Երկու նախարար՝ մի սրահում Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի եւ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանի համատեղ մամուլի ասուլիսը։
Գագիկ Եգանյանը լրագրողներին ներկայացրեց ընտանեկան նպաստի համակարգի ներդրման առաջին եռամսյակի արդյունքները։ Լրագրողներս հաճելիորեն զարմացանք կատարված աշխատանքների ամփոփման եւ վերլուծության օպերատիվությամբ։ Ներկայացվածը ավելի քան հուսադրող էր. անապահովների մեկիկ-մեկիկ բացահայտման գործընթացը բարեհաջող է ավարտվել։ Նրանց բոլորին արդեն հայտնաբերել եւ նպաստ են տվել։ Սակայն կառավարության կողմից այս նպատակով հատկացված գումարը շատ ավելին է եղել։ Հետեւաբար, այն պահվել է հաջորդ եռամսյակի համար։ Մինչ այդ նպաստի ներդրման հանրապետական շտաբը կվերանայի կարիքավորության աստիճանի որոշման սկզբունքը, փոփոխություն կկրեն չափանիշները։ Դա հնարավորություն կընձեռի նորանոր մարդկանց անապահով հայտարարել եւ ընդգրկել նպաստառուների ցուցակում։ Եթե այս տարվա երկրորդ եռամսյակում էլ կառավարության շռայլությունը «ափերից դուրս թափվի», նպաստի ներդրման հանրապետական շտաբը կշարունակի չափանիշների փոփոխության գործընթացը։ Այսպիսով, պրն Եգանյանը կասկած հայտնեց Սոցապ նախարարության գոյության անհրաժեշտության մասին։ Նա ասաց, որ համապատասխան առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Սակայն այն մերժվել է, եւ ինքը հայտնում է իր հրաժարականի մասին։
Լրագրողներս չէինք հասցրել ուշքի գալ այս անսպասելի հայտարարությունից, որին հետեւեց առողջապահության նախարարի հայտարարությունը։ Նախ նա հայտնեց, որ ավարտվել են իր այցերը մարզեր (նաեւ Արցախ)։ Տեղերում պրն նախարարը համոզվել է, որ մարզերում իրոք կան պրոբլեմներ։ Դրանք շատ են եւ որպես կանոն, անլուծելի։ Տեսնելով ներկա ԱԺ-ի պահվածքը, պրն Նիկողոսյանը առանձնապես հույս չի կապում նաեւ ապագա ԱԺ-ի հետ։ Նա գտնում է, որ ԱԺ ներկայացնելիք իր օրենքների նախագծերը բոլորն էլ դատապարտված են չլսվելու կամ չընդունվելու։ Հայկ Նիկողոսյանն առողջապահության համակարգի բարեփոխումները տեսնում է միայն օրենսդրական դաշտի կատարելագործման մեջ եւ հետեւաբար… հայտնում իր հրաժարականի մասին։
Երկու նախարարներն էլ լրագրողների հարցերին պատասխանեցին մինչեւ իրենց հրաժարականների մասին հայտնելը։ Այնուհետեւ նրանք լքեցին մամուլի սրահը՝ չպատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե հրաժարականը՝ հրաժարական, իսկ ինչո՞ւ համատեղ։
Կարդացեք նաև
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ