Լրահոս
Օրվա լրահոսը

Է՜հ, հետո ի՞նչ

Ապրիլ 01,1999 00:00
levon barseghyan

«Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է մակերեսով եւ բնակչությամբ (ՀՀ բնակչության 6,56%, մոտ 210.000 մարդ), հեռու է մայրաքաղաք Երեւանից 120 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, հարեւան է Թուրքիային։1988 թ. երկրաշարժից տուժել է մյուս բոլոր բնակավայրերից ավելի շատ եւ բոլոր առումներով (մոտ 17000 զոհ, բնակֆոնդի 60-65% եւ աշխատատեղերի 50-60% կորուստ)»։

«Գյումրին, ինչպես եւ ամբողջ Հայաստանը տուժել է նաեւ տնտեսական ճգնաժամից, էներգետիկական ճգնաժամից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունից եւ պատերազմից, ադրբեջանական շրջափակումից»,- սա Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության արտադրության ղեկավար Լեւոն Բարսեղյանի «19-րդ հոդվածը Գյումրիում» զեկույցից մի հատված է։ Սա՝ ընդամենը թվերի ու փաստերի տեսքով, իսկ իրական Գյումրին ու գյումրեցին Աստծո ու պետության կողմից մոռացված են։ Առավոտից մինչ երեկո աշխատանք գտնելու հույսով քաղաքով մեկ շրջելուց հետո հուսահատ գյումրեցին դարձյալ միայնակ է մնում իր դարդի հետ։ Ժամանակին արդյունաբերական քաղաքի անուն ունեցող քաղաքում այսօր միակ արդյունաբերությունը համարվում են հեռուստաընկերությունները, որտեղ 50-60 հոգի են աշխատում։

Այս պայմաններում ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության հայաստանյան գրասենյակը որոշել էր «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածը մայրաքաղաքում նշելուց զատ, այն տոնել նաեւ Գյումրիում (նախատեսվում է «տոնակատարությունը» անցկացնել նաեւ Կապանում)։ Քանի որ 50-ամյա 19-րդ հոդվածը պարզ եւ բացահայտ ասում է. «Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու եւ արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու եւ տեղեկություններ, գաղափարներ որոնելու, ստանալու եւ տարածելու ազատություն լրատվության ցանկացած միջոցներով՝ անկախ պետական սահմաններից»։

Ես էլ, առաջնորդվելով այդ հոդվածով, փորձեմ արտահայտել համոզմունքներս։ Մինչեւ Գյումրի հասնելը մեքենայում անվերջ մտածում էի՝ որքանո՞վ է նպատակահարմար «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը» նշել Գյումրիում, եւ ի՞նչ է այն տալու գյումրեցուն։ Երբ արդեն Գյումրիի զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները հավաքվեցին Հասարակական կազմակերպությունների կենտրոնի գրասենյակում, պարզվեց, որ հիմնական զեկուցողը ուշանում է։ Ժամանակը ինչ-որ կերպ անցկացնելու համար, բնականաբար, զրույց ծավալվեց Գյումրիի զանգվածային լրատվամիջոցների վիճակի մասին։ Գյումրեցի իմ գործընկերները խոսում էին ոչ թե ԶԼՄ-ներին տրված իրավունքների, նրանց նկատմամբ վարվող հարկային քաղաքականության, լրագրողի նկատմամբ ճնշում չգործադրելու եւ այս տեսակ այլ հարցերի, այլեւ ամենապարզ ու կենցաղային խնդիրների մասին։

Մայրաքաղաքաբնակ լրագրողներիս ձայնագրիչ ունենալու փաստը (էլ չեմ խոսում աշխատավարձերի տարբերությունը) բավական էր, որպեսզի գյումրեցի մեր գործընկերները չարությամբ լցվեին մեր հանդեպ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ «Կումայրի» թերթի գլխավոր խմբագիր Աղասի Աբրահամյանը պնդեց, թե իրենք կարողանում են ինքնաֆինանսավորմամբ հրապարակել 1600 տպաքանակով «Կումայրի» թերթը եւ վաճառել 80 դրամով։ Պարզ հաշվարկների դեպքում անգամ այս փաստարկը համոզիչ չէ, սակայն պրն Աբրահամյանի (եւ ոչ միայն նրա) կարծիքով դա հնարավոր է, քանի որ գյումրեցի լրագրողը բավարարվում է 10 դոլար աշխատավարձով, իսկ մայրաքաղաքաբնակը իսկի 200-ով էլ չի բավարարվում։

Ինձ համար տարօրինակ էր, թե սոցիալապես վատ վիճակում գտնվող գյումրեցի լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ինչո՞ւ են մինչեւ օրս պահպանել խորհրդային քարոզչության այն տեսակետը, թե պրոֆեսիոնալը պետք է աշխատի ոչ թե համապատասխան (իրենց կարծիքով բարձր) աշխատավարձով, այլ նվիրումով։ Բացի այդ, գյումրեցի գործընկերներս ինձ՝ անկախ թերթի թղթակցիս, համոզում էին, թե իրենց մոտ բացարձակ անկախություն կա, քանի որ իրենք ֆինանսական կախվածության մեջ չեն։ Երեւի այս խոսակցությունը երկար կշարունակվեր ու ես համոզվում էի, որ չարժե 19-րդ հոդվածը նշել մի քաղաքում, որտեղ ոտնահարվում է մարդու ամենագլխավոր՝ ապրելու իրավունքը, եթե չներկայանային «Շանթ» հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Եզեկյանն ու արտադրության ղեկավար Լեւոն Բարսեղյանը։

Պրն Բարսեղյանը բավականին հանգամանալից ներկայացրեց Գյումրիի զանգվածային լրատվամիջոցների (5 թերթ, 3 հեռուստաընկերություն, 3 ռադիոընկերություն) վիճակը ու եզրակացրեց, որ դրանք դեռեւս 4-րդ իշխանություն չեն դարձել։ Չմանրամասնելով Լեւոն Բարսեղյանի զեկույցը՝ մեջ բերեմ միայն մի հատված. «1998 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույն ալիքով 3 հեռուստատեսությունների գիշերային աշխատանքը ժամաբաշխելու համառ վեճին (6-րդ ալիքն այդ ժամանակ տարբեր ժամերի կիսում էին 3 հեռուստաընկերությունները) «Ցայգի» (նոր) շահերի պաշտպանությունը ստանձնեց Գյումրիի ռազմական ոստիկանության պետը։ Մարզպետ Ա. Գոմցյանը, որին էր վերապահված այդ գործը, փաստորեն, խաղից դուրս մնաց»։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածի 50-ամյակը Գյումրիում նշեցինք ու վերադարձանք մայրաքաղաք։ Է՜հ, հետո ի՞նչ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930