Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ-օ՜օ՜-պ

Ապրիլ 01,1999 00:00
xanut

Հայկոոպի Երեւանի քաղաքային կոոպերատիվ առեւտրի վարչությունը մինչեւ ռուբլու ինֆլյացիան եղել է այն եզակի կազմակերպություններից, որը չի աշխատել վնասով։ Հայկոոպն ուներ 70 առեւտրի կետ, որից 23-ը վարձակալությամբ վերցված էր քաղաքապետարանից։ Իսկ մնացածը Հայկոոպի սեփականությունն էր, որից այսօր մնացել է 12-ը։

Քանի որ վերոհիշյալ 23 խանութների ճակատագիրը օրենքի անկատարության հետեւանքով անորոշության էր մատնված, Հայկոոպի նախկին տնօրեն Դանիելյանը որոշել է իր հայեցողությամբ տնօրինել այդ խանութները։ Սեփականաշնորհման նախարարության համաձայնությամբ՝ 23 խանութներից 17-ը վաճառվեց, այսինքն՝ սեփականաշնորհվեց։ Եվ երբ Հայկոոպի նախագահ նշանակվեց Բագոյանը, «օդից կախված» էր մնացել 6 խանութ։ (N N 2, 11, 12, 16, 48, 51)։ Բագոյանի կադրային սխալ քաղաքականության պատճառով Հայկոոպը 59 մլն դրամ վնաս է կրում։ Այդ ընթացքում «անհայտանում» է եւս 2 խանութ, ազատվում է աշխատանքից N 11 խանութի 25 տարվա վարիչը։

Բագոյանը վերջերս Երքաղկոոպառի ժամանակավոր տնօրեն է նշանակել առեւտրի հետ ոչ մի կապ չունեցող, մասնագիտությամբ շինարար Ասլանյանին։ Նա իր ենթակայության տակ գտնվող խանութների վարիչներին սպառնում է դատի տալ կամ ազատել աշխատանքից, եթե չվճարեն կուտակված պարտքերը։ Դրանով պրն Ասլանյանը նպատակ ունի ծաղկեցնելու Երքաղկոոպառը։ Այդ նպատակի համար պրն Ասլանյանին հատկացվել է ավտոմեքենա, օրը 10 լ բենզին եւ… թիկնապահ։ Այսպիսով՝ վերակառուցման անվան տակ, խանութներից պարտքերը պահանջելով՝ նրանց դիտավորյալ անգործության մատնելով (N 2 եւ N 11) ստիպում են, որ դրանք վարձավճար մուծեն։

Փետրվարի 1-ից չորս խանութներում (N N 2, 11, 16, 48) պետք է տեղադրվեին հաշվիչ դրամարկղներ, բայց դիտավորյալ չեն տեղադրում, որպեսզի խանութների տերերը բարդությունների առաջ կանգնեն եւ թողնեն հեռանան։

Օրինակ՝ N 2 խանութն ունի 8 միլիոն դրամի պարտք, N 11-ը՝ 1,5 միլիոնի, N 16-ը եւ N 48-ը՝ 3-ական միլիոնի։ Հայկոոպն ունի եւս մեկ խանութ 3-րդ մասում (N 3), որը մեկ տարուց ավել է՝ չի գործում, բայց Հայկոոպը պարտաճանաչ մուծում է այդ խանութի (ինչպես նաեւ N 2 եւ N 11 խանութների) վարձավճարները։ Այս ամենի ֆոնի վրա «Հայկոոպի» ղեկավարության ապարատն ամենաուռճացվածներից է՝ նախագահի հնարավոր ու անհնար բոլոր ոլորտների գծով տեղակալներով, մոտ մեկ տասնյակ նոփ-նոր պադավատ-ծառայողական ավտոմեքենաներով։

ՎԱՐՈՒԺԱՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930