Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՍԱ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Ապրիլ 02,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Ասում է ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը

Պրն Հովհաննիսյանը «Միասնություն» դաշինքի ցուցակում վեցերորդն է. «Այո, ես ցուցակի առաջին մասում եմ, բայց պատգամավոր ընտրվելն ինձ համար ինքնանպատակ չէ»։ Իսկ Կարեն Դեմիրճյանի՝ ցուցակում առաջինը լինելու մասին հարցը «միանշանակ ընդունվել է երկու կուսակցությունների ղեկավար մարմիների կողմից, որպես ամենացանկալի տարբերակ»։

«Առավոտին» տված հարցազրույցում ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը շատ կտրուկ եւ անհանդուրժող կարծիք էր հայտնել ամեն տեսակ թաղային հեղինակությունների, մականուն ունեցող թաղապետերի եւ այս կարգի այլ մարդկանց մասին։ ՀԺԿ-ՀՀԿ «Միասնություն» դաշինքի ստեղծումով պրն Հովհաննիսյանը եւ մյուսները հայտնվեցին նախընտրական նույն համամասնական ցուցակում։ «Միասնություն» դաշինքի ստեղծումը, մեր կարծիքով, պետք է որ պրն Հովհաննիսյանի սրտով չլիներ։ Մեզ հետ զրույցում այս մասին Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «(…) Բնականաբար, նորաստեղծ կուսակցությունը պետք է, որ ցանկություն ունենար ինքնուրույն մասնակցել ընտրություններին, որպեսզի ֆիքսի իր քվեն, իր տոկոսը, քաղաքական կշիռը։ Եվ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ սա զոհաբերություն էր»։ «Միասնություն» դաշինքի ստեղծումը զոհաբերություն որակելուց հետո, պրն Հովհաննիսյանն ասաց, թե իրենք զոհաբերել են ընտրություններին ինքնուրույն մասնակցելու իրենց ձգտումը։ Հանուն ինչի՞ է կատարվել այդ զոհաբերությունը. «Որպեսզի հնարավոր լինի բացառել մի շարք մարդկանց մասնակցությունն ընտրարշավին, որը, մեղմ ասած, ոչ կոնստրուկտիվ էր լինելու, չէր նպաստելու ընտրարշավի հեղինակության եւ առհասարակ ընտրությունների հեղինակության ապահովմանը»։

Դաշինքի ցուցակում թաղային հեղինակությունների լինել-չլինելու մասին պրն Հովհաննիսյանն ասաց, թե նրանք «հիմնականում չկան»։ Թեպետ պրն Հովհաննիսյանն ինքն անձամբ չի զբաղվել բանակցություններով. «Հայտնի պատճառներով, երեւի դուք կռահում եք», սակայն Կարեն Դեմիրճյանը հանձնարարական էր տվել, որ «այդ մարդիկ չլինեին, որովհետեւ դա եղել է նախապայման։ Անձամբ ես շատ եմ պնդել, որ այդ մարդիկ ցուցակում չլինեն»։ Կոնկրետ ո՞ր անունների դեմ է եղել պնդումը հարցին պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր հայտնի մականուններով մարդիկ»։ Սա, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, դրականն է. «Սա իմաստավորում է դաշինքը, քանի որ միայն միացյալ ուժերով հնարավոր էր բացառել նրանց ոչ կոստրուկտիվ, քայքայիչ, հեղինակազրկող մասնակցությունն ընտրություններին»,- կարծում է պրն Հովհաննիսյանը։

Սակայն գաղտնիք չէ, որ նույն մականուն ունեցողները որեւէ ցուցակից դուրս էլ լծակներ են օգտագործելու եւ մեծամասնականով կամ էլ «գողականով» խցկվելու են խորհրդարան։

«Առավոտի» հարցին, թե «Միասնություն» դաշինքի ստեղծումով ՀԺԿ-ն ուժեղացավ, թե՝ թուլացավ, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես միշտ եմ ասել, որ մեր կուսակցությունը պատրաստ էր նվաճելու առնվազն հարաբերական մեծամասնությունը։ … Այս պահին, դաշինքի պայմաններում, ինչ վերաբերում է մաժորիտար ընտրատարածքներին՝ մեծացան։ Ինչ վերաբերում է ցուցակին, ապա ես հուսով եմ, որ մնացին նույն մակարդակի վրա»։

-Մենք կարո՞ղ ենք պնդել, որ այս դաշինքի ստեղծումով Կարեն Դեմիրճյանը քաղաքական ասպարեզ բերվեց, որպեսզի…

-Ոչ, միանշանակ ասեմ, որ այդպես չի։ Ես գիտեմ, կարդացել եմ ձեր թերթի հրապարակումները, բայց քանի որ ես մասնակցել եմ այդ վճռի կայացմանը, հավատացեք ինձ, մենք այդ քայլն արեցինք ինքնուրույն։ Այլ հարց է, որ Կարեն Դեմիրճյանը իր խառնվածքով փոխհամաձայնությունների հասնելու ձգտող քաղաքական գործիչ է եւ ոչ թե հեղափոխական պայքարի կողմնակից քաղաքական գործիչ։ Նա նախընտրեց գնալ ինստիտուցիոնալ քաղաքական փոփոխությունների ճանապարհով, այսինքն մտնել իշխանական կառույցներ եւ այնտեղ գործունեություն ծավալելու միջոցով որոշակի փոփոխություններ առաջացնել իշխանության ներսում, այլ ոչ թե դրսից ճնշում գործադրելով իշխանության վրա փորձել որոշակի փոփոխությունների հասնել։ Այնուհետեւ պրն Հովհաննիսյանն ասաց, թե հեղափոխությունները բերում են ցնցումներ եւ ավերածություններ, իսկ դա մեր ժողովրդին հարկավոր չէ։ Ընդհանուր ցուցակի հարցում ՀԺԿ-ի միակ պայմանը եղել է մականուն ունեցող մարդկանց ցուցակի մեջ չընդգրկել։

Վերջում պրն Հովհաննիսյանն ասաց, թե ինքը հարգում է ազատ մամուլը եւ «ինչքան ազատ մամուլը» իրենց շատ քրքրի, այնքան լավ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. ՀԺԿ գրասենյակի մոտ ոչ մի ֆիդայու եւ երկրապահի չհանդիպեցինք։ Մի խումբ հոգնած եւ չսափրված մարդիկ էին հավաքվել, ովքեր մեզ թյուրիմացության մեջ գցեցին։ Պարզվեց, որ իրենց աշխատավարձը չստացած այդ մարդիկ եկել էին բողոքի։ Այս մասին մեր վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930