«Կատուն էն գլխից պետք է ճղել» ժողովրդական առածին հետեւելով էր հավանաբար «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախաձեռնել ԶԼՄ-ներին եւ ընտրություններին նվիրված սեմինարը։
Գիտությունների ազգային ակադեմիայի օղակաձեւ դահլիճում հավաքվել էին առաջիկա ընտրությունների օրինական անցկացման խնդրով «ամենամտահոգված» օրինացերկիրցիներն ու լրագրողները։ Վերջիններիս ներկայությունն անհրաժեշտ էր ոչ միայն այն պատճառով, որ սեմինարի թեման նրանց էր առնչվում, այլ նրանց (լրագրողներիս) միջոցով եւս մեկ անգամ հեռուստառադիո-մամուլով «Օրինաց երկրի» անունը հնչեցնելու (թող որ բացասական) նպատակով։ Դատելով ձայնի տոնից՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շա՜տ էր բարկացած իր խոսքերով ասված մեր երկրի անպատասխանատվության տեղապտույտի եւ մամուլի որոշ միջոցների «սեւ գործի» վրա։ Ու առիթն էլ բաց չթողնելով, եւս մեկ անգամ Արթուր Բաղդասարյանը «վստահ եւ հստակ» հայտարարեց. «Օրինաց երկիր» կուսակցությունը (որը մանավանդ մեր թղթակիցները չափազանց շատ կապեցին ՆԳ եւ ԱԱ նախարարի հետ), մեկ անգամ եւս հստակ հայտարարում եմ, որ որեւէ առնչություն չունի վերը նշված նախարարության հետ։ Սա ուղղակի մամուլի եւ առանձին միջոցների կողմից շարունակվող բամբասանք է»։
Թեպետ պարոն Բաղդասարյանը քանիցս ստիպված է եղել հրապարակային լինել, բայց ըստ նրա առանձին լրատվամիջոցներ իրենց սեւ գործը շարունակում են հետեւողականորեն։ Պարոն Բաղդասարյանին հայտնենք, որ, այո, լրագրողի գործը սեւագործ աշխատանք է (մեր գործի հանքափոր Ավետիս Բաբաջանյան)։
Ինչ վերաբերում է այդ կուսակցության շուրջ պտտվող «բամբասանքին»՝ տարօրինակ է, որ Արթուր Բաղդասարյանը «Մենք+» թերթում տարի ու կես առաջ տպագրված առեւտրի նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանի մեղադրանքների դիմաց պատասխանատվություն է պահանջում, իսկ ինքը հարազատ կուսակցությունը «բամբասանքներից» ազատելու համար որեւէ կոնկրետ գործնական քայլ չի կատարում։ Դրա պատասխանն էլ, իհարկե, ուներ պարոն Բաղդասարյանը, այն համոզմամբ, թե երբ որեւէ հրապարակման համար դատի են տալիս՝ բողոքում են, թե 4-րդ իշխանության նկատմամբ ճնշում է գործադրվում։ Իսկ էդ «բամբասանքները» շա՜տ էին մտահոգել Արթուր Բաղդասարյանին, ու նա պնդում է, թե դրանց նպատակն է՝ սեպ խրել իրենց կուսակցության եւ ՆԳ եւ ԱԱ նախարարի միջեւ ու թեժացնել առանց այն էլ լարված ներքաղաքական վիճակը։ Ուստի պրն Բաղդասարյանը խստագույնս զգուշացրեց. «Ընտրությունների անցկացման ընթացքում մեր կամ ցանկացած կուսակցության վերաբերյալ զրպարտական տեղեկություններ տարածելը պատժվելու է քրեորեն»։
Կարդացեք նաև
Այսպես լրագրողներիս «հարցերը լուծելուց» հետո Ա. Բաղդասարյանն անցավ ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին, որոնք մերժել են Արթուր Բաղդասարյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ մարդահամար անցկացնելու վերաբերյալ, որը մեկ տարուց ավել է թթվել է ԱԺ-ում։ Քանի որ առաջիկա 2 ամսում մեր ընթերցողը պարտադրված է անընդհատ կարդալ ընտրությունների ու դրանք օրինական անցկացնելու խնդրով «մտահոգվածների» մասին՝ նպատակահարմար չենք գտնում մանրամասնել սեմինարը։
Նշենք միայն, որ ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը տարակուսանք հայտնեց, թե այս ընտրական օրենսգրքով կանցնեն հաջորդ նախագահական ընտրությունները։
Քրեական պատասխանատվության ակնկալիքով՝
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ