Դեռ 1998-ի ամռանն էր Սենատի նախագահ Ռընե Մոնորին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին Ֆրանսիա հրավիրել։ 1999-ի մարտին Սենատի նորընտիր նախագահ Քրիստիան Պոնսըլեն եւս իր կողմից հրավիրել էր նրան։ Եվ արձագանքելով այդ կրկնակի հրավերին՝ ԱԺ նախագահն իր հետ Փարիզ բերեց խորհրդարանի պատվիրակությունը, 10 գործարարների եւ 8 լրագրողների։
Բա Իգիթյա՞նը
Պատվիրակության կազմում բացակայում էր 1990-ից Հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Հովհաննես Իգիթյանի անունը, որի պատճառների մասին եւ հետաքրքրվեցինք Խոսրով Հարությունյանից։ Հարցը երեւի բավական հռետորական է, քանզի նրանց «ջերմ» փոխհարաբերությունները հայտնի են. «Նրա լինել-չլինելով չի պայմանավորված, թե արդյոք մենք ուզում ենք Ֆրանսիայի խորհրդարանի հետ համագործակցել կամ ոչ,- պատասխանեց ԱԺ նախագահը։- Ուղղակի կազմը ձեւավորվել է բազմակուսակցական որոշակի սկզբունքով։ Եվ մենք պրն Պոնսըլեի հետ կաշխատենք այնպիսի ծրագրեր քննարկել, որոնք հեռանկարային են եւ կապված չեն միայն այս խորհրդարանի հետ, այլեւ ընդհանրապես Ֆրանսիայի եւ Հայաստանի օրենսդիր մարմիների համագործակցությանն են վերաբերելու»։
ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում, ճիշտ է, ներառված չէ ամենամեծ խմբակցության՝ «Հանրապետության» ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կան ե՛ւ իշխանամետներ («Երկրապահից» Գագիկ Մինասյանը եւ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը), ե՛ւ ընդդիմադիրներ (կոմունիստ Խորեն Սարգսյանը եւ ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանը)։
Կարդացեք նաև
Միջխորհրդարանական կապերի «խորացումից եւ ընդլայնումից» զատ, Խոսրով Հարությունյանն ակնկալում էր, թե պրն Պոնսըլեի հետ կքննարկեն «Հայաստանի ԱԺ-ին Սենատի աջակցության որոշ ծրագրեր՝ ե՛ւ Ֆրանսիայի փորձառության օգտագործման, ե՛ւ աշխատանքների կազմակերպման իմաստով»։ Թերեւս այս մի ակնկալիքը կարդարանա՝ նկատի ունենալով բավական ջերմ հանդիպումը (այդ մասին՝ ստորեւ)։
Սակայն մարտի 30-ին արդեն իսկ մի ակնկալիք չարդարացավ, որ Խոսրով Հարությունյանին կընդունի Ժակ Շիրակը։ Դիվանագետներից մեկի բացատրությամբ՝ ԱԺ նախագահների Ֆրանսիայի նախագահը սովորաբար չի ընդունում։ Սակայն Խոսրով Հարությունյանի համար մի հարցում բացառություն արեցին։ Երեքշաբթի Լուվրը սովորաբար փակ է լինում՝ մեր պատվիրակության համար այն բացեցին, եւ նրանք հնարավորություն ստացան ծանոթանալու եգիպտական բաժնին։ Ասում են, որ այդքան ժամանակը բավական է հասկանալու, որ Լուվրին ծանոթանալու համար երկու ժամը շատ քիչ է։
Գլխարկավոր հանդիպումներ
Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում Խոսրով Հարությունյանը մարտի 30-ին դասախոսություն կարդաց «Կովկասում խաղաղության հեռանկարները. հույսեր եւ իրողություններ» թեմայով։ Թերեւս նույն խնդրի շուրջ նրա հետ կարելի է ավելի մեծ հաջողությամբ Երեւանում էլ զրուցել, ուստի միայն նշենք, որ նրա ունկնդիրներին հետաքրքրում էին ե՛ւ ընդհանուր պետության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, ե՛ւ Ղարաբաղի ու Կոսովոյի միջեւ զուգահեռները, ե՛ւ ՍՊԻԴ-ի դեմ դեղամիջոցի հայտնաբերումը։
Մարտի 31-ին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված խորհրդակցության բացմանը ներկա գտնվեցինք, որտեղ առավել քննարկվում էին սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի կազմակերպչական խնդիրները (ասենք, թե Սփյուռքն ինչպես պիտի ներկայացված լինի այս համաժողովում եւ այլն)։
Վարդան Օսկանյանն այս բավական ներկայացուցչական խորհրդակցության վարողն էր. «Ես իմ՝ արտաքին գործերի նախարարի գլխարկը հանում եմ եւ այստեղ հանդես եմ գալիս որպես հանձնաժողովի համանախագահ, բայց նաեւ սեղանի մի կողմում պահում եմ իմ՝ սփյուռքահայի գլխարկս։ Կարծեմ թե, մեկ-մեկ պիտի ստիպվիմ դա էլ հագնել»։ Ահա այս յուրօրինակ «անփողկապ» հանդիպման ընթացքում էլ պրն Օսկանյանը մի խոստովանություն արեց. «Պետք չէ հուսահատվել։ Ես 1991-ին Հայաստան գնալու մասին որոշում կայացրի՝ որպես ԱԳՆ սովորական աշխատող։ Ես հավատք ունեի, որ Հայաստանն ապագա ունի։ Շատ հուսահատությունների եմ մատնվել։ Շատ է եղել, որ երեկոյան նախարարությունից տուն եմ գնացել եւ մտածել, որ միգուցե հետ վերադառնամ, բայց դա չեմ արել, որովհետեւ սա է մեր հայրենիքը, եւ մենք պիտի ամեն ինչ փորձենք անել այսօր դժվար քայլող, հուզվող, բայց աճող այդ երեխայի համար»։
Նման է, չէ՞, հանրահայտ պատմությանը կեղտի մեջ ապրող որդի մասին, որն ասում է. «Սա է մեր հայրենիքը»։
Ֆրանսիայի Սենատի ցանկապատը՝ անսասան
Ռուբեն Հակոբյանն ու Սեյրան Ավագյանը Սենատ մեկնելուց առաջ պայմանավորվել էին իրար հետ. «Տեղի հայ համայնքին կոչ կանենք, որ եթե կես ժամից չվերադառնանք՝ գան մեր հետեւից»։ Թերեւս նրանք էլ այսպես էին մտադիր հետապնդել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Ֆրանսիայի Սենատի օրակարգում ապասառեցնելու հարցը։
Նախապես Խոսրով Հարությունյանին էլ էի հարցրել, թե արդյոք մտադի՞ր է քնարկել այդ խնդիրը. «Հավանաբար դա չի կարող քննարկման հիմնական առարկա դառնալ, այլ մեր շփումների ընթացքում զրույցների թեմաներից մեկն է։ Բնական է, որ ինձ հետաքրքրում է, թե ինչ հեռանկարներ է կարող ունենալ այդ օրինագիծը։ Բայց որքան տեղյակ եմ, պրն Պոնսըլեն պակաս շահագրգռված չէ այդ օրինագծի ընդունման մեջ»։
Սենատի նախագահը խիստ ջերմ էր ընդունել իր հրավիրած պատվիրակությանը։ Վերջինիս անդամներից մեկը սա ընդգծեց՝ ի հակադրություն մարտի 31-ի առավոտյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժան-Պոլ Բրետի վերամբարձ վերաբերմունքի, որի հետ վաղ առավոտյան նախաճաշել էին սահմանափակ շրջանակով։
Քրիստիան Պոնսըլեի հետ անկեղծ զրուցել էին։ Հանդիպման ավարտից հետո էլ լրագրողների ներկայությամբ նա «մեր սիրուն երկիրը» տեսնելու ցանկություն արտահայտեց։ Խոսրով Հարությունյանն էլ նրան ձեռագործ գորգ եւ հայկական դրոշմանիշների հավաքածու նվիրեց՝ վերջինս՝ մարտի 24-ին պրն Պոնսըլեի ծննդյան օրվա կապակցությամբ։ Սենատի նախագահն էլ Հայաստանի հատուկ ծառայություններին շնորհակալություն հայտնեց՝ իր նախասիրությունների վերաբերյալ լավատեղյակության համար։
Այս ամենով հանդերձ՝ երբ լրագրողները փորձեցին պարզել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Սենատի օրակարգում վերստին ներառելու մասին, իր դիրքորոշումն այսպես հայտնեց. «Ճիշտ է, սիրտն իր բանականությունն ունի, սակայն երբեմն բանականությունը, դժբախտաբար, հաղթում է»։
Նրան տրվել են նաեւ այլ հարցեր, որ կներկայացնենք վաղը։ Իսկ օրվա ամենակարեւոր իրադարձությունն, այնուամենայնիվ, Ֆրանսիա-Հայաստան ֆուտբոլային խաղն է։ Առայժմ հայտնենք, որ առաջին հարվածը գնդակին պիտի Շառլ Ազնավուրը հասցնի։ Ըստ հոռետեսների կանխատեսումների՝ հայերի պարտության դառնությունը մեղմացնելու համար։
Փարիզ