 կգ շաքարն ու լոբին մեր շատ ավագ գործընկերներին իսկապես օգնում էր գոյատեւել։ Եվ դա անգնահատելի է։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Ճիշտ է, դարձյալ գումար չկա, բայց գործելու հնարավորություն կա։ Ինքնամեկուսացմամբ մենք ոչնչի չենք հասնի։ Նոր հնարավորությունների դաշտ է ստեղծվել, որը մարտահրավեր է։ Նոր մոտեցումներ են պետք։ Արտահերթ համագումարի դրդապատճառն այն լուրն էր (որի մասին շատերը տեղեկացան հենց քո հոդվածից), որ կինոմիության շենքը 15 տարով վարձով տրվում է մասնավոր մի կազմակերպության։ Փաստորեն, կինոմիության շենքում, բացի միության նախագահի սենյակից եւ ընդունարանից, ամեն ինչ տրվում էր մասնավոր ֆիրմաներին, ռեստորաններին ու սրճարաններին, բիլիարդանոցներին… Եվ այն տպավորությունն էր, որ կինոմիության անդամներն օտարացված են իրենց հարազատ օջախից։ Որպես խորհրդանիշ մնում էր միայն միության կինոդահլիճը, որը նույնպես չէր գործում։

Միության վարչական խորհրդում մի հանդիպման ժամանակ կարծիք հնչեց, թե կինոարտադրության պրոբլեմները Կինեմատոգրաֆիստների միության պրոբլեմները չեն։ Բայց միայն կինոարտադրության խնդիրը չէ, այլ կինոմթնոլորտի խնդիր է։ Կա ավելի լուրջ խնդիր. երիտասարդությունը, նոր սերունդը օտարացված է եւ ավելի վատ վիճակում է, քան մենք։ Ես 36 տարեկան լինելով, կինոմիության ամենաերիտասարդ անդամն եմ։ Դա խայտառակություն է։ Միությունից ինձ հարց են տալիս՝ իսկ ո՞վ կա, ի՞նչ չափանիշներով ընդունենք նորերին։ Եթե միությունում չգիտեն՝ դա ե՛ւ իրենց, ե՛ւ մեր ողբերգությունն է։ Եվ դա անմեղ բացթողում չէ։ Ես շուրջ 3-4 ամիս հանդիպում եմ երիտասարդ կինոգործիչների հետ, վերջերս ստեղծվեց «Երիտասարդ կինոգործիչների ասոցիացիա»։ Այդ երիտասարդ ուժերը կան, բայց օտարացված են։ Մենք գոնե հասցրինք 1-2 կարճամետրաժ ֆիլմ նկարել, ինչը նույնպես քիչ է։ Եվ դրանում միայն պետությունը չէ մեղավոր։ Հիմա ծրագիր ունենք եւ, փառք Աստծո, միության վարչությունը համաձայնեց համագումար հրավիրելուն։ Չեն հավանում «արտահերթ» համագումարի գաղափարը եւ մենք հանեցինք «արտահերթ» բառը։ Բայց պնդում ենք, որ համագումարը շուտ լինի։

– Որքա՞ն ստորագրություն է հավաքվել արտահերթ համագումար հրավիրելու պահանջով։

– Մենք հավաքեցինք 60 ստորագրություն (1/3-ը)։ Վարչությունը հանդիպեց համագումար պահանջող նախաձեռնող խմբի հետ, որի ժամանակ Սերգեյ Իսրայելյանն ընթերցեց «Ատտա» ընկերության նամակը, ըստ որի կինոմիության դահլիճի եւ մյուս տարածքների վարձակալության մասին տխրահռչակ պայմանագիրը չեղյալ համարվեց ընկերության ղեկավարության կողմից։ Նամակի վերջում կինոմիությունը մեղադրվում էր ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի մեջ։ Մենք չէինք պահանջում պայմանագիրը չեղյալ համարել, այլ պահանջում էինք այդ պայմանագիրը կամ այլ առաջարկները բացեիբաց քննարկել ընդունելուց առաջ։ Մեզ ասվեց, որ կոնկուրենցիայից խուսափելու համար այդ պայմանագիրը կոնֆիդենցիալ պետք է լինի։ Բայց որտե՞ղ են այդ մրցակիցները՝ չհասկացվեց, մինչ օրս ոչ մի մրցակից չհայտնվեց։ Մենք դեմ չենք կինոդահլիճը «դոլբի» համակարգով կահավորելուն, պարզապես դա պետք է ծառայի միությանը եւ ոչ թե մասնավոր ընկերությանը։ Եվ մենք ինքներս պետք է նման կոմերցիոն գործարքներ նախաձեռնենք։ Մենք հստակ ծրագիր ունենք արդեն, որը պահանջում է որոշակի փոփոխություններ միության կանոնադրության մեջ։ Ասեմ նաեւ, պարզվեց, որ միության կանոնադրությունը հաստատված չէ, եւ հիմա միությունը գործում է 92 թվի կանոնադրությամբ։ Ասացին՝ հաստատելու համար համագումար պետք է լինի։ Ասացինք՝ շատ լավ, եկեք հրավիրենք։

– Որքան հայտնի է, հիմա միության ղեկավարությունը փորձում է հետ համոզել համագումարի համար ստորագրողներին։

– Այո՛, եւ ասում են՝ միության շենքի հարցը լուծվեց, էլ ինչո՞ւ համագումար անենք։ Խնդիրը միայն կինոյի տան շենքը չէր, եւ, բացի այդ, ոչ թե միությունը, այլ «Ատտան» հրաժարվեց։ Միության վարչությունը դարձյալ պնդում էր, որ դա շատ հաջող գործարք էր։ Մեզ թույլ չտվեցին պատճենահանել պայմանագիրը, միայն ընթերցեցինք եւ մի քանի կարեւոր կետեր արտագրեցինք։ Այն ավելի շատ միակողմանի էր՝ հօգուտ «Ատտայի»։ Պայմանագիրն անթույլատրելի թույլ էր եւ, իմ կարծիքով, ստորացուցիչ՝ միության համար։ Նման հարցերը պետք է բաց քննարկվեն, որովհետեւ 15 տարի՝ նշանակում է առնվազն 2 սերունդ կինոյում։ Մենք արդեն 2 սերունդ կորցրել ենք, ե՞ւս 2 սերունդ կորցնենք։ Միգուցե ես սխալվում եմ, բայց պայմանագիրը պետք է լայնորեն քննարկվեր։ Բոլոր առաջարկություններից պետք է լավագույն այլընտրանքայինն ընտրել։

Հարցազրույցը վարեց

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Հ. Գ. Կինեմատոգրաֆիստների միության վարչությունը պնդում է, որ համագումարը 2 ամիս հետո հրավիրվի, սակայն, ըստ միության գործող կանոնադրության, 1/3 ձայների պահանջի դեպքում համագումարը պետք է հրավիրվի 2 շաբաթից։ Երկու շաբաթն արդեն անցել է։ Դժվար չէ ենթադրել՝ ինչու է Սերգեյ Իսրայելյանը պահանջում, որ համագումարն անցկացվի խորհրդարանական ընտրություններից հետո։ Պրն Իսրայելյանն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եւ ՀԺԿ-Հանրապետական ցուցակների գորդյան հանգույցի ՀԺԿ-ի թեւից է առաջադրվել։ Ակնհայտ են նրա հույսերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930