1996 թ. նոյեմբերի 10-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանվեց հինգ զինծառայող. Ա. Մանուկյան, Ա. Չալաբյան, Վ. Մարտոյան, Ա. Մխիթարյան, Է. Մաթեւոսյան։ Նրանց սպանության մեջ մեղադրվում էր նույն զորամասի զինվոր Արթուր Մկրտչյանը։
1997 թ. հունիսի 18-ին ԳԴ զինվորական գործերի դատական կոլեգիան Արթուր Մկրտչյանին դատապարտեց բացառիկ պատժաչափի՝ մահապատժի։ Թե՛ ծնողների, թե՛ ամբաստանյալի դատապաշտպանի կարծիքով, նախաքննական մարմինը զերծ չի մնացել թերություններից, որոշ ապացույցներ զուրկ են տարրական տրամաբանությունից, իսկ գործով «գլխավոր» վկա ճանաչված Վիգեն Ծատուրյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների ընդգծված իրարամերժությանը իրավական գնահատականներ չեն տրվել։ Կնշանակվի՞ նոր դատաքննություն, կապացուցվի՞ Արթուր Մկրտչյանի հանցավորության աստիճանը՝ կտեղեկանանք մոտ ապագայում։ Ստորեւ տպագրում ենք մահապատժի դատապարտված Ա. Մկրտչյանի մոր՝ Ջավահիր Մկրտչյանի՝ խմբագրությանն ուղղված նամակը։
Իմ խոսքն ու խնդրանքն եմ ուղղում ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի կարողանան, վերջապես, միահամուռ ուժերով բացահայտել այս առեղծվածը…
Ես 1994 թ. դեկտեմբերին բարոյական բոլոր նորմերով դաստիարակված եւ շատերի բարի նախանձը շարժող իմ որդուն՝ Արթուր Մկրտչյանին ուղարկել եմ ազգային բանակ, որի ճակատին խարանվել է մարդասպանի պիտակը եւ, մահապատժով դատապարտված, գտնվում է Սովետաշենի բերդում։
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն իմ որդու, կանգնեց համարյա Նոր Հաճըն քաղաքի ողջ բնակչությունը, եւ զոհված զինծառայողների հարազատների ու մեզ հետ միասին բողոքում են տարված քննության եւ դատավճռի դեմ, քանի որ այդ ամենն այնքան ապօրինի եւ անօրինական էր տարվել, որ պարզ երեւում էր գործի պատվիրված լինելը։
Հանցագործությունը կատարվել էր պահակակետում, զոհվել էր հինգ զինվոր (երկուսը՝ խրամատում, երեքը՝ բլինդաժում) եւ մեկ վկա, որը արթնացել է վերջում։ Օգտագործվել է երեք զենք (մեկը մինչեւ հիմա անհայտ, իսկ երկու զենքի պահունակներում կիսով չափ փամփուշտները տեղում էին), բոլոր զոհերը խփված են գլխից՝ անպայման սպանելու նպատակով (ինչո՞ւ է թողնվել վկա, որի հագուստը ոտքից գլուխ շաղախված է եղել համարյա բոլոր զոհերի արյունով)։
Ես գիտեմ, որ իմ որդին մարդասպան չէ, այսպիսով գործ փակել, այն էլ մահապատժի հոդված, միայն մի բան էր նշանակում, որ մի կարող ուժ թույլ չի տալիս, որ բացահայտվեն եւ պատժվեն իսկական հանցագործ մարդասպանները, քանի որ ավելի հեշտ էր մեղադրել բանից անտեղյակ, բայց ակամայից վկա դարձած զինվորին, քան ձերբակալել եւ դրանով իսկ ի հայտ բերել ավելի բարձր դիրքերում գտնվող մարդասպաններին, փոխարենը նրանց «ծառայեցնել» իրենց նպատակների համար։
Երբ փոխեցինք իրենց կողմից նշանակված դատապաշտպանին եւ սկսեցինք բողոքել տարվող քննության դեմ, քննիչը ամուսնուս վրա էլ գործ սարքեց (նախօրոք մեզ եւ որդուս զգուշացնելով, որ պետության հետ քյալա չտանք)։ Տղայիս մինչեւ դեպքը (հրամանատարական կազմում գտնվող մեկին) նվիրած ձայնագրիչը դարձնելով կաշառք, իսկ ամուսնուս մեղադրելով կաշառքին օժանդակելու մեջ՝ դատապարտեցին 3,5 տարի ազատազրկման, հրամանատարին (որի օրոք խաղաղ պայմաններում հինգ զոհ է եղել) դատարանի դահլիճից ազատ արձակեցին եւ վերականգնեցին իր աշխատանքին։
Պարոնայք, եթե երկրի կայունության պատասխանատվությունը վերցրել եք Ձեզ վրա եւ պատասխանատու եք ամեն մի քաղաքացու եւ ընտանիքի ճակատագրի համար, խնդրում եմ փրկեք իմ ընտանիքը, ոչ թե գործը վերանայման ուղարկեք, որ զին.դատ. Գ. Ջհանգիրյանի խոսքերով՝ «սատանան էլ գլուխ չհանի» եւ ինձ մխիթարում էր, որ «փառք տուր Աստծուն, որ որդիդ կա, բա զոհվածների տերե՞րն ինչ ասեն», պատասխան, որ խելագարության կհասցնի այս երկրում գտնվող ցանկացած ծնողի, այլ նոր քննություն տարվի, անմիջապես Ձեր հսկողության տակ եւ գործին մոտ չգան զինդատախազության եւ ոչ մի աշխատակից։
Ես որպես մայր ոչնչի առջեւ կանգ չեմ առնի իմ ընտանիքի պատիվն ու որդուս կյանքը փրկելու համար։ Դիմել եմ Հայաստանում գտնվող բոլոր իրավապահ մարմիններին, որոնց պատասխանները ստացել եմ զինդատախազությունից։ Նա իր թանին թթու չի ասի։
ՋԱՎԱՀԻՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Նոր Հաճըն