Լրահոս
Օրվա լրահոսը

Սեն Դենիում, ինչպես Սեն Դենիում

Ապրիլ 02,1999 00:00

Բոլորովին գաղտնիք չէ, որ Էյֆելյան աշտարակի, Աստվածամոր տաճարի եւ Հաղթական կամարի հետ միասին Պիգալն ու Սեն Դենին են Փարիզի տեսարժան վայրերը։

Սեն Դենին մեր հայ տղամարդկանց համար, թերեւս, ամենատեսարժանն է՝ չնայած այստեղ կանգնող աղջիկները, մեղմ ասած, այնքան էլ գեղատեսիլ չեն։ Այնուամենայնիվ, Հայաստանի յուրաքանչյուր պատվիրակության ներկայացուցիչները կամ թաքուն, կամ էլ զուտ հետաքրքրությունը բավարարելու պատրվակով անպայման այցելում են Փարիզի այս արվարձանը։

ԱԺ խորհրդարանի պատվիրակությունը մարտի 31-ին բացահայտ գնաց Սեն Դենի։ Քանզի հենց այս քաղաքում էր Stade de France մարզադաշտը, որտեղ կայացավ ֆուտբոլի Ֆրանսիա-Հայաստան մրցախաղը։

Ես կփորձեմ փոխանցել այն մթնոլորտը, որ տիրում էր մարզադաշտում մինչեւ խաղի սկսվելը։

Բայց նախ՝ մերոնց մեկնաբանությունները։ «Հանկարծ հայերը չկրե՞ն։ Թե չէ էս ֆրանսիացիները կծեծեն մեզ»,- մտահոգվել էր կոմունիստ Խորեն Սարգսյանը՝ չնայած 80 հազարանոց Stade de France-ում 15 հազար հայեր կային։


Իսկ դաշնակցական Ռուբեն Հակոբյանը նախապես էր մեզ ապահովագրել. «Սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ, ինչպես միշտ, ֆուտբոլի թեման արծարծվեց։ Քրիստիան Պոնսըլեն ասաց. «Ես ու Ժակ Շիրակը որոշել ենք՝ հետներս սպորտային համազգեստ ենք տանելու։ Եվ եթե լավ չխաղան՝ իջնելու ենք, փոխարինենք նրանց ու խաղանք»։ Ես էլ ասացի, որ մենք մեր տղաներին խնդրել ենք համեստ ու զուսպ խաղան, որ նման բաների առաջ չկանգնենք։ Դե, քաղաքականություն կա, բան կա»։ Այսինքն, մերոնք չցանկացան Ֆրանսիայի ղեկավարներին անհարմար վիճակի մեջ դնել։

«Պաշտոնական հանդիպման ժամանակ ֆրանսիացիները ներողամիտ կեցվածքով մեզ ողջունում էին, հաջողություն մաղթում,- պատմեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ համատեղությամբ՝ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։- Ես էլ ասացի, որ հենց այնպես չենք տրվելու… պայքարելու ենք»։

Էլի կեսկատակ ասաց, բայց շատ-շատերը կուզենային, որ լուրջ լիներ Խորեն Սարգսյանի այս հայտարարությունը. «Հաստատ կրելու ենք։ Էսքան պատգամավոր եկել ենք՝ չկրեն, ուրեմն բոլորը պիտի իրենց մանդատները վայր դնեն»։

«Անկախ հաշվից՝ մենք կհաղթենք։ Նույնիսկ արդեն հաղթել ենք, քանզի արդեն իսկ հաղթանակ է, որ 15 հազար հայեր մի տեղ են մեկտեղվել»,- «Երկրապահ» խմբի անդամ Գագիկ Մինասյանի այս խոսքերը եւս մի հաստատում են, որ, ինչպես միշտ, հայերիս համար կարեւորը բարոյական հաղթանակն է։

… Հայերը մարզադաշտ էին եկել դրոշներով (մեկի վրա գրված էր՝ «Առաջ դեպի հաղթանակ»), երեսները եռագույն ներկած (այդպես էին վարվել նաեւ դեսպան Աշոտ Ոսկանյանի որդին ու «Ա1+»-ի թղթակցուհի Ռուզան Ամիրջանյանը)։ Մի մե՜ծ եռագույն էլ կար, որ ողջ տրիբունայի վրա էր տարածվում։ Այն խաղի ժամանակ մի երկու անգամ բացեցին եւ թարսի պես՝ երկրորդը հենց երկրորդ գոլից առաջ էր։ Դրոշը արագ հավաքեցին։

Stade de France-ում միայն հասկացա, թե ինչ է ֆուտբոլային շոուն, որն իր մթնոլորտով վարակում էր անգամ ինձ պես ոչ ֆուտբոլասերներին։ Խաղասկզբից դեռ մեկ ժամ առաջ էին փորձում հանդիսատեսներին «տաքացնել»՝ գոռացնելով, Գլորիա Գեյնըրի երգով եւ այլն։

Խաղի ավարտից հետո էլ մերոնք առանձնապես ընկճված չէին։ Հայ ֆուտբոլիստները ծափահարում էին, խոնարհվում մարզադաշտի այն հատվածի առջեւ, որն առավել հարուստ էր հայկական եռագույններով։ Հայաստանի հավաքականի մարզիչ Սուրեն Բարսեղյանի վկայությամբ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը խաղից հետո ֆուտբոլիստներին անգամ շնորհակալություն էր հայտնել, որ իրենց շատ չկարմրեցրին։ Ի վերջո, կարող էր ավելի վատ լինել։ Խաղը կարող էր 10։0-ով ավարտվել, եթե դարպասապահ Ռոման Բերեզովսկու վարպետությունը չլիներ։ Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը մեզ՝ ուսանողներիս ասում էր, որ ակադեմիկոսից «3» ստանալն էլ է մեծ բան։ Վերափոխելով ասենք, որ աշխարհի չեմպիոնից ընդամենը 2։0-ով պրծնելն էլ է մեծ բան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Փարիզ

Հ. Գ. Մեր մարզական մեկնաբանին կաշառք եմ բերելու՝ իր «հացը խլելու» դիմաց։ Այս խաղի բուկլետն է՝ Ալեն Պողոսյանի ստորագրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930