Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք նոր սպանություն չի՞ նախատեսվում

Ապրիլ 03,1999 00:00
andranik qocharyan

ՀՀ դատախազի հետ լրագրող Անահիտ Եսայանի հարցազրույցի վերաբերյալ իմ արձագանքը, որ զետեղված էր «Օրագիր» օրաթերթի երեկվա համարում, վերջինս, ամենայն հավանականությամբ, չի կարդացել։ Այլապես արված որոշ հարցադրումների պարզապես պարտավոր էր պատասխանել։ Իսկ եթե կարդացել է ու չի պատասխանում, ուրեմն ես իրավունք եմ վերապահում հայտարարելու, որ տիկին Եսայանը պատվեր է կատարում։

Որպեսզի թե՛ ես, թե՛ Անահիտ Եսայանը, թե՛ հասարակությունը թյուրիմացության մեջ չլինենք, ակնկալում եմ ստանալ ուղղակիորեն տրվող հարցերիս պատասխանը.

1. Ինչո՞ւ հանկարծ Արծրուն Մարգարյանի սպանության հետ կապված՝ Ձեզ սկսեց հետաքրքրել բժիշկ Արտավազդ Սահակյանի բացակայությունը։ Մարդն ընդամենը կատարել է իր պարտականությունը՝ բուժել է հիվանդին։

2. Ովքե՞ր են այն աղբյուրները, որոնք հատկապես Ձեզ տեղեկացնում են, թե իբրեւ կոնֆլիկտ կա բժիշկ Սահակյանի եւ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ, եւ ինչո՞ւ եք այդ հարցը հանրապետության դատախազին ուղղում Արծրուն Մարգարյանի սպանության ենթատեքստով։

3. Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը», որին Արտավազդ Սահակյանն իբրեւ թե խնդրել է այնպես անել, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն չսպանի։

4. Ինչո՞ւ չփորձեցիք Ձեր այդ հարցերը նախ ուղղել Անդրանիկ Քոչարյանին եւ Արտավազդ Սահակյանին։ Վերջինս, ի դեպ, Ձեր հարցազրույցի հրապարակումից առաջ արդեն Երեւանում էր։ Չէ՞ որ դատախազի «միգուցե այո, միգուցե ոչ» ոճի պատասխանները ոչ մի ինֆորմացիա չեն պարունակում։ Թե՞ հենց այդպես էլ պետք էր Ձեր պատվիրատուներին։ Պարզաբանեք։

5. Ձեր հարցերը որոշակի նպատակ ունեն արդյո՞ք, եթե՝ այո, ո՞րն է այդ նպատակը։ Թե՞ Դուք հարց եք տալիս միայն հարց տված լինելու համար, այսպես ասած, մասնագիտական բնազդից ելնելով։

Այս հարցերի պատասխաններն իսկապես շատ հետաքրքիր կլինեն, եթե, իհարկե, Դուք կարող եք դրանց պատասխանել։ Հակառակ դեպքում, Ձեր հարցազրույցը ակնհայտ պատվերի տպավորություն է թողնում, ինչն, ի դեպ, բոլորովին էլ պատահական ու զարմանալի չի լինի։ Զարմանալին այն է, որ Դուք թույլ եք տալիս տարվող վտանգավոր, կեղտոտ ու զազրելի խաղի մեջ Ձեզ օգտագործել իբրեւ հասարակ գործիքի։

Ի դեպ, հարցրեք Ձեր պատվիրատուներին (եթե, իհարկե, պատվիրատու ունեք), թե ինչո՞ւ է հատկապես այս պահին անհրաժեշտ Անդրանիկ Քոչարյանի եւ Արտավազդ Սահակյանի անունները կապել Արծրուն Մարգարյանի սպանության հետ, ինչո՞ւ է հատկապես Անդրանիկ Քոչարյանի անվան կողքին դրվում «սպանել» բայը, ինչո՞ւ է սկսվում պարոն Քոչարյանի հետեւողական վարկաբեկումը։ Գուցե հենց Անդրանիկ Քոչարյա՞նն է խանգարում, որպեսզի Արծրուն Մարգարյանի անվանը վերջնականապես կպցվի «ինքնասպան» պիտակը։ (Այստեղ չեմ կարող չհիշատակել մեկ փաստի մասին եւս. պարզվում է, ինքնասպանությունների ռեկորդակիր ենք։ Փաստորեն, երկրագնդում հայտնի ամենահետեւողական ու տաղանդավոր «ինքնասպանը» հայ է. Արծրուն Մարգարյանը։ Կատա՞կ բան է, վեց երեխաների հայրը հաջողացրել է ինքն իր վրա կրակել չորս անգամ։ Վերջին երկուսը՝ նախ սրտին, ապա ծոծրակին, հատկապես հաջողված են եւ իրականացրել են Արծրունի վաղեմի «երազանքը»՝ մեռնել։ Ո՞ւմ են ապուշի տեղ դրել։ Հարցրեք, տիկին Եսայան, գուցե Ձեզ ասե՞ն)։

Արդյո՞ք նոր սպանություն չի նախապատրաստվում։ Եթե այո՝ ո՞ւմը, եթե՝ ոչ, ապա ո՞ւր է տանում այս անամոթ խաղը, այս անթաքույց վարկաբեկումը։

Մտածեք այս ամենի մասին, տիկին Եսայան, եւ ակնկալում եմ ստանալ հարցերիս պատասխանները։ Եթե ինքներդ չեք կարող պատասխանել, խնդրեք թող Ձեր պատվիրատուները պատասխանեն (կրկնում եմ, եթե դրանք կան)։

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Ամենայն հարգանքով վերաբերվելով ե՛ւ դատախազի, ե՛ւ պատգամավորի տեսակետներին, այնուամենայնիվ, տարակուսում ենք՝ ի՞նչ մեղք ունեն այստեղ լրագրողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930