Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) ղեկավար Վազգեն Սաֆարյանը կուսակցության առաջին համագումարում հայտարարեց, թե առաջադիմական կուսակցությունը հիշաչար չէ եւ պատրաստ է հարաբերությունները վերահաստատել Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ։ Եթե հիշում եք, ՀԱՄԿԿ-ի մի քանի դեմքեր ժամանակին վտարվել են ՀԿԿ-ից։
Վերոհիշյալ հարցը մեկնաբանում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բադալյանը. «Գիտեք ինչ, այդ կուսակցություն ասվածը մի աղմկոտ խմբակ է, բառիս բուն իմաստով եւ անեկդոտի հասնող անվանումով։ Այնտեղ, մեր տվյալներով, միավորվել են մի հարյուր հոգի, կուսակցությունից վտարված վեց հոգու բարեկամներն ու ազգականները։ Այդ վեց հոգին վտարվել են կուսակցության քաղաքական գծին, կուսակցության կանոնադրությանը հակառակ գործողությունների համար։ Այնպես որ, անհեթեթ կլիներ, եթե նրանք մեզ հետ ինչ-որ բանակցություններ վարեին։
Կուսակցության մեջ վերադառնալու մի եղանակ կա. պետք է դիմել, մեղանչել, դա մեր կանոնադրությամբ նախատեսված է։ Սա է մեր մոտեցումը։ Իսկ կուսակցությունից վտարվել, կուսակցության դեմ ամենախայտառակ բամբասանքներ տարածել, հետո փորձել միավորվել ինչպես հավասարը հավասարի հետ, այդպիսի բաներ բնության մեջ չի լինում։ Դա ծաղր ու ծանակի հասնող մի կազմակերպություն է, որը փաստորեն մերժում է կոմունիստական բառին յուրահատուկ երկու գլխավոր գաղափարները. մարքս-լենինյան ուսմունքը՝ որպես հիմք եւ դեմոկրատական ցենտրալիզմը՝ որպես կազմակերպչական հիմք։
Նրանք մերժում են մարքսիզմ-լենինիզմը՝ ասելով, որ իրենք հետեւելու են եվրոպական սոցիալիզմին, այսինքն՝ դա աջ սոցիալ-դեմոկրատիայի հասկացություն է, եթե իրենք հասկանում են, ընդհանրապես, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե դեմոկրատական ցենտրալիզմը մերժում էին, ուրեմն իրենք ոչ մի կապ չունեն կոմունիստականի հետ։ Նրանք կոմունիստականը պահպանում են միայն, որպեսզի փորձեն դրանով միավորներ ձեռք բերել։ (…) Այդ նույն Սաֆարյանը շատ է սիրում թվարկել կուսակցությունները՝ մարքսիստական, բանվորական, կոմունիստական…։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այդ կուսակցություններում մեկ հոգուց ավելի մարդ չկա եւ բոլորն էլ կուսակցությունից տարբեր ժամանակներում վտարվածներն են։
Կարդացեք նաև
Ո՞ւմ վտարեցինք, դարձավ մարքսիստական կուսակցություն, մյուսը՝ կոմունիստական բանվորական կուսակցություն էր, որտեղ էլի մեկ հոգի էր, որը մոմ էր թափում, նրա բանվորությունը դրանով էր պայմանավորված։ Ժամանակին մոմ էր սարքում ու վաճառում էր, եւ դրանով իրեն բանվոր էր համարում։ (…) Երեւի ժամանակն է, որ սրան վերջ տրվի, երբ մեկ հոգով կամ վեց հոգով կարելի է կուսակցություն ստեղծել, որովհետեւ հակառակ դեպքում սա նույն աղանդավորությունն է, սա ազգի պառակտման միջոցն է»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ