Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստեց» նաեւ «Անի»-ն

Ապրիլ 02,1999 00:00

«Նստեց» նաեւ «Անի»-ն «Անի» հյուրանոցի՝ միջազգային մրցույթով սեփականաշնորհումից հետո բավականին ժամանակ է անցել, սակայն հյուրանոցի աշխատակիցների կարգավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Երեկվանից հյուրանոցի աշխատակիցները նստացույց հայտարարեցին։ Հյուրանոցը սեփականաշնորհվել է առանց աշխատատեղերի պահպանման։ Առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարար Հ. Գեւորգյանի՝ 1998 թ. հունվարի 25-ի թիվ 7 հրամանի համաձայն, հյուրանոցի տնօրեն պարոն Փափազյանը աշխատանքից ազատել է հյուրանոցի աշխատակազմին։ Տնօրենի ասելով՝ հաշվեկշիռը նախարարին ներկայացնելուց հետո, ինքը եւս կազատվի աշխատանքից, եւ կգան հյուրանոցի տերերը։ Ժողովի ժամանակ սեփականատերերի ներկայացուցիչն ասել է, թե «աշխատողների մեծամասնությունը կմնա, կաշխատի, իսկ այն փոքրամասնությունը, որը կազատվի, երկու տարի շարունակ կստանա իր աշխատավարձի 50 տոկոսը միանվագ, իսկ ով որ կընդգրկվի շինարարության մեջ, կստանա աշխատավարձ»։ Այս պայմանները բոլոր աշխատողներին հարմար էին, սակայն «հասավ այն օրը, որ պայմանագրեր չկազմեցին, մեկ ասում էին՝ մարտի 1-ին, մեկ՝ 10-ին, հասավ 26-ը, մենք նորից հավաքվեցինք եւ ասացինք, որ իրենց ասած ոչ մի կետը չի կատարվել։ Սեփականատիրոջ ներկայացուցիչ պարոն Մանուկովը շատ հանգիստ հրաժարվեց իր բոլոր խոսքերից»։ Այժմ կոլեկտիվը հավաքվել է իր շահերի պաշտպանության համար։ Աշխատակիցներն իմացել են, որ իրենց հրամանով աշխատանքից ազատել են, սակայն հրամանները դեռ չեն տեսել։ Հյուրանոցի տնօրեն Փափազյանի ասելով «Անի-Ինտերփրայսիս»-ի լիազոր ներկայացուցիչ Վահե Յակուբյանը նամակով հայտնել է նախարար Գեւորգյանին բոլոր այն պայմանների մասին, որոնք ժողովի ժամանակ հայտնվել են աշխատակիցներին։ Տնօրենը կարդաց մեկ այլ նամակ եւս, ըստ որի հյուրանոցի «փակման փաստաթուղթը պետք է կնքվի 99 թվականի հունվարի 28-ին, կամ՝ մինչ այդ։ Փակման փաստաթղթի կնքման 30 օրվա ընթացքում մենք պետք է սկսենք «Անի» հյուրանոցի ընդունումը եւ այդ ժամանակ մենք պետք է շրջենք հյուրանոցի հարկերով եւ հաստատենք 98 թվականի դեկտեմբերին բիզնես-կոնտակտի կողմից կատարված գույքագրման ցուցակների մեջ ընդգրկված ապրանքների առկայությունը։ Կառավարությունը պատասխանատու է բոլոր բացակայող գույքի համար» (…) Մենք կփորձենք վարձել որքան հնարավոր է շատ հյուրանոցային աշխատողներ շինարարության ժամանակ։ Մենք առաջնակարգ աշխատողներին հնարավորություն կտանք ներգրավվելու հյուրանոցային աշխատողների համար նախատեսվող ուսուցողական ծրագրերում՝ հյուրանոցի տնօրենի կամ կառավարչի հաստատմամբ։ Մենք կպահպանենք հյուրանոցի հայկական ոճը…», եւ այլն։ Տնօրեն պարոն Փափազյանը մեզ ծանոթացրեց այս նամակներին առանց մեկնաբանության։ … Իսկ աշխատակիցները թերահավատ են։ Գործազրկության հեռանկարը շատ շոշափելի է։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել