Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիստը նորից ձախողվեց

Ապրիլ 01,1999 00:00
toto

Ազգային ժողովի մուտքի մոտ՝ չնայած հորդացող անձրեւին, երեկ բազմահազարանոց զանգված էր հավաքվել։ Շենքի ներսում էլ քվորումից ասեղ գցելու տեղ չկար։

«Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը եկել էին ոչ միայն բոլոր պատգամավորները՝ բացի Խոսրով Հարությունյանից (նա այդ պահին Լուվրում դիտում էր Ջոկոնդայի նկարը), այլեւ կառավարության բոլոր անդամները՝ բացի Վազգեն Սարգսյանից (նա այդ պահին միավորվում էր Կարեն Դեմիրճյանի հետ)։

Այս գեղեցիկ առիթով Անդրանիկ Մանուկյանը թափ-թազա կոստյում էր հագել, Խորեն Թռչունիչը սանրվել էր, իսկ Գայանե Սարուխանյանը մազերին փարթամ սանրվածք էր տվել։ Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Արմեն Դարբինյանը եւ արհամարհական (բայց «էլիտար») հայացք նետելով դահլիճին եւ ձայնին հնարավորինս բամբ երանգ տալով՝ սկսեց.

– Օրենքի նախագծի առաջին ընթերցումն անբարոյական էի որակել։ Այս անգամ էլ, եթե քվեարկեք հօգուտ սակագների սառեցման, ուրեմն՝ կհամարվեք ազգի դավաճաններ։

-Հլը մի րոպե։ Դե գիտե՜ք ինչ, պրն վարչապետ, հերիք էղավ խաբեք էս ժողովրդին։ Ամբողջը գռփեցիք-չռփեցիք, մեր ամբողջ ունեցվածքը վաճառեցիք օտարներին, հիմա հեքիաթներ ե՞ք պատմում,- ասաց ինքներդ գիտեք ով։

Քանի որ նիստը ցուցադրվում էր Ազգային հեռուստատեսությամբ, ամբիոնին մոտեցավ Արտաշես Գեղամյանը։

-Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Աստվածաշնչում թեեւ գրված չէ, բայց քրեական օրենսգիրքը վաղուց է լացում էս կառավարության համար։ (Դահլիճում անասելի աղմուկ է)։ … Լռեք, դո՜ւք, որ պապլավոկում երեկ կռիվ էիք անում։ Դուք էլ, որ լափել եք ընչազուրկների ու նվաստյալների ունեցվածքը։ Ամո՛թ քեզ, տեր Հուսիկ։

Սառը ժպիտով խոսափողին մոտեցավ Դավիթ Շահնազարյանը.

-Առաջարկում եմ այսպես կոչված նախագահին անվստահություն հայտնել։ Թե չէ, եթե բասկետբոլ խաղալով է ամեն ինչ որոշվում, նրանից բոյով եմ եւ ավելի լավ եմ խաղում։

Նրան անմիջապես ձայնակցում են Վահագն ու Վիգեն Խաչատրյանները, իսկ «Երկրապահն» արագ դուրս է գալիս դահլիճից։ Քվորում չկա։ Բոլորը բուֆետում են։ Այդ ընթացքում արտգործնախարար Վարդան Օսկանյանը ձեռքերը թափահարելով եւ բոլոր մատները միասին շարժելով ինչ-որ բան է ասում, Սանդոյանն ու կապի նախարար Արտակ Վարդանյանը հայացքով հետեւում են միջանցքներում շրջող գեղեցիկ աղջիկներին, իսկ Սերժ Սարգսյանը լրագրողներին բացատրում է, որ ՍՊԻԴ-ի կայանը ոչ մի դեպքում Ղարաբաղ չի տարվի։

Դրսում բազմությունն աղմկում էր…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930