Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐՎԱ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ ՎԱՂՎԱ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆ Է»

Ապրիլ 03,1999 00:00
murackan

Վեդեցի Մարգո Հարությունյանն ու ղափանցի Կլարա Ցոն մուրացկանական մաֆիայի ներկայացուցիչներ են։ Երեւանում ունեն իրենց մշտական տեղը՝ Չարենցի անվան դպրոցի մոտ։

Չունեն փաստաթղթեր, բայց երկուսն էլ ունեն գործընկերներ. Մարգոն իր օրվա հացի փողը վաստակում է մեկամյա Արթուրիկի հետ, Կլարան՝ ութ ամսական Սուրիկի։ Բոլորն ապրում են միասին եւ համատեղ «աշխատանքի» շնորհիվ՝ օրական 500 դրամ տան վարձ տալիս։

-Աշխատում էի թիվ 1 հիվանդանոցում,- պատմում է Մարգոն։- Տեղափոխեցին վեցերորդ հիվանդանոց, կրճատման տակ ընկա եւ մնացի անտեր։ Ապրելու միակ տարբերակը մուրացկանությունն է, եւ վատ չեմ զգում այս վիճակից։ Հիմա մեր դրությունն ավելի լավ է, քան մի տարի առաջ, քանի որ հիմա ոստիկաններին փող չենք տալիս։ Իսկ առաջ օրական 500 դրամ էինք տալիս, որ թույլ տան պատերի տակ նստենք։ Լինում էր օր, որ մի քանի ոստիկան էր մոտենում՝ մի քանի ժամվա տարբերությամբ։ Քանի՞ հոգու կարայինք 500-ական դրամ տալ. ընկնում էինք մեկուսարան։ Հիմա այլեւս նման դժվարություն չկա, բայց խուսափում ենք աչքի ընկնելուց։ -Գործազուրկների կենտրոնում ինչո՞ւ չեք գրանցվում։

-Հանուն ինչի՞։ Հարեւանուհիս վեց ամիս է՝ գրանցվել է. ի՞նչ օգուտ՝ Աստված գիտի, թե երբ հերթը կհասնի ու աշխատանք կլինի՞, թե՞ չէ։ Մի քանի անգամ եկել են սոցիալական ապահովությունից, գրանցել անուն-ազգանուն ու խոստացել շուտափույթ օգնություն։ Մինչեւ այսօր արդեն մեկ տարի է՝ սպասում եմ այդ «շուտափույթ» օգնությանը։ Ամեն ինչ սուտ է։ Յուրաքանչյուրը մտածում է իր փորը լցնելու մասին։ Մեծ աղջկաս վաճառեցի հորը՝ 1000 դոլարով։ Մյուս կնոջից երեխա չէին ունենում, ուրիշի բիճ էլ չէին ուզում վերցնել։ Ես էլ համաձայնվեցի այդպես փող աշխատել՝ աղջկաս ընտանիք նվիրելով։ Միեւնույն է, աղջիկս հետս չէր ապրում։ Որբանոցում ոջիլից, ծեծից ու բռնաբարությունից բացի ոչինչ չէր ստանում։ Գիտեք կո՞ւյս էր։ Չէ՛, որբանոցներից կույսեր դուրս չեն գալիս։ Արդեն տասը տարեկանից նրանց բռնաբարում են։ Այ, հարցրու Կլարային։ Կլարա Ցոն (ծնունդով Կորեայից), որը նույնպես մանկատան տուժածներից էր, հաստատեց գործընկերուհու խոսքերը։

-Գիտեք հե՞շտ է մանկատանը մեծանալը։ Հաշվի չեն առնում՝ որբ ես, հիվանդ ես, աղջիկ ես, թե տղա։ Ամեն օր գրաֆիկով ծեծում են. այնտեղ ոչ մի նորմալ երեխա չկա։ Հիմա մեծ տղաս գտնվում է Սովետաշենի որբանոցում։ Հոգեկան հիվանդ է. աչքի առաջ հորը թուրքերը սպանեցին, նա էլ խանգարվեց։ Գիտեք հաշվի՞ են առնում։ Դրա համար աղջկաս՝ Մանիկին ու փոքր տղայիս՝ Սուրիկին, ամեն գնով պահպանում եմ, որ որբանոց չտանեն։ Ավելի լավ է ամբողջ կյանքում մուրացկանություն անեն սառը քարերի վրա, քան մի քանի օր մնան որբանոցում։

Երեք տարեկան Մանիկը նստել էր մորից ու Մարգոյից քիչ հեռու եւ վարժ շարժումներով փող էր խնդրում անցորդներից։ Մայրը վշտանում էր, որ նրան փողով գնել ցանկացողներ չկան, իսկ, ա՛յ, Արթուրիկի համար առաջարկել էին երեք հազար ամերիկյան դոլար, բայց մերժվել էին՝ «Նրանով եմ ուրախանում եւ փող աշխատում, ո՞նց տամ»,- ասել էր Մարգոն։

Մարգոյի համար իր Արթուրիկը ապրուստի միջոց է, իսկ Կլարայի համար՝ ապագա փեսա. «Սրանք (Մանիկն ու Արթուրիկը) իրար մարդ ու կին են։ Մի օր եթե իրար չտեսնեն՝ կմեռնեն։ Բայց չեն մոռանում մեկ-մեկ մազ պոկել։ Կմեծանան, երեւի կամուսնանան…»։

Փաստաթղթեր չունեցող երկու մուրացկան կանայք իրենց երեխաներին դարձրել են արհեստավարժ մուրացկաններ։ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի առաջին գլխի 9-րդ հոդվածը (ընդունվել է 1996 թ. մայիսի 29-ին) արգելում է ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին, երեխային ենթարկել բռնության, նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի։ Չեմ կարծում, որ մուրացկանությունն արժանապատիվ գործ է։ Չեմ հիշում նաեւ մի դեպք, որ պատժվեն ծնողներ կամ քաղաքացիներ, որոնք անարգելով երեխայի պատիվը, արժանապատվությունը, նրանց մղում են մուրացկանության։

Ըստ նույն օրենքի, պետությունը եւ համապատասխան մարմինները պետք է իրականացնեն երեխաների պաշտպանությունը շահագործումից, անառակությունից ու մուրացկանությունից։ Մինչդեռ, քայլեք քաղաքի այգիներով ու փողոցներով… Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Օգանեզովի, մուրացիկ երեխաների հոգիները խաթարվում են ամեն վայրկյան։ «Պետությունը պետք է հասկանա, որ այսօրվա մուրացկանը է՛լ ավելի դժվարություններ է ստեղծելու վաղը՝ որպես մարմնավաճառ, գող կամ մարդասպան»։

ԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. 1996 թ. Սոցապ նախարարությունը չորս այլ նախարարությունների հետ ծրագիր էր մշակել, ըստ որի պետք է ամեն գնով վերջ տրվեր փողոցային թափառաշրջիկ ու մուրացկան երեխաներ երեւույթին։ Մուրացկան երեխաները պետք է հանձնվեին որբանոցներ։ Դա չի՞ վերաբերում մոր կամ հոր շվաքի տակ մուրացկանություն անող երեխաներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930