ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ Պաշտոնական կատարմամբ Հանրապետության տնտեսության մեջ (բառի ամենաուղղակի եւ բուն իմաստով) ներդրումներ են կատարվում։ Այս երեւույթը պաշտոնապես ընդունվում եւ հրապարակվում է։ Արհեստավարժ (կառավարական) մակարդակում հրապարակվում են հետեւյալ թվերը. 1994 թ. ներդրումները կազմել են 43,9 մլրդ դրամ, 95-ին՝ 96,2 մլրդ դրամ, 96 թ.՝ 120,5 մլրդ դրամ, 97 թ.՝ 142,3 մլրդ դրամ, 98 թ.՝ 177,1 մլրդ դրամ։ Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն ընդամենը 260 մլրդ դրամ է կազմում։ Պարզվում է, որ այս թիվը ներդրողներին հայտնի չէ, կամ չի խանգարում։ Նրանք շարունակում են լուրջ գումարներ բերել Հայաստան։ Այդպես արձանագրված է պաշտոնական թղթերի վրա։ Եվ դա լավ է։ Վատն այն է, որ այդ ներդրումների իրական ազդեցությունը հանրապետության շարքային բնակչի համար աննկատելի է։ Ու ընդհանրապես տնտեսության մասին պաշտոնական տվյալներն ընթերցելու լավագույն ժամկետը ապրիլի 1-ն է։ Մյուս օրերին ճիշտ չեք հասկանա։ Շատ պաշտոնական կատարմամբ 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 13 %-ով։ Դրան, կառավարության կարծիքով, «մեծապես «նպաստել» է նաեւ ՀՀ սոցապահովության նախարարության «Ընտանիքի ապահովության գնահատման կարգ»-ին համապատասխան մշակված (…) հրահանգի կիրառումը։ Ըստ այդ հրահանգի, «անասունի մեկ պայմանական գլխի հաշվով, ընդհանուր տարեկան եկամուտ է սահմանված 73,3 հազար դրամը, որը դրվել է ընտանիքի ապահովության աստիճանի հաշվարկման հիմքում։ Արդյունքում անասունների համատարած հաշվառման ժամանակ, գյուղացիական տնտեսությունները նախապես տրամադրված էին իրական գլխաքանակի թաքցնելուն»։ Սա պաշտոնական կարծիք է։ Հետեւաբար, հենց կառավարությունը որոշում է նպաստ բաժանել, գյուղացիները սկսում են թաքցնել «անասունների իրական գլխաքանակը» նախապես կառուցված ստրատեգիական ռմբապաստարաններում։ Ա. Գ.