Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ կա-չկա ՀՀՇ-ի մյուս թեւում

Ապրիլ 02,1999 00:00
Babken Ararktsyan

Վերջին շրջանի ներհհշական գործընթացներն անպայմանորեն ուղեկցվում են բնորոշիչ էլեմենտներով՝ ասել է թե, այս կամ այն շարժին ինչ արձագանք կտա, ինչպես արդեն ընդունված է ասել, վանոյական կամ արարքցյանական թեւը։

Այսօր, բնականորեն, գրեթե բոլոր գործընթացներն առնչվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ու եթե վանոյական կողմի դեպքում ամեն ինչ պարզ է՝ ՀՀՇ վարչությունն ընտրություններին մասնակցելու վճիռ է ընդունել, ապա արարքցյանական թեւի հարցը վերջնականապես լուծվեց միայն երեկ՝ ապրիլի 1-ին։ Ընդունվել է մի վճիռ, որի արդյունքում մշակվել է հայտարարության տեքստ, որը ներկայացնում ենք հարեւանությամբ։

Սակայն այստեղ դեռեւս վաղ է վերջակետ դնելը, քանի որ հայտարարությունն ուղեկցվում է եւս մեկ ընդգծված իրողությամբ։ Այն ոչ թե խմբակային ստորագրությամբ է հրապարակվել, այլ ԱԺ 16 պատգամավորների անհատական մակագրություններով։ Ցանկը բավականին ներկայանալի է՝ Բաբկեն Արարքցյան, Արա Սահակյան, Կարապետ Ռուբինյան, Սամվել Գեւորգյան, Սեդրակ Հովհաննիսյան, Տեր Հուսիկ Լազարյան, Շահեն Պետրոսյան, որոնց միացել են ԼԴԿ կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը՝ երկու կուսակիցներով՝ Ռոբերտ Մնացականյան եւ Հովհաննես Դուրգարյան, Վահագն Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Աշոտ Սարգսյանը, Ավետ Գրիգորյանը եւ այլք։

Քաղաքական շրջանակներում արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե որոշակի բացառություններով, բայց իբրեւ կորիզ ունենալով հենց վերոնշյալ խմբի մի մասը, արարքցյանական թեւի ներկայացուցիչները առաջիկա ամսվա ընթացքում ստեղծելու են ազատական ուղղվածության մի կուսակցություն։ Խնդիրը խնդրեցինք, որ Բաբկեն Արարքցյանը պարզաբանի։ Նա ասաց, թե դեռեւս չի կարող հստակ բան ասել, որովհետեւ ինքը որեւէ բանակցային գործընթացում ընդգրկված չէ։ Կազմավորման արարողակարգերը դեռեւս կճշգրտվեն, բայց միավորումն անհրաժեշտ է «մանավանդ այս պայմաններում, երբ կոմունիստադաշնակցական մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում»։ Բաբկեն Արարքցյանը չբացառեց, որ այդ՝ նոր ստեղծվելիք միավորում կընդգրկվի նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը։ Դրանից հետո պարոն Արարքցյանի հետ անդրադարձանք վերջին օրերի ամենաարծարծվող հարցին՝ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքին։

Բաբկեն Արարքցյանի կարծիքով, այդ միության բովանդակությունը մեկը կարող է լինել՝ ձգտումն առ իշխանությունը. «Սատանայի հետ էլ կարելի է դաշինքի մեջ մտնել, միայն թե վերցնել իշխանությունը։ Սա է ամբողջը։ Այլ կերպ չես մեկնաբանի ազատական սկզբունքներ հռչակած հանրապետական եւ սոցիալիստական, գրեթե կոմունիստական բովանդակություն ունեցող ժողովրդական կուսակցությունների դաշինքը,- ասաց Բաբկեն Արարքցյանն ու ավելացրեց,- նորից ստեղծվում է մեխանիկական կոնգլոմերատ պառլամենտում, ինչպես դա տեղի ունեցավ 1998-ի փետրվարին»։ Իսկ հարցադրմանը, թե արդյոք ՀԺԿ-ՀՀԿ դաշինքը կարող է նպաստել քաղաքական դաշտի զուլալվելուն, Բաբկեն Արարքցյանն անդրադարձավ հետեւյալ կերպ. «Իհարկե, այդպիսի պատրանք կարող է ստեղծվել, որովհետեւ այսպես ասած՝ բողոքողների քանակը կքչանա այդպիսով, որովհետեւ համագործակցված չեն գնում ընտրություններին»։ Իր եզրակացությունը խորհրդարանի նախկին խոսնակը ձեւավորել է այն հիմքով, որ բողոք չեղավ 98-ի նախագահական ընտրություններից հետո՝ եւ հիմա էլ նույն պատրանքն է, սակայն, այս դեպքում, ՀԺԿ-ին իշխանության մաս է տրված. «Տպավորություն ունեմ, թե ստեղծվածը բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերն ինչ-որ համամասնությամբ բաժանվում են»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930