Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեոնիդ Հակոբյան. «Կոմունիստները գալիք ԱԺ-ում կկրկնապատկվեն»

Ապրիլ 01,1999 00:00

«Ես կատարելապես տիրապետում եմ ռուսերենին։ Իմ կրթությունը ռուսական է։ Պառլամենտն ինձ օգնեց, որ հայերեն սովորեմ։ Խորհրդարանում ելույթ եմ ունենում հայերեն։ Սակայն ամենակարեւորն այն է, որ ճիշտ մտքեր արտահայտվեն, իսկ թե որ լեզվով՝ համարում եմ երկրորդական հարց»,- այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր, Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Լեոնիդ Հակոբյանն «Առավոտի» հարցին, որը տրվեց հարցազրույցի ավարտին՝ թե ինչու պրն Հակոբյանը հայերենով տրված հարցերին գերադասեց պատասխանել ռուսերենով։ Իսկ առաջին հարցը հետեւյալն էր. «Ի՞նչ նախապատրաստություններ եք կատարել թիվ 5 ընտրատարածքում Կիմ Բալայանի հետ հիմնական մրցակցությունը անցկացնելու համար»։

-Ես շատ հարգում եմ, շատ եմ հարգում Կիմ Բալայանին։ Մենք շատ մոտ ենք եւ վաղուց բարեկամություն ենք անում։ Մենք բարեկամներ էինք նույնիսկ այն ժամանակ, երբ նա բանտում էր, ու իր կուսակցությունից ոչ ոք նրան չէր այցելում, ես երկու անգամ գնացել եմ Կիմի մոտ՝ բանտախուց։ Դրա համար բանտապետին ազատեցին աշխատանքից։ Նա հիմա ԱԺ պատգամավոր է՝ իմ կողքին է նստում։ Խոսքը Ռոմիկ Բալոյանի մասին է (նշենք, որ բանտապետի պաշտոնից ազատվելուց հետո Ռ. Բալոյանը ոչ միայն ԱԺ պատգամավոր դարձավ, այլեւ անդամագրվեց Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությանը- Ա. Զ.)։ Իսկ ինչ վերաբերում է Կիմ Բալայանին, ես նրա մասին միայն դրականը կասեմ։ Մենք միասին, կարծում եմ, կկողմնորոշվենք։

-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ երկուսով էլ որոշեցիք նույն ընտրատարածքում քվեարկվել։

-Ես քվեարկվելու եմ այն ընտրատարածքում, որտեղ հաղթել եմ 95թ. խորհրդարանական ընտրություններում, իսկ Կիմը քվեարկվում էր հարեւան օկրուգում։ Քանի որ դեպուտատների թիվը պակասել է, ուստի եւ մեծացել են ընտրատարածքները։ Հատուկ են այդպես արել, որ ես ու Կիմը մրցենք միմյանց հետ։ Ես գիտեմ, թե ով է այդպես վարվել՝ դա մեկ առանձին կուսակցության ձեռքի գործն է։ Եվ այնպես են ձեւավորել ընտրատարածքը, որ այն նվազագույն օգտակարության գործակից ունենա եւ իմ, եւ Կիմ Բալայանի համար։

-Իսկ ո՞ր կուսակցությանն եք ակնարկում։

-Չէի ուզենա նրանց անունը տալ։

-Շատ լավ, բայց ինչպե՞ս եք լուծելու Կիմ Բալայանի հետ մրցակցության հարցը։

-Կիմի հետ մենք պայմանավորվածությունների գալիս ենք։ Վերջին անգամ նրան հանդիպել եմ մարտի 29-ին։ Այստեղ կա մի կարեւոր հանգամանք. Կիմը Դաշնակցության ցուցակում 11-րդն է, իսկ ես մեր ցուցակում 3-րդ տեղն եմ զբաղեցնում։ Ես շատ կուզեի, որ Կիմը լիներ պառլամենտում։ Այնպիսիք, որպիսին Կիմն է, պետք են խորհրդարանին։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը պետք է լուծեն երկու կուսակցությունների ղեկավարները։ Ես ՀՀԿ Կենտկոմի քարտուղար եմ, կուսակցությունում հայտնի ընկեր։ Կուսակցությունների ղեկավարները պետք է այս հարցում կողմնորոշվեն։ Ես ինքս ուզում եմ, որ Կիմը լինի խորհրդարանում։

-Իսկ ձեր տեղը կզիջեի՞ք Կիմ Բալայանին՝ հանելով թեկնածությունը։

-Հարցն այդպես չէի դնի։ Գիտե՞ք ինչու որոշեցի քվեարկվել, որովհետեւ հետեւողականորեն աշխատել եմ ընտրողներիս հետ։ Չեմ կարծում, թե մեր պառլամենտում շատ են այդպիսի պատգամավորները։ Նույնիսկ իմ ընտրողները չեն հասկանա, որ հազարից ավելի ձայների առավելությամբ հաղթելով այն ժամանակ ղեկավարող ՀՀՇ-ի ներկայացուցչին, երբ ամեն ինչ նրանց ձեռքին էր, հիմա չմասնակցեմ ընտրարշավին։ Ներկայիս կացությունը շատ ավելի պարզ է ու միանգամայն տարբեր։ Չկա անցյալի այդ լարվածությունը։ Եվ հիմա էլ չեմ կարող չկատարել ընտրողներիս կամքը։ Այս տարիներին հազարից ավելի նամակ եմ ստացել եւ բոլորին էլ պատասխանել եմ բարեխղճորեն։ Հարցերի 70-75 տոկոսը դրական լուծում է ստացել։ Ես հասա նրան, որ Երեւանում կառուցվող 4 շենքերից մեկը լինի «Պարտեզ» խանութի հարեւանությամբ գտնվող կառույցը։ Երկու վերամբարձ կռունկ դնել տվեցի, որ շենքը կառուցվի։ Մարդիկ երկար ժամանակ սպասում էին։ Պատգամավորությանս մյուս ժամկետում եւս մեկ շենք պետք է կառուցվի։ Խնդիր չէի ունենա, եթե Կիմի հետ չմրցակցեի։ Կարծում եմ, որ մեր կուսակցությունների ղեկավարներն ընդհանուր եզրակացության կգան։

-Որքան հասկացա՝ ձեր տեղը դեմ չեք զիջել Կիմ Բալայանին։ Բայց դրա փոխարեն, ի՞նչ կուզենա ՀԿԿ-ն ՀՅԴ-ից։

-Ես դեմ եմ, որ կուսակցությունների միջեւ առեւտուր տեղի ունենա։ Կողմնակից եմ մաքուր եւ թափանցիկ ընտրություններին։ Կարծում եմ, այս երկու կուսակցությունները որեւէ միջոց կգտնեն խնդիրը լուծելու։ Թե չէ ինչպես բացատրեմ ընտրողներին, որ չեմ մասնակցում։

Մեր զրույցի ավարտին ճշտեցինք նաեւ, թե ինչու է Լեոնիդ Հակոբյանը կրում ՀԽՍՀ ԳԽ անդամի նշանը։ Ասվեց, որ վերջին երկու գումարումների խորհրդարանների ղեկավարներն այս 8-9 տարվա ընթացքում այդպես էլ չեն անդրադարձել այդ հարցին, մինչդեռ ԱՊՀ մյուս բոլոր հանրապետություններում այդ խնդիրները լուծված են։ Լեոնիդ Հակոբյանն ու Արշակ Սադոյանը, որոնց ընդունված է խորհրդարանում ժողովրդական տրիբուններ համարել, ազատ ժամանակ միմյանց հետ շախմատ են խաղում, իսկ այդ ամենից զատ, Լեոնիդ Հակոբյանը կարծում է, որ գալիք խորհրդարանում կոմունիստների թիվը կկրկնապատկվի։

Իսկ մեր զրույցի ավարտին էլ ԱԺ պատգամավորը հարկ համարեց արձանագրել, որ չկա այնպիսի հարց, որին ինքը չկարողանա պատասխանել՝ իբրեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930