Վարչապետ պրն Ա. Դարբինյանին
«Հայպետտրանսնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ նախկին Միության եւ արտասահմանյան մի շարք այլ երկրներում իրականացրել է ռազմավարական, տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող ավտոմոբիլային, երկաթուղու, կամուրջների, թունելների եւ մետրոպոլիտենի նախագծեր։
1998 թ. մայիսի 11-ին ձեր կողմից տրված թիվ 238 որոշմամբ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի զբաղեցրած շենքը հանձնվեց ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը։ Այդ ժամանակից ի վեր վարձակալական սկզբունքներով տարածք տրամադրելու պայմանագիրը կնքվում է վերոհիշյալ նախարարության հետ, որի շնորհիվ ինստիտուտը վերջնականապես զրկվում է իր գոյատեւման համար անհրաժեշտ վարձակալությունից ստացվող եկամտից։
Ձեր 1999 թ. փետրվարի 2-ի թիվ 54 որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված նորմատիվներով մեր ինստիտուտին տրված է 2134 քմ տարածք, այն էլ վարձակալական հիմունքներով՝ 1 քմ-ի համար 395 դրամ վարձավճարով։ Այժմ, ելնելով ընդհանուր ծանր սոցիալական իրավիճակից, ինստիտուտն ի վիճակի չէ վճարելու վարձը։
Կարդացեք նաև
Հիշյալ որոշումը ցնցեց կոլեկտիվին եւ առաջ բերեց իրավացի վրդովմունք, քանի որ խախտվեց նաեւ Ձեր իսկ 08.07.1998 թիվ 3996 հանձնարարականով նախագծային ինստիտուտների համար մեկնարկային սեփականաշնորհման պայմանների ապահովումը, ըստ որի մեր կոլեկտիվի անդամները եւս պետք է ունենային սեփականաշնորհման իրավունք (այնպես, ինչպես որոշ նախագծային ինստիտուտներ)։ Ստացվում է, որ Ձեր վերոհիշյալ թիվ 54 որոշմամբ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի կոլեկտիվը զրկված է այդ իրավունքից։
Անցած ծանր տարիներին հատկապես ինստիտուտի նվիրյալ մասնագետների կողմից հաղթահարվեցին շատ դժվարություններ եւ 1998 թ. Ձեր իսկ կողմից որոշված խիստ սեղմ ժամկետում իրականացվեց Եղեգնաձոր-Սելիմի լեռնանցք-Մարտունի ավտոմոբիլային ճանապարհի տեխնիկական նախագիծը։
Հաշվի առնելով հանրապետության տրանսպորտի եւ հաղորդակցության ուղիների հեռանկարային զարգացման անհրաժեշտությունը, նպատակահարմար ենք գտնում հայտնել, որ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտը նույնպես կունենա իր զարգացումը (համալրում), ուստի անհրաժեշտ է վերանայել թիվ 54 որոշմամբ հատկացված 2134 քմ տարածքը, այն բազմապատկելով նվազագույնը 1,2 գործակցով։
Հետեւելով ձեր կողմից նախագծային ինստիտուտների ճակատագրին վերաբերող որոշումների հաջորդականության դինամիկային, ցավալիորեն կարելի է եզրակացնել, որ թափ առած գործելակերպը տանում է մեր, ինչպես նաեւ դեռեւս չսեփականաշնորհված մյուս նախագծային ինստիտուտների վերջնական, լիովին քայքայմանը։
Ելնելով վերոհիշյալ մտահոգություններից, «Հայպետտրանսնախագիծ» ՊՓԲԸ կոլեկտիվի կողմից խնդրում ենք Ձեզ, ձեր հետագա որոշումներով նպաստել հանրապետության համար անհրաժեշտ ինժեներատեխնիկական մասնագետների պահպանման եւ նրանց ներուժի արդյունավետ օգտագործման գործին։
Գործադիր տնօրեն՝ Վ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Արհկոմի նախագահ՝ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս նամակը մեր թերթի խմբագրություն էր փոխանցվել հետեւյալ կից գրությամբ. «Մենք ստիպված ենք անհանգստացնել ձեր խմբագրությանը, քանզի կառավարությանն ուղղված նույնիսկ պաշտոնական նամակները արժանանում են բացահայտ արհամարհանքի»։ Չենք կարծում, որ այս կարծիքը որեւէ մեկնաբանության կարիք ունի։