Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Ապրիլ 02,1999 00:00
paxstakan

Հայաստանում պաշտոնապես ճանաչված 380 հազար փախստականներից միայն 1/3-ը ունի տանիք, աշխատանք եւ Հայաստանը համարում է իր մշտական բնակավայրը։ Չգիտես ինչու, բոլորին թվում է՝ եթե մարդը եկել է հայրենիք, բնականաբար, պետք է արագ եւ անցավ հարմարվի նոր պայմաններին։

Ցավոք, նույնիսկ այսօր, 10 տարի անց, փախստականները մնացել են փախստական, նույնիսկ ոչ վերաբնակիչ։ Գուցե դա՞ է նրանց կրկնակի փախուստի, այս անգամ՝ հայրենիքից դեպի այլ երկրներ, պատճառներից մեկը։ Մարդիկ ճիշտ են տրամաբանում. «Մեկ չէ՞ որտեղ քեզ փախստական կզգաս։ Իսկ դրսում գոնե կյանքը տանելի է»։ Հինգերորդ նամակն են գրում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չարենցավանաբնակ փախստականները՝ ինչ-որ չափով բացատրելի պատասխան ստանալու խնդրանքով։ Նախորդ չորս նամակներին պատասխանել են մի գրությամբ, թե նամակը ուղարկված է համապատասխան մարմին՝ քննարկելու։

1200 ընտանիքից (2340 մարդ) 200-ն ապրում է հանրակացարանում, մոտ 100 ընտանիք՝ Չարենցավանի բնակֆոնդի հատկացրած բնակարաններում, 618 ընտանիք ունի ժամանակավոր գրանցում, որն արդեն երրորդ անգամ երկարաձգվել է։ Չարենցավանցի փախստականների հիմնական խնդիրն է՝ թույլտվություն ստանալ մշտապես գրանցվելու այն բնակարաններում, որտեղ ապրում են արդեն տասը տարի եւ սեփականաշնորհելու։

«Մինչեւ ե՞րբ մենք պետք է ապրենք անհայտության մեջ։ Ինչքա՞ն կտեւի եւ ո՞ւմ է պետք, որ մենք այստեղ չմնանք։ Գործազրկության, թանկության, կյանքի անմարդկային պայմանների պատճառով, անորոշությունից փախստականների աշխատունակ մասը հեռանում է հանրապետությունից։ Գնում են երիտասարդները, առողջները, մնում են ծերերը, հիվանդներն ու երեխաները։ Մի՞թե մենք ոչ ոքի պետք չենք։ Ինչո՞ւ մեզ չեն գրանցում տներում, որտեղ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիք վերադառնալու օրից»,- գրում են փախստականները ՀՀ նախագահին։

1998-ին նախատեսված էր փախստականների համար կառուցել 20 քոթեջ եւ երեք հինգհարկանի տներ։ Սակայն Հայաստանում փախստականների հարցով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարիատի ներկայացուցչության ֆինանսավորման բացակայության պատճառով դրանք չկառուցվեցին։ Ներկայումս Չարենցավանի շրջակայքում 1995 թ. կառուցված 25 տնամերձերով քոթեջներում ապրում է 38 փախստական ընտանիք (136 մարդ)։ Չնայած բնակարանները բարեկարգ են, հարմարավետ, սակայն փախստականների ավանում ճանապարհները ասֆալտապատ չեն, աղբը չի հավաքվում (չվճարումների պատճառով), բարդություններ կան էլեկտրական հոսանքի եւ ջրի մատակարարման հետ կապված՝ դարձյալ չվճարումների պատճառով։

Այս բոլոր չլուծված խնդիրների համալիրում քիչ տեղ չի գրավում նաեւ հոգեբանական կողմը։ Եթե հանրապետության բնակչությունը լավ ապրեր, ապա նրանց կողմից փախստականների հետ կապված հարցերը կընկալվեին սրտացավությամբ։ Իսկ հիմա տեղացիները աշխատում են հեռու մնալ փախստականների խնդիրներից՝ հանգստացնելով խիղճը այն մտքով, որ իրենցն էլ իրենց բավական է։ Ճիշտն ասած, իրականությունն էլ դրան նպաստում է։ Փախստականներն ապրում են մեծ մասամբ մեկուսացած խմբերով՝ հանրակացարաններում, քոթեջներում, փաստորեն, «տապակվում են սեփական յուղում»։ Լեզվական պատնեշը խորացնում է այդ մեկուսացումը։ Մինչեւ հիմա փախստականների մեծ մասը բավարար չափով չի տիրապետում մայրենի լեզվին, եւ, որ ավելի ցավալի է, կարծես չի էլ ցանկանում։

Կորցրածը փոխհատուցելու մասին խոսելն արդեն իմաստ չունի։ Այստեղ մենք մոտենում ենք ամենագլխավորին. կա՞ր արդյոք պետական քաղաքականություն, որը կնպաստեր փախստականների հարմարվելուն նոր միջավայրում։ Այս առիթով ուզում եմ հիշեցնել խորհրդարանի դատարկ դահլիճի մասին, երբ քննարկվում էր փախստականների մասին օրենքի նախագիծը։

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ տասը տարի անց Հայաստանում ծնված ու մեծացած երեխաները չեն հասկանա մեծերին, որոնք կպատմեն, թե ինչ դժվարությամբ են հարմարվել Հայաստանում։ Որովհետեւ Հայաստանը կլինի նրանց երկիրը, նրանց հայրենիքը։

ԼԵՎ ՕԳԱՆԵԶՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930