Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ԽՓԵՑ «ԵՎՐՈՅԻՆ»

Ապրիլ 02,1999 00:00
dolar

Մինչ ՆԱՏՕ-ն ռմբակոծում է Հարավսլավիայի քաղաքները, այդ կազմակերպության զինակիցների միջեւ տնտեսական ոլորտում աննկատ, բայց ոչ պակաս կարեւորություն ունեցող հակամարտություն է տեղի ունենում։

Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից քաղաքական վերլուծության որոշ աղբյուրներ կարծիք էին հայտնել, որ Բելգրադի դեմ ռազմական գործողությունները ավանդական ամերիկյան դոլարի եւ նորաստեղծ եվրոյի մրցակցության հետեւանք են։ Այդ տեսակետի ջատագովները պնդում էին, թե ԱՄՆ-ը ջանք չխնայեց Եվրոպայում անկայուն իրավիճակ սկսելու եւ եվրոպական պետություններին պատերազմի մեջ ներքաշելու, քանի որ Եվրամիության նոր տարադրամը՝ եվրոն, իր գոյության ընդամենը երեք ամիսների ընթացքում ոչ միայն ապացուցեց իր կենսունակությունը, այլեւ, որոշ չափով, դոլարին ստիպեց իր տեղը զիջել։ Ապագայում, եթե այդ գործընթացը շարունակվեր, ԱՄՆ-ը կարող էր կորցնել համաշխարհային տնտեսական թելադրանք իրականացնելու լծակները, ինչն իհարկե անընդունելի էր Միացյալ Նահանգների համար։

Թեեւ ներկայացված տեսակետը բավական վիճելի է թվում առաջին հայացքից, սակայն վերջին օրերի ընթացքում արեւմտյան բանկային բնագավառում տեղի ունեցած զարգացումները ավելի ու ավելի դրա օգտին են խոսում։ Երկուշաբթի ԱՄՆ գործնական ակտիվության հիմնական ցուցանիշը, այսպես կոչված Դոու Ջոնսի ինդեքսը, աննախադեպ վերելք ապրեց՝ բարձրանալով 10 հազար կետից ավել։ Ամերիկյան բանկային փորձագետները լավատեսորեն են նայում ապագային, նշելով, որ դա երկար սպասվող աճի սկիզբն է։

Միաժամանակ Լոնդոնի բանկային շրջանակներում ճիշտ հակառակ տրամադրություններ են տիրում։ Եվրահանձնաժողովն արդեն ստիպված եղավ վերանայել եվրոյի գոտու մեջ մտնող երկրների ընթացիկ տարվա աճի տեմպերը։ Համաձայն երկուշաբթի օրը Լոնդոնում հրապարակված զեկույցի, արժութային միության 11 երկրների տնտեսությունների աճը կազմելու է 2.2%, այլ ոչ թե 2.4, ինչպես նախատեսված էր։ Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ Հարավսլավիայում պատերազմը շարունակվելու դեպքում թվերը կարող են է՛լ ավելի վատթարանալ։ Եվրոպայում արդեն սկսել են լրջորեն անհանգստանալ, որ դա կարող է տնտեսական անկում առաջացնել Եվրամիության երկրներում։ Թուլացման նշաններ արդեն նկատվում են Գերմանիայի տնտեսության մեջ, բավական արագ են վատանում Ֆրանսիայի տնտեսական ցուցանիշները։

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկատվության, Անգլիայի մայրաքաղաքի հայտնի բանկերից մեկի ներկայացուցիչն ասել է, որ երկուշաբթի օրը «նոկաուտ է արել եվրոյին»։ Այդ օրը Եվրոպայի ընդհանուր արժույթը իջել էր իր կարճատեւ պատմության մեջ ամենացածր մակարդակի՝ 1 եվրոն-1.068 դոլար։

Երկրորդ օրն է, ինչ շարունակում է ընկնել ազգային դրամի կուրսը Հունաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում։ Նկատվում է նաեւ ներդրողների զգալի արտահոսք Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի երկրներից։ Բրոքերների կարծիքով, առավել դժվար օրեր են սպասվում Հունաստանին եւ Հունգարիային, որոնք մոտ ապագայում դեմ են առնելու Հարավսլավիայից փախստականների ալիքի հետ կապված բազմաթիվ խնդիրներին։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930