Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՃՇՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլ 02,1999 00:00
Toto

Մեծ փողերի եւ իշխանության հարաբերությունն իսկապես հետաքրքիր ոլորտ է։ Մեծ փողերն, անշուշտ, լծակներ ունեն իշխանությունների վրա ազդելու բոլոր երկրներում։ Քաղաքական գործիչները համարյա ամենուրեք ընտրվելու եւ վերընտրվելու կարիք ունեն։ Հետեւաբար քաղաքական գործիչներն ընդհանրապես ու պարբերաբար նյութական աջակցության կարիք ունեն։

Հայաստանում պատկերը մի փոքր այլ է։ Ասել է, թե՝ տրամագծորեն հակառակն է։ Հայաստանում մեծ փողերը քաղաքական աջակցության կարիք ունեն։ Մի քանի տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ հանրապետությունը կապիտալի նախնական կուտակման փուլ է անցնելու։ Գործարարները հասկացան, որ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալը լավ բիզնես-պլանից կարեւոր բան է։

Հայաստանում ֆինանսական օլիգարխիան փաստորեն ձեւավորվեց կա՛մ իշխանական կառույցների կողքին, կա՛մ բուն կառույցի ներսում։ Նրանք, ովքեր սկզբում «քաղաքական» գործիչ էին, այսօր խնամքով թաքցնում են, որ բանկեր ու այլ ձեռնարկություններ են տնօրինում։ Իսկ նրանք, ովքեր քրեական ու ոչ քրեական ճանապարհով էին կապիտալ կուտակում, որպես կանոն, անընդհատ հովանավոր (կռիշա) են փնտրում։ Վերջին իշխանությունը կտրուկ ցնցեց այս դաշտում սկսվող պրոցեսները։ Գործարարներից (օլիգարխներից) շատերն էին հասկացել, որ հավերժական հովանավորներ չկան։ Հեռատեսները դեռ 1996-ին փորձեցին անցնել իշխանական դաս՝ քվեարկվելով համայքապետերի- թաղապետերի ընտրություններում։ Մյուս հատվածն այսօր է հավակնում իր հարցերը լուծել ԱԺ պատգամավորական ընտրություններում։

Մեր իրավապահ մարմիններն իրենց բնորոշ՝ առարկություն չընդունող տոնով երեկ հայտարարեցին, որ բացահայտվել է հերթական «աղմկոտ» մահափորձը։ Անցյալ տարի Ավանի թաղապետ, «Գրանդ-Տոբակո» ձեռնարկության եւ «Հայծխախոտ» ԲԲԸ խոշոր փայատեր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) դեմ մահափորձ կատարվեց։ Այսօր հայտարարվում է, որ մահափորձը 40 հազար դոլար «գնահատելով» ֆինանսավորել է «Հայծխախոտի» հին (խորհրդային շրջանից) ու նախկին տնօրեն Լիդիա Ավագյանը։ Վերջինս Երեւանի կենտրոնի մեծ խանութներից մեկի՝ «Եվրոպայի» սեփականատերն է։ Օլիգարխներն իրար հետ վիճել էին՝ տիկին Ավագյանին հեռացրել էին «Հայծխախոտի» տնօրենի պաշտոնից։

Օլիգարխներն իրար հետ հաշիվ մաքրելու համար դիմում են իշխանությունների օգնությանը։ Նախ Սարգսյանը դիմեց իշխանության ներկայացուցիչներին։ Համենայնդեպս, այդպես են պնդում մեր իրավապահները՝ մահափորձը պատվիրվել է ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալները գործը գլուխ չեն բերել։ Այնուհետեւ Սարգսյանը «Հայծխախոտի» իր բաժնետոմսերը (ընդհանուրի մոտ 23%) վաճառեց Կարեն Բաբայանին՝ գերազդեցիկ Սամվել Բաբայանի եղբորը։ Հետո ձեռնարկությունը երկար ժամանակով փակվեց՝ աուդիտ անցնելու պատրվակով։ Այնուհետեւ հայտնվեց «Եղբայրը եղբորն է օգնում» հանրահայտ տեսագովազդը։ «Գրանդ-Տոբակոն», փաստորեն, հավակնում է օգնել իր մրցակից գործընկերոջը։ Հիշեցնենք, որ երկու ձեռնարկությունների սեփականատերերը նույն գործարարներն են։ Այս ընթացքում «Գրանդ-Տոբակոն» դարձել է հանրապետության թիվ մեկ հարկատու արտադրական ձեռնարկությունը։

Փաստորեն, օլիգարխներն իրար հետ հարաբերություն պարզում են իշխանության տարբեր թեւերի ու թեւիկների միջոցով։ Սա արդեն հետաքրքիր է եւ դառնում է նեոհայկական իրականություն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել