Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՌՆԱԿԸ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Ապրիլ 03,1999 00:00
komkus

Ստորագրությունդ բախշիր մեզ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները բուռն թափով ձեռնամուխ են եղել ստորագրահավաքի սուրբ գործին։ Կուսակցությունները այս գործի համար օգտագործում են իրենց առավել գիտակից մասսային, նրանց, ովքեր քիչ թե շատ բարեհամբույր են, մարդամոտ, համբերատար։

Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 11 ընտրատարածքում ստորագրությունների հավաքման գործընթացին մասնակցեցինք Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Սպանդարյանի շրջանի բյուրոյի անդամներ Մամիկոն Մատնիշյանը եւ Սամվել Կոստանյանը կոմունիստին արժանի պահվածք դրսեւորեցին աշխատանքի ամբողջ ընթացքում։ Յուրաքանչյուր բնակարան մտնելուց առաջ տանտերերին ազնվորեն, առանց թաքցնելու ասում էին, որ իրենք կոմունիստ են։ Հետաքրքիր էր, որ մեր հայրենակիցներից ոչ մեկի մոտ հյուրերի կուստոմսը տեսնելու ցանկություն չառաջացավ։

Կենտկոմի նախկին անդամի տունը

Առաջին բնակարանը, ուր այցելեցինք, գտնվում էր բարձրահարկի առաջին հարկում։ Մութ եւ հին բնակարան էր, կոմունիստների ժամանակներից մնացած կահկարասիով, շարժումից մնացած վառարանով եւ տարբեր տարիների իրար հետեւից լույս աշխարհ եկած մի տուն լիքը մանուկներով, տան հարսն էլ, կարծես թե պարապ մնալու ժամանակ չուներ եւ նոր բալիկի էր սպասում։ Անձնագրերը ներկայացվեցին սուսուփուս եւ կոմունիստ բառի դեմ ոչ ոք առարկություն չուներ։ Օջախի պապիկի անձնագրային տվյալները լրացնելիս պարզ դարձավ, որ ընկեր Կարապետյանը Կենտկոմի (խորհրդային) անդամ է եղել եւ իր 74-ամյա տարիքում էլ դեռ ակտիվ կոմունիստ է։

Նորածինը չստորագրեց՝ ծննդատանն էր

Հաջորդ բնակարանը քիչ թե շատ լուսավոր էր։ Այստեղ միայն մի երիտասարդ հայրիկ էր, որը սիրով ստորագրեց, ասելով, թե ինքը ԱԻՄ-ի համար էլ է ստորագրել, դաշնակների էլ, կոմունիստների համար ինչո՞ւ չստորագրի։ Ստորագրեց։ Ասաց, որ աղջիկ է ունեցել, ափսոս կինը տանը չի, թե չէ նա էլ կստորագրեր։

«Երանի չէր, կոմունիստները հետ գան»

Այսպես ասաց չորրորդ հարկում բնակվող տիկին Եզեկյանը, երբ իմացավ, որ ստորագրություն հավաքողները կոմունիստներ են։ Տան հարսն էլ իր քաղաքական գիտելիքները ցուցադրելով, հոգոց հանեց. «Է՜հ, հավատ չկա, նախագահական ընտրությունների ժամանակ հավատս կորցրի»։ Իսկ ընդհանրապես, նրանց էլ բոլոր մյուս բնակիչների պես ճնշում էին գործազրկության ծանր բեռը, կենսաթոշակի ողորմելի չափը, էլեկտրաէներգիայի սակագինը եւ մյուս հավերժական թեմաները։

Լավ է, որ կոմունիստ ես, բայց դու Դեմիրճյանը չես

Ժողովուրդն, ընդհանրապես, քաղաքական թմբիրի մեջ է, իսկ Դեմիրճյանին կոմունիստներից տարբերակելու հարցում վերջնականապես խճճվել է։ Բնակարաններից մեկում դուռը մե՜ծ բացեցին՝ քանի որ կոմունիստ եք, ներս եկեք։ Ներս եկանք, դեռ նոր էինք նստել, մեկ էլ տարեց տանտիրուհին, Դեմիրճյանի ժամանակվա հագուստով, ժպտաց՝ Դեմիրճյանի համա՞ր եք հավաքում։ Չէ, ի՞նչ Դեմիրճյան, նա կոմունիստ չի, կոմունիստը նա չի։ Տիկինը մի փոքր հիասթափված էր, բայց ստորագրության հետեւից գնացողները շատ քաղաքավարի բացատրեցին. «Մայրիկ ջան, կարող եք նաեւ չստորագրել, ձեր իրավունքն է, բայց սա ընտրությունը չի։ Ընտրությունների ժամանակ ում կուզեք, նրան էլ կընտրեք»։ Մայրիկն արդեն իրեն հավաքել էր՝ մեկ է, ոչ մի բան էլ չի փոխվելու, էս ժողովուրդն այսպես էլ մնալու է հին շորերի մեջ, կստորագրի, ինչո՞ւ ոչ։

Հետո էլ, երբ անձնագրային տվյալներ լրացնելիս իմացավ, որ Դեմիրճյանը միացել է երկրապահին, շատ զարմացավ։ Ախր ինչո՞ւ է միացել, բա երկրապահը կոմունի՞ստ է։

Փակ դռների հետեւում

Շենքի առաջին մուտքի 15 բնակարանների դռները ծեծեցինք (զանգ զնգացրինք)։ 15 բնակարաններից միայն չորսի դռները բացվեցին, մյուսներում կամ մարդ չէր բնակվում, կամ այդ պահին տանը ոչ ոք չկար։ Ընկեր Մատնիշյանը եւ ընկեր Կոստանյանը իրենց աշխատանքը գերազանց էին կատարում եւ ամենեւին չէին նեղանում, երբ մասսաները շփոթում էին կոմունիստներին եւ Դեմիրճյանին։ Նրանք համբերատար բացատրում էին, թե ով՝ ով է։

Կոմունիստների հետ պտտվեց, սակայն նրանց կարմրից չբոցավառվեց անկուսակցական լրագրող

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930