Ինչպես հայտնի է՝ մեզ մոտ շատ հաճախ են խոսում, միջազգային ստանդարտների մասին, եւ ոչ միայն խոսում են, այլեւ որոշակի քայլեր են արվում այդ ուղղությամբ: Ի դեպ, բոլորովին հաշվի չառնելով մեր երկրի եւ ժողովրդի այսօրվա ռեալ իրավիճակը:
Այստեղ տեղին է հիշեցնել ժողովրդական ասացվածքը «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր»: Դրանից հետեւում է՝ սկզբից վերմակդ մեծացրու, հետո ոտքդ մեկնիր: Այլ կերպ ասած՝ առաջին հերթին պետք է մտածել ազգաբնակչության սոցիալական վիճակի մասին, գործել դրա բարելավման ուղղությամբ՝ մոտեցնելով այն, այսպես ասած, միջազգային ստանդարտներին, նոր հետո մտածել նրա սպասարկման տարբեր ոլորտների մակարդակի բարձրացման մասին: Ասածը պարզ լինելու համար դիտարկենք մի քանի օրինակներ:
1998թ. ավտոմեքենաների պետական համարանիշների պարտադրված զանգվածային փոխանակումը, իսկ 1999թ. նախատեսվում է վարորդական փաստաթղթերի փոխանակումը զգալի գումարներով (համարների փոխանակման համար՝ 12000 դրամ, իսկ վարորդական տոմսի համար՝ 12000 դրամ)։
Այս փոխանակումները հիմնավորելու համար բերվում են հետեւյալ պատճառաբանումները.
Առաջինը անհրաժեշտ է արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, որ մեքենայի համարանիշը եւ վարորդական տոմսը համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Ակնհայտ է, որ նման պատճառաբանումը ոչ մի լուրջ հիմք չունի, քանի որ ներկա պայմաններում մեր հանրապետությունից մեքենայով արտասահման (առավելապես հեռու արտասահման) ուղեւորվում են առանձին անհատներ, որոնք էլ կարող են ձեռք բերել նոր համարանիշ եւ նոր վարորդական գրքույկ:
Երկրորդ պատճառաբանումը՝ հանրապետության տարածքում գտնվող ավտոմեքենաների հաշվառման անհրաժեշտությունը (առավել հասկանալի չէ, երբ դա ասվում է վարորդական տոմսերի փոխանակման դեպքի համար): Ինչպես հայտնի է, այդպիսի հաշվառում ամեն տարի կատարվում է ավտոմեքենաների պարտադիր տեխնիկական զննման ժամանակ: Եթե դա բավարար չէ, ապա անհրաժեշտ է բարձրացնել դրա մակարդակը (կիրառելով համակարգիչներ եւ այլն):
Այսպիսով, երկու պատճառաբանումներն էլ ոչ մի լուրջ հիմք չունեն եւ կասկած են հարուցում, որ այդ միջոցառումները իրականացվում են որոշակի ուժերի դրդումով, շահադիտական նկատառումներով:
Հաջորդ օրինակը կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղերի լայնածավալ պարտադրված ներդնումը միջազգային ստանդարտներին համապատասխան:
Այստեղ նույնպես չի բացառվում շահադիտական դրդապատճառների առկայությունը, ինչպես, օրինակ, մի քանի տարի առաջ իրականացվեց ավտոմեքենաների կրակմարիչների օպերացիան բավականին մեծ մասշտաբներով:
Չնայած այս ցուցակը կարելի էր շարունակել, բայց, հավանաբար, բերված օրինակները բավարար են ցույց տալու հարցի այսպիսի մոտեցման սկզբունքային սխալները, որոնք համարժեք չեն ազգաբնակչության ներկա սոցիալական վիճակին, որը շատ հեռու է միջազգային ստանդարտներից:
Օրինակ՝ ըստ միջազգային ստանդարտների, գործազրկությունը կազմում է պոտենցիալ աշխատուժի մի քանի տոկոսից մինչեւ 10% սահմաններում, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է, աշխատատեղերն են կազմում 5-10% սահմաններում:
Ելնելով վերը նշվածից, ակնհայտ է, որ մեր հանրապետության ներկա իրավիճակում նոր աշխատատեղերի ստեղծման պրոբլեմը կարելի է համարել համար մեկ գերխնդիրը եւ ցանկացած հարցի լուծումը պետք է առաջին հերթին գնահատվի տվյալ ցուցանիշով:
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր