Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԸ ԽԵՐՆ Է, ԱՍՏՎԱԾ ԷՆ ԱՆԻ

Ապրիլ 03,1999 00:00
Toto

Անշուշտ, քաղաքական այս շաբաթվա առանցքային իրադարձությունը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կամոք «Միասնություն» դաշինքի ստեղծումն էր՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների սերտացված համագործակցության տեսքով։ Ինչ են դրա մասին մտածում պարզ, հասարակ մարդիկ, ժողովրդի ներկայացուցիչները, որոնք, վերջին հաշվով, ամբողջացնում են ընտրազանգված հասկացությունը։

Մեր առաջին այցելավայրը Մալաթիայի նախկին կոլտնտեսային շուկան էր, ուր նաեւ գյուղացիության ներկայացուցիչներն են վերավաճառողների հետ իրենց բնամթերքն իրացնում։ Բոլորին ուղղված մեր հիմնական հարցը ձեւակերպված էր մոտավորապես այսպես՝ գիտե՞ք, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դաշինք են կազմել։ «Տո չէ, ա՜յ, ախպեր, կայնած առեւտուր ենք անում։ Մեր ինչին ա պետք, որ իմանանք»,- ասաց երշիկավաճառ 22-ամյա մի տղա։

Մեկ ուրիշն էլ, բայց որը գիտեր դաշինքի մասին, բարեմաղթեց. «Իրենց գործերին հաջողություն։ Թող ընենց անեն, որ համ իրանց համար լավ ըլնի, համ էլ՝ մեր»։

Իսկ պանրավաճառ մի կին էլ, որ Մարտունու գյուղերից էր, Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի մասին խոսակցության շրջանակից դուրս գալով, ասաց. «Բարի լինի։ Որը խերն ա, Աստված էդ անի։ Էլ ուրիշ բան չեմ ուզում»։

Իսկ խերը, նրանից առեւտուր անող մի կնոջ կարծիքով, այն կլիներ, որ. «Կարեն Դեմիրճյանը լիներ մեր ղեկավարը։ Ճիշտ չեմ ասո՞ւմ»։ Այստեղ խոսակցությանը խառնվեց մի երրորդ կին ու հանդիսավորությամբ եզրակացրեց. «Էդ ոնց եղավ, որ մինչեւ հիմա Դեմիրճյանն ու Սարգսյանը անտագոնիստներ էին, հիմա դառան բարեկամներ։ Ինչո՞ւ էր մինչեւ հիմա Դեմիրճյանը քողարկված ու ընտրությունից առաջ է մեյդան դուրս եկել։ Ի՞նչ մտածեց։ Իր ժամանակ կարգերն ուրիշ էին, բայց եթե հիմա էլ Դեմիրճյանը լինի, ոչինչ չի կարա անի։ Նրան ընենց կճնշեն, որ իրանց ուղիով գնա, իրանց ասածով շարժվի։

Էն ժամանակ Կարեն Դեմիրճյանը հրաշալի ղեկավար էր, բայց էն ժամանակ ամեն ինչ ստանում էր Ռուսաստանից։ Հիմա Ռուսաստանն էլ, Հայաստանն էլ քարուքամբախ են եղել, ինչ պիտի անի Դեմիրճյանը, իր գրպանից պիտի ժողովրդին փող տա»։ Փորձելով մի կերպ ազատվել այս կանանցից՝ հարցս ուղղեցի առաջին իսկ պատահած տղամարդուն. «Ինձ թվում է, որ եթե Կարեն Դեմիրճյանն անցնի կառավարության գլուխ, մի քիչ կբարելավի ժողովրդի վիճակը»։ Նրա կինը կողքից վրա տվեց՝ ի՞նչ ա, Վազգեն Մանուկյանը ավելի լավը չի՞։

Տեսաք, որ վերստին հաստատվեց դարավոր այն իմաստնությունը, թե կնոջ լեզվին դժվար է կապ դնել։ Ու թեպետ ասում են, որ նաեւ բոլոր պատերազմների պատճառն են կանայք, սակայն, այս դեպքում, իշխանության դեմ ըմբոստանալու էր կոչում մի տղամարդ. «Զինված ապստամբություն է պետք»։ Բայց թե ո՞վ պետք է դա անի՝ ըմբոստ գյուղացին չգիտեր։ Նույն տղամարդը, սակայն ասաց նաեւ, որ շատ լավ է տրամադրված Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է երկրապահ-հանրապետականին, մոտեցումը միարժեք էր. «Դրա անունը մի տուր, դրա անունը վափշե մի տուր»։

Մեկ ուրիշն էլ, որ լսում էր կողքից, հանկարծ եզրակացրեց. «Շատ իզուր, որ միացել են՝ էլի նույն մաֆիան պիտի լինի։ Ում էր պետք, որ Դեմիրճյանն էդ արեց»։ Բայց, դե, էլի ընդհանուր համաձայնություն չձեւավորվեց։ Մի տարեց կին միջամտեց. «Ի՞նչ եք ուզում։ Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի բռնած գործն ամենաճիշտն ա՝ միասնություն»։ Ըստ էության Կարեն Դեմիրճյանին գոնե մի պաշտոնով օժտելու ցանկությունը բավականին մեծ էր. «Դեմիրճյանը թող քաղաքագլուխը լինի, էդ ա չէ ամենամեծավորը, չէ՞, հա պրեզիդենտ լինի, Վազգենն էլ՝ վարչապետ»։ Իսկ մի տղամարդ էլ ուզում էր, որ նա դառնա «ԱԺՄ նախագահ»։ Չէ, տվյալ դեպքում, Վազգեն Մանուկյանն անհանգստանալու առիթ չունի։ Մեր զրուցակից արթիկցի Մեսրոպն ընդամենը ԱԺ-ն նկատի ուներ։

Հանուն ժողովուրդների բարեկամության՝ խնդրո առարկայի վերաբերյալ խոսք ասաց նաեւ վրացի Վալիկոն, որը Մալաթիայի շուկայում լիմոն ու մանդարին էր վաճառում. «Если они умные, да, оба, все можно делать, поумнее.»։ Մինչ կոլտնտեսային շուկայում մեր վրացի բարեկամն իր գործին զուգահեռ միաժամանակ եւ Կարեն Դեմիրճյանին, եւ Վազգեն Սարգսյանին խելացի լինելու խորհուրդ էր տալիս, մեկը կողքից սկսեց իր ապրանքը գովաբանել՝ լավ խնձոր, լավ խնձոր… ցույց տալով, որ այս դաշինքը հեչ իր պետքը չէ։

Հիմա թողնենք շուկան եւ անցնենք Շենգավիթի, նախկինում Լենինյան շրջանի տարածք, որը, մինչեւ տնտեսական այս ճգնաժամը, մայրաքաղաքի արդյունաբերական սիրտն էր համարվում։ Երրորդ մասն ինձ դիմավորեց այսպես. «Ախպեր, մի բան ասեմ քեզ՝ յան տուր»։

Դա, գրական հայերենով նշանակում է՝ մի կողմ քաշվիր։ Հենց այդպես էլ վարվեցի ու խնդրո առարկա հարցը տվեցի կարճափեշ մի աղջկա. «Ես այդ ամենը պատկերացնում եմ, բայց հիմա չեմ կարող պատասխանել, մտքերով լրիվ ուրիշ տեղ եմ։ Բայց կարող եմ իմ անունն ասել՝ Ժաննա»։ Ոչ ավելին, ոչ պակաս՝ հենց այսպես… Մեր հաջորդ զրուցակիցը երրորդմասցի Վոլոդյան էր, որն ասաց, թե մասնագիտությամբ ռամկավար է։

– Այդ ինչպես,- հարցրի։

– Ռամկա եմ սարքում, տանում Վերնիսաժ,- ասաց Վոլոդյան, որն ամենեւին էլ վերաբերմունք չուներ Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի նկատմամբ։

Տարեց մի մարդ էր առաջինը, որ սոցիալական պահանջ դրեց «Միասնություն» դաշինքի առջեւ. «Ես ուզում եմ, որ Դեմիրճյանն ու Սարգսյանը լինեն, բայց աշխատեն, որ ժողովուրդը լավ ապրի։ Թե չէ՝ բառադի-բառադի ես էլ կարամ նստեմ սեղանին»։

Մեր հաջորդ պտույտը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ էր, ուր այդ ժամին անցուդարձ էին անում հիմնականում ուսանողներ եւ դասախոսներ։ Ահա թե ինչպես է վերաբերվում Դեմիրճյան-Սարգսյան դաշինքին ուսանողուհի Նատալյան.

– Վափշե չեմ վերաբերվում։

– Ինչո՞ւ։

– Չեմ զբաղվում էդ հարցերով։

Նատալյայի ընկերուհի Նարինեն էլ է այդպես վարվում, «որովհետեւ ավելի կարեւոր հարցեր կան»։

Մի խոսքով, գանք վերջաբանին։ Մեր զրուցակիցներից մեկը, որ մասնագիտությամբ տնտեսագետ էր, ասաց. «Եկել, հասել ենք այնպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, որ երկրի գոնե թվացյալ առողջ, հզոր ուժերը վերջապես պիտի մտածեն պետության ապագայի մասին»։

Իսկ ինժեներ-մեխանիկ Արթուրն էլ այն կարծիքին էր, թե այդ դաշինքը օգտակար է, «որովհետեւ միշտ էլ մարդիկ օգտվում են, երբ ուժն ու խելքը միավորվում են»։

Լսենք նաեւ նրա ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին. «Հեռանկարային առումով, վաղվա իշխանությունը պատկանելու է իրենց՝ ինչպես ԱԺ-ում պատգամավորների թվով, այնպես էլ իշխանության մեջ ընդհանրապես, այդ դաշինքի դերն ու նշանակությունը շատ մեծանալու է»։

Ասենք նաեւ, որ մեր զրուցակիցների կարծիքով «Միասնություն» դաշինքը կարող է ստանալ ընտրողների քվեների, ըստ տարբեր մարդկանց, 30-ից մինչեւ 70 տոկոսը։ Իսկ մեր կողմից հարցվածներից, այդ դաշինքին դրական էր վերաբերում նրանց ուղիղ կեսը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930