1998 թ. հոկտեմբերի 7-ի ժամը 19.00-ն Ստեփան Կարապետյանի վերջին օրը դարձավ այս աշխարհում։ Նա պիտի հիշվի որպես «գործով տուժող» դրանից հետո հարուցված քր. գործում։
Ստեփանը զոհ դարձավ իր «ընկերներ» Ռոբերտ Մհերյանի, Արսեն Գասպարյանի եւ Արտյոմ Աշուղյանի, վերջինիս «պարտքի»՝ 15 հազար դրամը «չվերադարձնելու» համար ծագած վեճի։ Վեճն ավարտվել է մահով եւ մենք դրան անդրադարձել ենք։ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքի 1-ին ատյանի դատարանը փետրվարի 12-ին քր. գործն ուղարկեց լրացուցիչ նախաքննության, քանի որ «գործի բոլոր հանգամանքների ուղղությամբ քննություն չէր կատարվել», իսկ ձեռք բերված ապացույցների մեջ էլ առկա էին էական հակասություններ։ Էական հակասություններն առկա էին հատկապես ամբաստանյալ Արման Սահակյանի եւ գործով անցնող վկաների ցուցմունքների, նաեւ՝ փորձագետի տված եզրակացության մեջ։
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (Գ. Մելիք-Սարգսյան, Ս. Ղազարյան, Ս. Օհանյան կազմով) օրերս քննության առավ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածության հարցը, գտնելով, որ նախաքննության ընթացքում չնայած առկա են եղել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, սակայն վերաքննիչ բողոքը գտավ, որ չպետք է բավարարել, իսկ «1-ին ատյանի դատարանի որոշումն էլ պետք է թողնել անփոփոխ»։ Այս դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ են «առկա քրեադատավարական օրենքի էական խախտումները» հիշատակվում։
Էական խախտումների մեջ այդպես էլ չորոշվեց (հիշատակվելուց բացի) Ստեփանին պատճառած վնասվածքների ծանրության աստիճանը։ Չորոշվեց, քանի որ ինչպես որոշման մեջ է արձանագրում դատարանը (իր թեթեւ ձեռքով)՝ «միայն ցուցմունքում է փորձագետը վնասվածքների մի մասը դասել թեթեւ, իսկ մյուսները՝ նվազ ծանրից մինչեւ ծանր վնասվածքների շարքին, իսկ սրտի շրջանին հասցրած վնասվածքի ծանրության աստիճանն ընդհանրապես չի որոշել»։
Կարդացեք նաև
1998-ի հոկտեմբերի 12-ին որպես փորձագետ հարցաքննվել է Է. Մանուկյանը։ «Երբ նա իր եզրակացությունն ավարտել է եւ դատախազությանն է ներկայացրել մեկ ամիս հետո միայն, հետեւաբար փորձաքննության շուրջ ցուցմունքներ չէր կարող տալ»։
Վերաքննիչ դատարանում առավել ուշագրավ էր փորձագետ Է. Մանուկյանի ցուցմունքի այն հատվածը, երբ ասաց, թե Ստեփանին հասցրած «վնասվածքների ծանրության աստիճանը չորոշելը վրիպում է իր կողմից» (փորձագետի նման վրիպումը հոդված է եւ ճակատագիր- Ռ. Մ.) եւ, որ կարող է սակայն պնդել, որ «տուժողի սրտի շրջանին հասցրած վնասվածքը համարվում է մարդկանց կյանքին սպառնացող մարմնական ծանր վնասվածք»։ Գնահատականի են արժանի, անշուշտ, եւ ոչ միայն փորձագետի, այսպես կոչված, վրիպումը, այլ նաեւ փորձաքննություն նշանակելու որոշումն ու փորձաքննության եզրակացությունը։ Ստացվել է այնպես, որ փորձաքննության է ենթարկվել Ստյոպա Վարդգեսի Կարապետյանի դիակը, սույն քր. գործով «տուժողը» հանգուցյալ Ստեփան Սեդրակի Կարապետյանն է։ Չգիտեմ ինչ անուն տալ նմանօրինակ բացթողմանը, եթե դա, մեղմ ասած, բացթողում է միայն։
Ավելի հետաքրքիր բացահայտում կատարեց Վերաքննիչ դատարանը. «Նախաքննական մարմինը դատաբժշկական փորձագետներին տվյալներ է ներկայացրել 1998 թ. նոյեմբերի 6-ին, այն դեպքում, երբ փորձաքննությունն ավարտված է եղել նոյեմբերի 4-ին»։ Բնականաբար, այդ տվյալները փորձագետների կողմից հաշվի առնվել չէին կարող, չեն առնվել, եզրակացության մեջ էլ չեն արտացոլվել։ Էլ չեմ խոսում դեպքի մասնակից Ստեփանի «ընկերների» գործողությունների գնահատման մասին։ Նրանցից ոչ մեկը չի ընդունել, թե ինքն է հարվածել Ստեփանին, այն դեպքում, երբ նրա մարմնին բազմաթիվ են եղել վնասվածքները՝ գլխի տրավման, սրտի սալջարդ, օջախային արյունազեղումներ սրտամկանի, թոքերի, երիկամների շրջանում։ Չթվարկեմ, խնայելով Ստեփան կորցրած ծնողներին, որոնք իրենց որդու սպանության համար մեղադրյալի աթոռին տեսնում են մեկին։ Մինչդեռ եղան հակասություններ դեպքի մասնակիցների ցուցմունքներում եւս։
Ստեփանի եղբոր՝ Վարդգես Կարապետյանի ցուցմունքից պարզվեց նաեւ, որ Արտյոմի կողմից հետեւողականորեն ահաբեկվել է իր եղբայրը։ «Խոսքի պրեդել» բռնելով Վարդգեսի վրա, եղբայրների վրա դրվում է գումար։
Սպանությունից մեկ շաբաթ առաջ, պատմում է Վարդգեսը, Արտյոմը Ստեփանին ծեծում է։ Վարդգեսը պապի տուն գնալու ժամանակ հանդիպում է Արտյոմին, որն էլ հարցնում է. «Տեսե՞լ ես ախպորդ աչքը ոնց եմ սիրունացրել»։ Վարդգեսն ասում է, որ եթե ճշտվի ասվածը, ինքը պատասխանը կտա։
Ստեփանն իրոք հաստատում է, որ իրեն ծեծել է Արտյոմը, «գիտի, որ չեմ աշխատում, դրամ է ուզում» եւ խնդրում, որ Վարդգեսը մորից գումարը վերցնելով հանձնի Արտյոմին, ինչը եւ արվել է 2 օր ուշացումով։
Ի դեպ, նախաքննական մարմինը եւ դատարանն ինքը մինչեւ օրս չի պարզել, թե ինչ «պարտք» է եղել։ Եվ, սակայն, հակասություններն այնքան շատ են, որ սկսում եմ կասկածել ամեն ինչի վրա։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ