Վստահելով ուժերիս՝ հավատացի ծարավիս ու գնացի Sprite-ով շահելու։ Պարզվեց՝ դեռ երկար է դեպի շահումն իմ ճամփան։ Եվ սա ընդամենն այդ միջոցառմանը նվիրված մամլո ասուլիս էր, որի ընթացքում մատուցված sprite-ները հակառակի պես շահումով չէին։
«Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» դուստր ձեռնարկության տնօրեն Ջորջ Կասապիսը հայտնեց, որ մեկնարկել է հայ սպառողին խրախուսող «Հավատա ծարավիդ եւ Sprite-ով շահիր» արշավը։ Ու եթե հավատալու լինենք կազմակերպիչներին, արշավի ընթացքում 10 բախտավոր շահողներից յուրաքանչյուրը կստանա մի ամբողջ NBA հավաքածու (ներառում է հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, պաստառներ, NBA տեսահոլովակների հավաքածու)։ Բացի այդ, Sprite-ի խցանների տակ կարելի է գտնել հարյուր հազարավոր անվճար 250 մլ-ոց sprite-ի մրցանակներ եւ հազարավոր sprite (NBA բասկետբոլի գնդակներ)։ Ի դեպ, բասկետբոլի գնդակների ու գովազդային թերթիկի մասին։
Երբ իմացա բասկետբոլի գնդակների մասին՝ ուրախացա, որ «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիան» որոշել է «ազգանվեր» գործ անել. հարգելով հանրապետության նախագահի ամենասիրած սպորտաձեւը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել բասկետբոլի գնդակ։ Բայց երբ գովազդային թերթիկի վրա տեսա ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին՝ հասկացա, որ էդ «Կոկա-կոլայի» ժողովուրդը իսկի ազգային մտածողություն չունի։
Մեր ընթերցողներին խստագույնս զգուշացնեմ, որ այս արշավն ավարտվում է մայիսի 18-ին։ Հաջորդ օրն իսկ կազմակերպիչները համաձայն «Վիճակախաղի մասին» ՀՀ օրենքի, պարտավոր են բոլոր խանութներից հավաքել շահումի խցաններով sprite-ները եւ հայտարարել վիճակախաղի ավարտը։ Հակառակ դեպքում, այդ օրվանից հետո կարող ենք անվերջ գնել sprite եւ խցանը ներկայացնելու դեպքում՝ մրցանակ չստանալ։
Կարդացեք նաև
Լ. Մ.