Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՈՒՑԵ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՞ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ Է ՁԱԽՈՂՎԵԼ»

Ապրիլ 01,1999 00:00
dat

Ապրիլի 11-ին ավարտվում է Արծրուն Մարգարյանի գործով մեղադրվող Արմեն եւ Արսեն Խաչատրյանների նախաքննությունը։ Այս կապակցությամբ զրուցեցի վերջիններիս փաստաբանների՝ «Փաստաբանների միջազգային միության» անդամներ Ամալյա Ավագյանի եւ Մարինե Ջանոյանի հետ։

Համաձայն Արմեն Խաչատրյանի ցուցմունքների՝ նա լրիվ անմեղ է եւ մինչեւ նախաքննության ավարտը նրա խափանման միջոցը կփոխվի։ Արսենի փաստաբան տիկին Ջանոյանը բացառում է նաեւ իր պաշտպանյալի մեղավորությունը։ Բոլոր տեսակի փորձաքննությունները դա են վկայում։ Փաստաբանն, ընդ որում, օգտագործում է ոչ թե «Մարգարյանի սպանություն», այլ «Մարգարյանի մահ» արտահայտությունը։

«Եթե հիշում եք, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվեցին այդ կադրերը, կրիմինալիստ-քննիչ Բազինջյանն ասաց, որ անձամբ ինքն է Մարգարյանի ձեռքից վերցրել ատրճանակը եւ չի բացառում ինքնասպանության վարկածը։ Այս վարկածը չզարգացրին, այլ պաշտոնական կարծիք հայտնվեց, որ սա սպանություն է։ Հետո իմ պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց»։ Ըստ տիկին Ջանոյանի՝ Արսենի ցուցմունքները ոչ մի կերպ չեն ամբողջանում գործի հետ։ «Կարծում եմ՝ նախաքննչական մարմինները նույնպես համոզված են, որ պաշտպանյալս Մարգարյանի մահվան հետ որեւէ առնչություն չունի։ Չնայած իր ինքնախոստովանությանը»։ Դատաբժշկական փորձաքննությունը մինչ օրս չի բացառում ինքնասպանության վարկածը։ «Նրանք գրում են, որ վերջնական եզրակացությունը, սակայն, կտա միայն համալիր փորձաքննությունը»։

Նախաքննչական մարմիններն իրենք էլ, ըստ փաստաբանի, խիստ շահագրգռված են համակողմանի եւ օբյեկտիվ քննություն անցկացնել։ Ընդհուպ, ընդհանուր աղերսներ են փնտրվում անցած տարի Արծրուն Մարգարյանի սպանության փորձի հետ։

Իսկ որ Արսենն իր վրա է վերցրել սպանությունը, բացատրվում է այսպես. «Արսենը ցուցմունքներ տալիս այնպիսի իրավաբանական տերմինների ու հոդվածների անուններ էր տալիս, որ ինքնուրույն նա այդ ամենը չէր կարող իմանալ։ Անգամ նրան սպառնացել են, որ՝ քեզ հետ այս, այս, այս բաները կանեն, եթե չտաս այսպիսի ցուցմունքներ։ Ես չեմ կարող ասել, որ ՆԳ եւ ԱԱ նախարարության ղեկավարությունն է դա ձեռնարկել։ Կարծում եմ՝ նրանք եւս օբյեկտիվ քննության կողմնակից են»։

Եթե անմեղ է Արմենը, եթե անմեղ է նաեւ Արսենը, իսկ Արծրուն Մարգարյանը սպանված է, ուրեմն երրորդ մեկն է դա արել։ Սակայն տ. Հալաջյանը չի բացառում ինքնասպանությունը եւ, քանի որ իր պաշտպանյալը եւս 3-րդ անձի մասին չի խոսել, այդ մասին չի խոսում նաեւ փաստաբանը։

«Արսենի հանդեպ մինչեւ ապրիլի 11-ը, կարծում եմ, որ խափանման միջոցը չի փոխվի»։ Կասկածելի է, որ այդ օրը Արծրուն Մարգարյանը նստել է ոչ թե ինչպես միշտ՝ վարորդի կողքին, այլ հետեւում։ Ըստ Արմենի ու Արսենի ցուցմունքների՝ Մարգարյանը ճանապարհի մի հատվածում ատրճանակը՝ կոթը բինտով փաթաթված, պահել է Արսենի գլխին։ Ձեռնամարտից հետո տղաները փախել են։ Քիչ անց լսել են 2 կրակոց եւ 7 կմ վազելով՝ հայտնել առաջին պատահած ավտոտեսուչներին (վերջիններս ժխտում են, որ իրենց նախազգուշացրել են)։ Տղաներին Արծրուն Մարգարյանի օգնական Հենրիկ Մուրադյանը հավատացրել է, թե Մարգարյանն ատրճանակն Արմենի գլխին է մոտեցրել նրան փորձելու նպատակով։ Բայց, ըստ տ. Ջանոյանի, չի բացառվում, որ այդ գործողությունը եղել է պրովոկացիա հենց Մարգարյանի կողմից, որպեսզի տղաներն ինչ-որ բան ձեռնարկեն։ Ամենայն հավանականությամբ դա կապվում է Արմեն Տեր-Սահակյանի գործին։ Մարտի 6-ին Արծրուն Մարգարյանը հրավիրված էր այդ գործով ցուցմունքներ տալու եւ փաստաբանների կարծիքով՝ Մարգարյանն ուզում էր տղաներին պրովոկացիայի ենթարկել, բայց չի հաջողվել. տղաները փախել են, եւ նա ինքնասպան է եղել։

Սրանք առայժմ վարկածներ են։ Ապրիլի 11-ին, հուսով ենք, ՆԳ եւ ԱԱ նախարարը, իր խոստման համաձայն, կներկայացնի եղելությունը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Մասնագետներն այս եւ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունների ձեռագրերը նմանեցնում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930