Մի քանի օր առաջ մամուլում տպագրվեց ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Շենգավիթ շրջանի հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանի հրահանգը դպրոցների բուֆետ-ճաշարաններում կարտոֆիլով կարկանդակի եւ փքաբլիթի արտադրությունն ու վաճառքը արգելելու մասին։
Պատճառաբանությունն այն է, որ «բուսական յուղի մեջ տապակված կարկանդակի մշտական օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա»։
Հրահանգի սկիզբը կարդալիս ստեղծվում է այն տպավորությունը, թե իր վտանգավորության աստիճանով կարտոֆիլով կարկանդակը գերազանցում է մսովին (՞)։ Հետո պարզվում է, որ վնասակար ազդեցությունը բուսական յուղի մեջ տապակված լինելով է պայմանավորված։ Մինչդեռ մանկուց մեզ սովորեցնում են, որ բուսական յուղը (ավելի հանրամատչելի՝ ձեթը) համարյա անմահության գրավականն է։ Այնուհետեւ ավելի անհասկանալի պարզաբանում է տրվում. վտանգավոր է կարկանդակների մշտական օգտագործումը։ Մեր ունեցած տվյալներով, վտանգավոր է ոչ թե առհասարակ ձեթով տապակված կարկանդակների օգտագործումը՝ մշտական, թե միանգամյա, այլ նույն՝ մի քանի անգամ (եթե ավելի ազնիվ լինենք՝ բազմակի) «տժտժացած» ձեթով տապակված կարկանդակների օգտագործումը՝ մշտական լինի, թե մի անգամ։ Բանն այն է, որ նույնիսկ մեկ անգամ եռալուց հետո բուսական յուղի մեջ առաջանում են քաղցկեղածին տարրեր (այստեղ խորհուրդ է տրվում չհիշել կարկանդականոցների քլթքլթացող ձեթով լիքը հսկա թավաները)։
Վերջին փաստը չժխտեց նաեւ Շենգավիթի համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանը։ Մեր այն մտահոգությանն ի պատասխան, թե դպրոցահասակ երեխաները կարկանդակ կարող են գնել ոչ միայն դպրոցների բուֆետներից, պրն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք հիմա ստուգումներ են կատարում կարկանդակ արտադրող բոլոր կետերում եւ մեկ շաբաթից կունենան ստուգումների ամբողջական պատկերը։ Պրն Հովհաննիսյանն ասաց, որ միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում թույլ կտրվի շարունակել նաեւ օբյեկտների գործունեությունը։ Առայժմ «համապատասխան պայմանների» ստուգողները չեն հանդիպել։
Կարդացեք նաև
Այս հարցում, թվում է, պիտի երանի տանք կոմունիստների ժամանակներին, երբ հրահանգ է եղել ընդհանրապես կարկանդակների արտադրությունն ու վաճառքը արգելելու մասին։ Իսկապես, ո՞ր մեկը «կղմշի», տաք-տաք «պեռաշկիների մի պարտիան» թավայից հանելուց հետո, թափել ամբողջ ձեթը եւ նորը լցնել։ Կամ առնվազն անհրաժեշտ է հայտարարել այնպիսի թավաների պատրաստման մրցույթ, որոնք թխողի կամքից անկախ կամ դրան հակառակ, ամեն «պարտիայից» հետո թարմացնում են իրենց միջի ձեթը՝ «զաստավիտով»։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ