Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի կողմից ծավալած պատերազմին նվիրված տարբեր «տրամաչափի» հրապարակումների շարքում քիչ չեն այնպիսիները, որոնցում «Եվրոպայի» (ՆԱՏՕ-ի գործողություններում անմիջականորեն ներգրավված եվրոպական երկրների) դիրքորոշումը գնահատվում է որպես «կույր», «կարճատես», անգամ՝ «ցնորամիտ»։
Նման որակումներն արդարացված լինելով որոշ երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության հրամայականների տեսանկյունից, այնուամենայնիվ, «Եվրոպայի» իրական դիրքորոշման գնահատման խնդրում՝ գուցեեւ միանշանակ արդարացի չեն։ Դրանք սովորաբար հիմնվում են այն կանխավարկածին, թե արեւմտաեվրոպական երկրները «կուրորեն տրվել են» ԱՄՆ ուժային քաղաքականության հոսանքին, հաշվի չառնելով հնարավոր, իրենց իսկ համար «ճակատագրական» հետեւանքները։ Մինչդեռ, ամենեւին բացառված չէ, որ «Եվրոպայի» մասնակցությունը արդյունք է բավականին նուրբ հաշվարկի, որը ելնում է նրանցից յուրաքանչյուրի կողմից սեփական շահերի ճշգրիտ հաշվարկից։ Փորձենք հիմնավորել այս ենթադրությունը։
Հարավսլավական ճգնաժամի նախաձեռնողի՝ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին, թերեւս, հարկ չկա երկար խոսել, վերջինս, ի տարբերություն եվրոպականի, բավականին պարզունակ է։ Գործը տանելով Ծոցի պատերազմների հունով, ամերիկացիները ձգտում են ցուցադրել իրենց բացարձակ գերակայությունը ոչ միայն «կենսական շահերի» մարգինալ գոտիներում, այլեւ բուն Եվրոպայում։ Վաշինգթոնի նման գործելակերպն արդեն նորույթ չէ։ Վերջին տարիներս այն իմաստավորվեց նախեւառաջ ավանդական «հակակշռի»՝ Ռուսաստանի (այս ասպարեզում ԽՍՀՄ իրավահաջորդի) ներկայիս անմխիթար վիճակով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ նկատելի դարձավ եվրոպական զարգացած երկրների ձգտումը՝ աշխարհաքաղաքական նոր պայմաններում ունենալ «սեփական խաղի» հնարավորությունը։
Եթե առաջին խնդրում ԱՄՆ-ը կարող է առնվազն 5-7 տարի համեմատաբար անհոգ լինել, ապա նրա անհանգստությունը երկրորդի կապակցությամբ այսօր արդեն հիմնավորված է։ Եթե նկատի ունենանք ԵՄ-ԱՄՆ հակադրության շրջանակների ընդլայնման եւ խորացման հանգամանքը, ապա կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն մնացել է որպես գրեթե միակ օղակը, որտեղ ԱՄՆ-ը դեռ պահպանել է միանշանակ գերակայություն։
Կարդացեք նաև
Հետեւաբար, տրամաբանական պետք է համարել Վաշինգթոնի ձգտումը՝ հենց ՆԱՏՕ-ի միջոցով ներազդել եվրոպական գործընթացների վրա, այս կազմակերպության միջոցով հակադրվել միջազգային հանրությանը, նրա հետպատերազմյան արժեքային համակարգին, «շուրջանակի պատասխանատվությամբ» կապակցել դաշնակիցներին ամերիկյան արդի քաղաքական կուրսի հետ։
Միամտություն կլիներ կարծել, որ Եվրոպայի «ուշադրությունից վրիպել» է զարգացումների նման ընթացքի հնարավորությունը։ Ավելին, «Անապատի աղվես»-ի փաստացի բոյկոտը՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների ճնշող մեծամասնության կողմից արդեն իսկ ցուցադրեց հիշյալ կազմակերպության ներսում ոչ միանշանակ իրավիճակի առկայությունը։ Ըստ էության, արտաքուստ միասնության պայմաններում՝ գրեթե նույնը տեղի է ունենում նաեւ այսօր։ Բախմանն առարկայորեն մասնակցում են միայն ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության զինուժը, ԳԴՀ մասնակցությունը մինիմալ է, իսկ մնացած դաշնակիցները կամ ուժեր տրամադրելով հանդերձ, փաստորեն, դիտորդի դիրք են գրավել (Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա եւ այլք), կամ էլ, դիմակայելով ԱՄՆ ճնշմանը՝ առհասարակ հրաժարվել են գործողություններին մասնակցելուց (Հունաստան, Իտալիա)։ Կարելի է համոզված լինել, որ ռազմական գործողությունների տեղափոխումը «երկնքից-երկիր» (ինչի մասին խոսում են արդեն ՆԱՏՕ-ի բոլոր ատյաններում) եւ դրա արդյունքում՝ նյութական ու մարդկային կորուստների անխուսափելի, որակական աճը, ավելի եւս կսրի պատերազմի նկատմամբ հակասական դիրքորոշումները բլոկի ներսում։
Իսկ արդյոք սա չէ՞ ՆԱՏՕ-ի որոշ անդամների նպատակը։ Հիշենք, որ դաշինքում հատուկ կարգավիճակ ունեցող Ֆրանսիան դեռեւս մի քանի տարի առաջ հանդես էր եկել «Միջերկրական ՆԱՏՕ»-ի կազմավորման գաղափարով, որը թելադրված էր այս ավազանով Ֆրանսիայի ավանդական շահագրգռվածությամբ եւ դաշինքի նոր ենթաօղակում առաջատար դիրք գրավելու ձգտմամբ։ Սակայն, ինչպես այս գաղափարը, այնպես էլ Ֆրանսիայի մի շարք քայլերը՝ ակտիվորեն ներքաշվել Միջերկրականի, մասնավորապես՝ Լեւանտի «տաք» քաղաքական գործընթացներում, հետեւողականորեն կասեցվեցին ԱՄՆ-ի կողմից, որն իրավացիորեն գնահատեց դրանք որպես ՆԱՏՕ-ում եւ նշված տարածաշրջանում սեփական դիրքերի թուլացմանը միտված հավակնություններ։ Այդուհանդերձ, դժվար է ենթադրել, թե Ֆրանսիան ընդմիշտ հրաժարվել է իր այս ծրագրերից։ Եվ նոր Բալկանյան ճգնաժամի արդյունքում ՆԱՏՕ-ի կառույցի հնարավոր թուլացումը գուցեեւ կարող է ճանապարհ հարթել նրա վաղեմի ծրագրերի իրագործման համար։
Ամերիկյան «դիկտատից», մեղմ ասած՝ գոհ չէ նաեւ միացյալ Գերմանիան, Վարշավյան ուխտի փլուզումից հետո ձեւավորվող Նոր Եվրոպայի մյուս, թերեւս կարեւորագույն «բեւեռը»։ Երկրի սրընթաց զարգացման ճանապարհին առկա «հետպատերազմյան արգելքները» զգալիորեն նեղացնում են նրա «խաղադաշտը» անգամ տնտեսության որոշակի բնագավառներում։ Այս առումով, դաշինքի շրջանակներում ԱՄՆ դերի որոշակի սահմանափակումը՝ ինքնաբերաբար կամրացնի նրանում ԳԴՀ դիրքերը, կնպաստի նրա տնտեսական եւ ռազմաքաղաքական պոտենցիալների ներդաշնակեցմանը։ Ինչ վերաբերում է գերմանական օդուժի մասնակցությանը մարտական գործողություններին, ապա ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային պարտականությունների կատարումից բացի, այն, թերեւս, ունի նաեւ «ներեվրոպական» ուղղվածություն։ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ «սեփական մայրցամաքում» բախման մասնակցելով, Եվրոպայի տնտեսապես ամենահզոր երկիրը գուցեեւ ձգտում է ցուցադրել իր հավակնությունները՝ առաջատար դիրքեր գրավել նաեւ տարածաշրջանի ռազմական կառույցներում։ Այս հնարավորությունը Գերմանիան մինչեւ Կոսովյան ճգնաժամը չի ունեցել, սահմանափակված լինելով «մեղավորի» հիսնամյա ստերեոտիպով։
ԱՄՆ քաղաքականության նկատմամբ որոշակի պրետենզիաներ ունեն նաեւ եվրոպական որոշ այլ երկրներ։ Եվ, փաստորեն, ամերիկացիների վարկաբեկումը անարդար պատերազմի արդյունքում (այն էլ՝ եվրոպական պատերազմի), դառնում է կարծես «շահութաբեր»՝ համաեվրոպական մասշտաբով։ Իսկ վարկաբեկման սլաքը, եվրոպացիների կողմից պատերազմական գործողությունների նկատելի սաբոտաժի պայմաններում, հասարակական կարծիքն արդեն իսկ ուղղել է գերազանցապես ԱՄՆ-ի վրա։
Վերը ներկայացված նկատառումներից բացի, ներկայիս ՆԱՏՕ-ի կառույցում առկա են նաեւ այլ գործոններ, որոնք կարող են նպաստել կազմակերպության թուլացմանը։ Ի տարբերություն սառը պատերազմյան ժամանակաշրջանի, ՆԱՏՕ-ի դեպի Արեւելք ընդլայնումից հետո որոշակիորեն խաթարվել է միության անդամ-երկրների տնտեսա-մշակութային, սոցիալական միատարրությունը, հանգամանք, որը կարող է բացասական դրսեւորումներ գտնել նաեւ ռազմական ասպարեզում։ Այս եւ որոշ էթնիկ ու հոգեբանական բնույթի գործոններից բխող տեսական հնարավոր մոդելները դեռեւս մի քանի տարի առաջ արծարծվում էին ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցների ու հակառակորդների կողմից։ Պատահական չէ, որ ռուսական որոշ քաղաքագետներ առաջարկում էին չխոչընդոտել Ալյանսի ընդլայնմանը, քանի որ այդ գործընթացն ի վերջո կհանգեցնի նրա համակարգի թուլացմանը։
Այսպիսով, պետք է ենթադրել, որ «հոբելյանական պատերազմը» (ծավալված դաշինքի 50-ամյակի նախաշեմին) որոշակիորեն կներազդի ՆԱՏՕ-ի ողջ կառույցի վրա եւ հազիվ թե վերափոխումները լինեն հօգուտ վերջինիս։ Առավել եւս, այն պարագայում, երբ բլոկում որոշակիորեն խաթարվում է լիդերի՝ ԱՄՆ-ի մինչեւ այժմ անսասան հեղինակությունը։ Բացի այդ, այսօր արդեն կարելի է ասել, որ պատերազմով խթանված էթնիկ տեղաշարժերի (ալբանացի փախստականներ) եւ միջէթնիկ հարաբերությունների անխուսափելի սրման պարագաներում (սերբական եւ ալբանական բնակչություն հարակից երկրներում) սպասելի են նշանակալի, ընդ որում՝ երկարաժամկետ, ապակայունացման միտումներ ինչպես բախման շրջանին հարակից Բալկանյան երկրներում, այնպես էլ որոշ արեւմտաեվրոպական պետություններում։ Նման զարգացումները կարող են ապակառուցողական ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ համաեվրոպական ինստիտուտների վրա։ Այս համատեքստում՝ եւս մեկ նկատառում։
Ծոցում ՆԱՏՕ-ի ծավալած պատերազմի համար, ի վերջո, «վճարեց» Իրաքը, նրա «արժեքը» գանձվեց Սադամից՝ պատժամիջոցների շրջանակներում։ Սակայն, Կոսովյան ճգնաժամի «արժեքը», անկախ վերջինիս արդյունքներից, արդեն վճարելու է Եվրոպան։ Եվ հազիվ թե անցած երկու աշխարհամարտերի տնտեսական հայտնի արդյունքների կրկնման հնարավորությունը՝ ամերիկյան տնտեսական համակարգի զարգացումը՝ ի հաշիվ եվրոպականի, նպաստի եվրո-ամերիկյան կապերի հարաճուն ջերմացմանը։
Կոնֆլիկտում իրապես շահողի դերում, թերեւս, կհայտնվի Ռուսաստանը, որն այսօր հնարավորություն է ստացել ներքին քաղաքական ուժերի միավորման՝ «ընդդեմ արտաքին վտանգի»։ Բացի այդ, ՌԴ-ն Երկրորդ աշխարհամարտից մոտ հիսուն տարի անց հնարավորություն է ստանում վերականգնելու սեփական ազդեցությունը Բալկանյան թերակղզում։
Մ. ԶԱՐԴԱՐՅԱՆ