Երկրաշարժի 10-ամյակն էլ անցավ։ Հիշեցինք տարերային աղետի զոհ դարձած անմեղ մարդկանց, խոստումներ լսեցինք աջուձախ, թե հրես աղետյալների հարցերին վերջ կտրվեն, թե շատ քիչ մնաց դոմիկ կոչված բնակարաններում բնակվելու։
Տարերային եղավ, սակայն, ոչ միայն աղետը։ Տարերային եղան մարդասիրության դրսեւորումները, գութը, սերն առ մերձավորը։
Փլված շենքի, սեփական բնակարանի (1 շենք, 45 բնակարան) հիշողությունը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս Ռոզա Սարգսյանի ընտանիքին։ Վերքը վերք մնաց եւ չէր սպիանում։
Ռոզա Սարգսյանի գերդաստանը 13 մահ տեսավ, 13 հուղարկավորություն։
Կարդացեք նաև
Երկրաշարժից հետո իր վեց հոգանոց ընտանիքով (աղջկա եւ տղայի 4 անչափահաս երեխաներով) տեղափոխվեցին… մայրաքաղաք՝ «Նաիրի» հյուրանոց։ Ավտոմեքենայի վարորդը (որով տեղափոխվել էին իրենք) առաջարկեց, թե Արարատյան զանգվածի 12 շենքի 21 բնակարանը թափուր է եւ կարելի է զբաղեցնել։ Սարգսյան ընտանիքը, որ ժամանակավոր տեղափոխվել էր «Նաիրի» հյուրանոցի մեկսենյականոցը, բնականաբար, պիտի համաձայնվեր, քանի որ որոշ իրեր, գույքը, երեխաների անկողինն ու դաշնամուրը հնարավոր կլիներ տեղավորել թափուր բնակարանում եւ որ Արարատյան զանգվածի վերոնշյալ վթարային շենքում տեղավորվել էին նաեւ այլ փախստականներ, աղետյալներ։ Նրանք մեծ դժվարությամբ, սեփական միջոցներով (ընտանիքում տղամարդ չկա) կարգի գցեցին Արարատյան զանգվածի վերոնշյալ բնակարանը, հոգու խորքում, իհարկե, պահպանելով այն հույսը, թե Գյումրի կվերադառնան։
Հինգ տարի ապրեցին այնտեղ։ Բայց կար մի ծանր իրողություն։ Ռոզա Սարգսյանի երկու թոռնիկների՝ Կարենի եւ Մարինեի առողջությունը տեղի էր տալիս՝ ուղեկցվելով հաճախակի ուշագնացությամբ (մանկապարտեզից երեխաներին, փրկելու նպատակով, ներքեւ էին գցել։ Նրանք ընկել էին գլխի վրա)։ Ռոզա Սարգսյանը ստիպված էր նրանց տանել Աղի հանքի հիվանդանոց, որոշ ժամանակ լինելով թոռնիկների կողքին (աղջիկն իր երկու երեխաներով հյուրընկալվում է Էջմիածնի ազգականների տանը)։
Ահա այդ ժամանակ էլ, նրանց բացակայությունից օգտվելով, 1992 թ. մարտին դիմացի շենքում ապրող «հարեւաններից» Արեգ Օրդյանը, ջարդելով աղետյալների երկաթե դուռը՝ մտնում է տուն, այնտեղ տեղափոխելով իր գույքը։ Պատկերացրեք խեղճ կնոջը, երբ թոռնիկների հետ միասին հիվանդանոցից վերադառնում են իրենց ժամանակավոր բնակարանը եւ…
-Ներս չմտնե՛ս, կխփե՛մ։ Դու գնա քո Լենինականը։
Ռոզա Սարգսյանն այդ մասին հայտնում է Շահումյանի շրջանի ՆԳ բաժին։ Նրանք էլ գալիս են «դեպքի վայր», Օրդյանին տանում բաժին։
Սակայն ոչ բնակարանն է ազատվել մինչ օրս, ոչ Սարգսյաններին տրվել իրենց պատկանող գույքը։
Գործը հասնում է վտարման պահանջի։ Շրջանի դատախազութունը 03.06.92-ին որոշում է քաղաքացի Ա. Օրդյանին իր ընտանիքի անդամների հետ վտարել Արարատյան 1-ին զանգվածի թիվ 12/21 բնակարանից, սակայն, ինչպես Արդարադատության նախարարության դատական մարմինների վերահսկողության վարչության պետն է տեղեկացնում, «Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ պրն Վ. Զատիկյանը 27.02.97 թ. թիվ 34108-91 գրությամբ խնդրում է կասեցնել վտարումը, ինչի դեմ չի առարկում այն նույն Շահումյանի շրջանի դատախազությունը, որը որոշում էր ընդունել՝ «պետք է վտարվի»։
Տարբեր ատյաններին ուղղված խնդրագրերը սկսում են նմանվել «հիվանդի ձյունի երթալուն»։
Երեւանի դատախազի տեղակալ Է. Ղուկասյանն է «անհանգստության» նշաններ ցույց տալիս, դիմելով իր տարածքային՝ Շահումյանի շրջանի դատախազ Ռ. Պողոսյանին, թե «խնդրում եմ մանրամասն քննարկել Ա. Օրդյանին վարչական կարգով վտարման վերաբերյալ որոշման չկատարման պատճառները, ձեռնարկել համապատասխան միջոցներ»։ Սահմանում է անգամ ժամկետ, թե «մինչեւ 25.07.97 թ. հայտնել» ոչ միայն դիմումատուին, այլեւ իրենց՝ Երեւանի դատախազությանը։
Բանից անտեղյակ կամ գուցե լավ էլ տեղյակ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Հ. Գրիգորյանը իրազեկում է. «Պարզվել է, որ հիշյալ փաստի վերաբերյալ նյութերի ընթացքը լուծվել է Երեւանի Շահումյանի տարածքի դատախազության կողմից»։ Բա, եթե լուծվել է, ապա ինչո՞ւ է այդ անպաշտպան ընտանիքը դռնեդուռ ընկել, ինչո՞ւ չի գնահատվել ապօրինի նրանց տուն մտնելն ու գույքը սեփականելը։
«Նշված շենքը վթարային է եւ այնտեղ գտնվող բնակարանները զբաղեցված են անօրինական կարգով» (փախստականներ են). այս մասին հաստատողը թաղապետ Վ. Զատիկյանն է։ Նա Երեւանի փոխքաղաքապետ Կ. Արեյանին ուղղված գրության մեջ (26.08.98 թ.) պատասխանում է այնպես, կարծես թե հարցը լուծված է. «Ինչ վերաբերում է քաղ. Ա. Օրդյանին եւ նրա ընտանիքի անդամներին նշված բնակարանից վտարմանը, ապա շրջանի դատախազությունը համապատասխան գրություն է ուղարկել շրջանի ժողդատարան, այդ առթիվ 1992 թ. հունիսի 4-ի վարչական կարգով վտարման որոշումն ի կատար ածելու»։ … Բնականաբար, «ի կատար ածվելը» չի պարզաբանվել մինչեւ օրս։
Խեղճության, անպաշտպանվածության մի աստիճան կա, որ չես կարողանում վերծանել, որքան էլ ուժեղ ծակի սիրտդ։ Ռոզա Սարգսյանի պարագայում անպաշտպանվածությունը սահմաններ չունի։ Նա ընդամենը մի բան է ուզում. իր գույքը, որին տիրացել է «հարեւանը», եւ տուն, ուր ինքը կուչ եկած, նստած կարողանար քնել, իսկ թոռնիկները, ինչպես բոլոր երեխաները…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ