Լրահոս
Օրվա լրահոսը

Սամոն եւ Սյամոն

Ապրիլ 02,1999 00:00
cucak

Եկել է մեռած հոգիների վերակենդանացման ժամանակը։ Եվ ոչ միայն՝ ընտրացուցակների կազմման հարցում։ Մեռելածին կուսակցությունների կողքին հարություն են առնում իրենց կենսագրության ամենածաղկուն շրջանում բնակչության 0,1%-ին հայտնի, իսկ վերջին տարիներին ընդհանրապես անհետացած կուսակցություններ։

Նրանք մի ձգտում ունեն, այն է՝ փրկել մեր ժողովրդին։ Իսկ մեր ժողովուրդը կործանվել է այն ժամանակ, երբ այդ կուսակցական գործիչները հեռացվել են իշխանության ճաշասեղանից։ Եթե կոմունիստների համար մեր սոցիալիստական հայրենիքը սկսվեց կործանվել 1990-ին, ապա ժողովրդավար Էդվարդ Եգորյանի համար՝ 1996-ին, երբ նախագահական ընտրությունները կեղծելու առաքելությունը իրենց ձեռքը վերցրին Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանի կարծիքով, դա սկսվել է 1993-ից, որից կարելի է ենթադրել, որ հենց այդ ժամանակ է տեղի ունեցել նրա մեկուսացումը հիշյալ սեղանից։

Սամվել Շահինյանը անկեղծանալով ասաց, որ իրենց համագործակցությունը չի ստացվում ոչ մի կուսակցության հետ եւ դրա պատճառը ամբիցիաներն են։ Այնպես որ, ՍԻՄ-ը, փորձելով ներկայացնել իրենց դաշինքը «Ազգային պետության» հետ, ցանկալին շփոթում է իրականության հետ։ Պետք է սակայն հիշել, որ 1997-ին «Ազգային պետությունն» էր դիմել ՍԻՄ-ին՝ միավորման գործընթաց սկսելու առաջարկով, որը այդպես էլ չկայացավ։

Սամվել Շահինյանին կարելի է արմատական ընդդիմադիր համարել։ Միայն այդպիսի իմիջի գործչին է վայել ՀՀԿ-ՀԺԿ դաշինքի հետեւյալ գնահատականը. «Կոնյունկտուրային բուրժուազիան եւ ռազմական ֆեոդալիզմը դաշինք են կնքել»։ Մեր այս եզրակացությունը, սակայն, մի փոքր ուշացած է, քանի որ խոսելով իր ընկերների մասին, Սամվել Շահինյանն ասաց, որ իր ընկերներն են Վազգեն Սարգսյանը եւ Սամվել Բաբայանը։ Հետաքրքիր է, թե Հայաստանը ժողովրդավարության մայրուղի դուրս բերելու ամբիցիաներ ունեցող այս գործիչը ինչպես կարող է ընկերություն անել Հայաստանի ամենախոշոր ռազմական ֆեոդալների հետ եւ հպարտանալ այդ ընկերությամբ։ Սամվել Շահինյանը չժխտեց, որ իր կուսակցության ընտրարշավը ֆինանսավորվում է ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից։ «Եթե հնարավորություն ունենար, ինձ կօգներ նաեւ իմ մյուս ընկեր Արշակ Սադոյանը»,- ասաց Սամվել Շահինյանը՝ ավելացնելով, որ շատերը հասկացել են, որ եկել է Սամվել Շահինյանին պարտքերը վերադարձնելու ժամանակը։

Ստորագրահավաքն էլ շատ դժվար է ընթանում, հավաքվել է ընդամենը 15 հազար ստորագրություն։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930