«Բենզավոզը մասսայական ոչնչացման զենք է»:
ԲԵՆԶԱՎՈԶ ԳՈՒԳՈ
Ամեն մարդու կյանքում, առանձնապես հայ մարդու, լինում են պահեր, որ ավելի լավ է չլինեին։ Այդպիսի մի պահի՝ չափավոր խմած, թափառում էի կյանքի քառուղիներով։ Պետք է նշեմ, որ ուղղակի կյանքիս ուղին շարունակել չէի կարող։ Անընդհատ աջ էր քաշում։ Եվ դա այն պարագայում, երբ անգամ ուրիշ երկրների նախագահներն ու դատախազները «լեւի» էին գնում։ Այդ պատճառով էլ թափառում էի կյանքի քառուղիներով։ Բացի միջուկային սպառնալիքից ու էկոլոգիական աղետներից, ինձ տանջում էր եւս մեկ հարց՝ ինչո՞ւ ազգս տաղանդավոր է, իսկ ես՝ ոչ։ Մի՞թե պատահականությունն այս կյանքում պետք է միշտ աշխատի ի վնաս ինձ։ Այսինքն՝ դառնա անհրաժեշտություն։ Բացի այս բոլորը, ես զգում էի, որ հիմա կարող է սկսվել։ Բավական է մի ըմպանակ օղի էլ կոնծեմ կամ մի գավաթ գարեջուր ներմղեմ՝ կսկսվի։ Մյուս կողմից՝ սա էլ կարգավիճակ չի՝ ոչ տուն գնալու բան եմ, ոչ՝ դրսում մնալու, ոչ՝ քաղմաս հանձնվելու։ Պետք է ակտիվ ապրել՝ եթե չգիտես այո ասել, թե ոչ, ասա՝ այո՛։ Ինչքան ուզում է խմեմ, ապագայից չեմ վախենում։ Ճիշտ է, անցյալը հիշելիս, երբեմն փշաքաղվում եմ։ Է՛հ, մի քիչ էլ ակտիվանամ, ջհա՛նդամը, թե երեխեքը կկոտորվեն։ Այս կյանքում միայն մի բան է ինձ համար պարզ՝ ուր էլ գնամ, ինչքան էլ ուզում է աջ քաշի, հայտնվելու եմ Գրիշի պանդոկում։ Տեսնես ո՞վ կլինի Հին Գվարդիայի տղաներից։
Երիտասարդ Գվարդիան չեմ սիրում։ Նոր սերունդը, որն ընտրում է Պեպսին, բութ է ու ինքնահավան։ Գրիշի պանդոկում ճակատագիրն ինձ նվեր մատուցեց՝ հարբած Վահունու տեսքով։ Իմ հայտնվելուց կես ժամ առաջ նա գտել էր երջանկության բանալին եւ արդեն կես ժամ էր, աշխատում էր հատուցման զենքի ստեղծման ուղղությամբ։ Ամբողջ կես ժամ, Գրիշի մոտ նստած, նա որոնում էր երկրի կեղեւում ամենատարածված նյութը եւ չէր կարողանում գտնել։ Ես հպարտ եմ, որ մասնակից եմ եղել հատուցման զենքի ստեղծմանը՝ այդ նյութը սիլիցիումն է։
Ահա հատուցման զենքի ստեղծման եւ կիրառման համառոտ տեխնոլոգիան. սիլիցիումից պատրաստվում է մի մեծ սալ եւ նրանով ծածկում են բոլոր թշնամիներին։ Թթվածնի բացակայությունից դրդված՝ թշնամիները մահանում են։
Այսպես, բավական ծանր, չափազանց արտասովոր եւ արկածախնդիր պայմաններում գտնվեց հատուցման զենքի գաղտնիքը։
Թշնամիներն առ այսօր սարսափած են, բայց՝ դեռ կենդանի, որովհետեւ բենզավոզը դեռ խոդի չենք տվել։
Կրտսեր լեյտենանտ՝ Օ՜. ՋԱԼՈՅԱՆՑ