Համամասնական ցուցակներով առաջադրվելու համար ԱԺՄ-ն դեռեւս հավաքել է քաղաքացիների 40 հազար ստորագրություն։ Ըստ նախընտրական շտաբի պետ Սեմյոն Բաղդասարյանի, դա նախատեսված 200 հազարի 20%-ն է։ Մինչդեռ օրենքով անհրաժեշտ է ընդամենը 30 հազար ստորագրություն։ Հասկանալի է, թե ինչի համար է պետք ԱԺՄ պլանի նման գերակատարում։ Ստորագրահավաքը նույնպես իրականացվում է համաշխարհային ազգի չափանիշներով։
ՎԱՏ ԼՈՒՐ
Անցած նախագահական ընտրություններում 2-րդ տեղը գրաված Կարեն Դեմիրճյանը, այնուամենայնիվ, դառնալու է նախագահ, սակայն ընդամենը Ազգային ժողովի։ Այսպիսի խոստում է ստացել պրն Դեմիրճյանը՝ գործադիր իշխանության հետ փակ սակարկությունների ժամանակ։ Եթե իրականանա այդ սցենարը, ապա նորընտիր ԱԺ նիստը որպես ամենատարեց պատգամավոր կբացի Կոմկուսի ներկայացուցիչ «բուդյոնովկա հագած» Հրանտ Մուշեղիչը, որն այնուհետեւ իր տեղը կզիջի ֆիդայական կոմուֆլյաժով Կարեն Սերոբիչին։ Հիշեցնենք, որ երկուսն էլ տարիներ շարունակ աշխատել են միեւնույն Կենտկոմում։