Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ԱՊՐԻԼԻ ՄԵԿԸ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

Ապրիլ 02,1999 00:00
Azgayin joxov

ՀՀԿ-ՀԺԿ դաշինքի գաղափարական ընդհանրությունները՝ բացի միավորվողներից, այլ կուսակցությունների համար այնքան էլ պարզ (եւ «բարի») չեն։ Երեկ հերթական բրիֆինգների ընթացքում դա փորձեցին հասկացնել ԱԺ խմբերն ու խմբակցությունները։

Մեզ մոտ՝ Ֆինլանդիայում

Shavarsh Qocharyan

ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը Ջեմմա Անանյանի հետ Ֆինլանդիա էր մեկնել եւ վերադարձել շատ բուռն տպավորություններով։ Բայց գլուխը չէր կորցրել։ Նախ ներկայացրեց ՀՀԿ-ՀԺԿ-ի միասնության իր ընկալումը։ Փաստորեն, առաջին անգամ ընտրությունների երկու կենտրոն կա եւ երկուսն էլ հնարավորինս շատ մանդատներ են ուզում ստանալ։ Այս միությունը կամ ամենաթողության պատճառ կդառնա, կամ էլ մեկը մյուսին կզսպի։ Դեմիրճյանը, որ հնարավորություն ուներ միայնակ մասնակցել ընտրություններին, չգնաց դրան եւ մնաց կառավարելի։ 96-ի պետական հեղաշրջման հեղինակները Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։

Շավարշ Քոչարյանը ճշտեց նաեւ, որ նախագահի թեկնածու Դեմիրճյանի եւ նախագահ Քոչարյանի նախընտրական ծրագրերը կրկնել են Վազգեն Մանուկյանի ծրագիրը։ Դե, ասենք, այս կետը. «Բոլորն օրենքի առաջ հավասար են» կամ էլ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին «հատվածը»։ Համ էլ «Օրինաց երկրի» մեջքին Սերժ Սարգսյանն է։ «Բայց եթե նա էլ չէ, ուրեմն ավելի վտանգավոր է»։

Համ էլ «Օրինաց երկիրը» հեռուստաալիք ունի եւ 35000 անդամ։

-ԱԺ՝ դո՛ւ։

-ԱԺ-ն կաղ է

Armen Martirosyan

Բարեփոխական Արմեն Մարտիրոսյանը նույնպես խոստովանեց, որ իր համար նույնպես պարզ չէ ՀԺԿ-ՀՀԿ կապի գաղափարական եզրը։ Պարզապես, իշխանության գինը բարձրացել է, եւ զուգահեռաբար փոխվել է նաեւ դրան տիրանալու տեխնոլոգիան։ «ԱԺ-ում կոնստրուկտիվիզմը զրոյական մակարդակի վրա է», ու պրն Մարտիրոսյանը կողմ է, որ մինչեւ ընտրությունները ԱԺ բերվեն ոչ թե ծանր, այլ «թեթեւ» օրենքներ (ասենք՝ «Օրենք բմբուլի կամ սարի սմբուլի մասին- Լ. Ա.)։

Լավատեսը

Sergey Badalyan

Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը ՀՀԿ-ՀԺԿ միությունը պատեհապաշտության արդյունք համարեց եւ գուշակեց այդ միության կարճ կյանքը։ ՀՀԿ-ՀԺԿ միության կյանքի կարճատեւությամբ էլ պրն Բադալյանը պայմանավորեց կոմկուսի կյանքի հարատեւությունը. այն մարդիկ, որոնք մինչ այդ չէին կողմնորոշվում՝ ում ընտրել՝ Բադալյանին, թե Դեմիրճյանին, այժմ կկողմնորոշվեն (հօգուտ Բադալյանի)։ Իսկ կոմունիստական այլ մանր-մունր կուսակցությունների հեղինակները բուն Կոմկուսից վտարվածներն են։

Ես-Ի՞Մ

Nerses Zeynalvandyan

Ներսես Զեյնալվանդյանը ոչ մի փորձ չանելով դուրս գալ շրջանակներից, ուրախացրեց լրագրողներիս՝ հայտնելով ԻՄ-ի հետաձգված ասուլիսի մասին։ Իսկ ԻՄ-ի գործն արդար է, քանի որ «մեր թիմում է մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործիչը՝ Պարույր Հայրիկյանը»։ Այժմ ԻՄ-ը պատրաստ է լինել ժողովրդի հենարանը (իսկ այդ ցանկությունը փոխադա՞րձ է- Լ. Ա.)։ ՀՀԿ-ՀԺԿ դաշինքը համարվեց խիստ նպատակային, իսկ ԱԺ-ի վերջին նիստերից Հայրիկյանը հարգելի պատճառով էր բացակայում՝ Կիեւում ընկերոջ թաղմանն էր մասնակցում։

Արտիստը

viktor dallaqyan

«Երկրապահ» պատգամավորական խմբի անունից հանդես եկավ Վիկտոր Դալլաքյանը։ Նա պերճախոսեց, որ «Ընտրական օրենսգիրքը» դեռեւս ազատ-արդար ընտրությունների երաշխիք չէ։ Դրա երաշխիքը մասնակիցների կամքն է ու վճռականությունը (բայց մի՞թե սրանք քաղաքական կատեգորիաներ են- Լ. Ա.)։ «Միասնություն» դաշինքը արդար ընտրությունների երաշխիքի իր բաժին պատասխանատվությունը վերցրել է։ «Միասնությունը» ձախ կենտրոնամետ կառույց է։ Չկայացած եռօրյան հռետորը վերագրեց նախընտրական փուլին եւ բացառեց տապալման դիտավորությունը։ Նրա անձնական կարծիքով՝ ՀՀ նախագահը կարող էր եւ չգնալ Վատիկան, քանի որ Վատիկանը Իտալիայում է, իսկ Իտալիան ռմբակոծում է Սերբիան։ Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կնախագահի մինչեւ իր լիազորությունների ավարտը, պրն Դալլաքյանը վստահ է։ Ապագա վարչապետին ընտրելիս նախագահը պետք է հաշվի առնի նաեւ խորհրդարանական կուսակցություններին։ Խոսքերի արանքում պրն Դալլաքյանը չէր մոռանում հիշեցնել, որ ինքը միշտ առաջինն է (բայց ոչ «Միասնության» ցուցակում)։

Նեղացածը

«Հայրենիքի» անդամ Արմեն Կիրակոսյանը գիտեր, որ Խոսրով Հարությունյանը չէր ուզում ԱԺ-ում քննարկել սակագների հարցը։ Չէր ուզում նաեւ, որ լսեն դատախազի հաղորդագրությունը։ Ու հիմա էլ մեկնել է Փարիզ, ֆուտբոլ է դիտում ու էնտեղից էլ հրահանգում, որ «Պառլամենտական ժամը» կնվիրեք միջխորհրդարանական կապերին։ ՀՀԿ-ՀԺԿ նախագահական բանակցություններին մասնակցել է նաեւ Էդվարդ Եգորյանը, իսկ «Օրինաց երկիրը» «Հայրենիքը» լուրջ չի ընդունում։ Օրվա միակ սրամիտը պրն Կիրակոսյանն էր։ Հենց նա էլ պատմեց հետեւյալ անեկդոտը։ Ղարաբաղցին հարցնում է երեւանցուն.

-Հո՞ւնց ըս։

-Հունց կասիս։

Խորհրդարանում ապրիլի մեկը պաշտոնական տոների ցանկում չկա։ Ու դրան բոլորը ծիծաղելիորեն լուրջ են վերաբերվում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930