Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՄԻՇՏ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Ապրիլ 01,1999 00:00
Silva Kaputikyan

Հայ ազգի համար կարեւորագույն նշանակության իրադարձություններից մեկի՝ դարիս մեծագույն ու ամենաազգային բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումները լայն թափով շարունակվում են եւ, հավանաբար, մինչեւ տարվա վերջ կձգվեն՝ իրենց շուքով նսեմացնելով այլ շատ հանդիսություններ։

Նման մեծարանքի, անտարակույս, արժան հայուհուն երեկ իրենց անսահման սիրո ու երախտիքի տուրքն էին որոշել մատուցել Նոր Նորքի համայնքի ազգասեր բնակիչները։ «Հայրենադավ, ազգադավ, դեղին, ազգատյաց, ապազգային» եւ այս կարգի այլ բնորոշումների արժան «Առավոտը» չէր կարող անուշադրության մատնել նման բացառիկ նշանակության հավաքը՝ թեկուզ միայն ճոխ ու հնչեղ բառեր սովորելու հնարավորությունը գնահատելով։ Դրանք երեկվա միջոցառմանը քիչ չէին։ Ճիշտ է, դարիս մեծագույն բանաստեղծուհուն գովերգողները Լենդրուշ Խուրշուդյանի, Գառնիկ Անանյանի մեծության ազգասերներ չէին, այլ հասարակ մահկանացուներ, որ անչափ հուզվում էին Սիլվա Կապուտիկյան մեծության ներկայությամբ խոսք ասելուց (Նոր Նորքի համայնքապետ Մկրտիչ Մինասյանն ընդհանրապես հայտարարեց, թե՝ «իրավունք չունեմ մեր պոեզիայի քրմուհու խոսքից հետո խոսք ասել», բայց բանաստեղծուհու տաղանդը գնահատող խոսքերը հեչ էլ պակասը չէին։

Նախ մեծագույն երջանկություն ներկայացվեց այն, որ իրենց «բախտ է վիճակվել ըմբոշխնելու հայ ազգի տաղանդավոր դստեր՝ 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ներկայությունը», հետո էլ այսպիսի բնորոշումներ հնչեցին՝ դարի մեծագույն պոետ, սքանչելի բանաստեղծուհի, հայրենիքի նվիրյալ, պայծառ բանաստեղծ, մեր իշխանությունների խիղճ ու զսպաշապիկ, հայ պոեզիայի քրմուհի, մեծ մարդ, ազնիվ քաղաքացի եւ այլն, եւ այլն։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, Պատվո շքանշանակիր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր եւ այլ մեծ ու մեծ կոչումների արժանացած բանաստեղծուհուն գեղեցիկ խոսքերով ու հուզառատ հյուրընկալությամբ չես զարմացնի։ Երբ ասում է, որ «իմ կյանքը անցավ ծափ ու ծաղկի մեջ», դրանք լոկ բանաստեղծական խոսքեր չեն, այլ ապրված իրողություն։ Իսկ համաձայնվել է ինքն այս հոբելյանը նշելուն միայն նրա համար («դուք մի կարծեք, որ դա հեշտ բան է, դա աշխատանք է, որ պիտի անես, որին պիտի դիմանաս»), որովհետեւ դրանում «զարթոնքի պես մի բան եմ տեսնում», այնպես որ, բոլոր հրավերներին արձագանքելու է։

Իսկ Նոր Նորքի թաղապետարանի դահլիճը տիկին Սիլվայի մեջ տասը տարվա վաղեմությամբ հիշողություններ արթնացրեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորական ընտրությունների մասին, որում ինքը հաջողություն չէր ունեցել, քանի որ «ըմբոստ, հակասովետական խոսքեր» չէր ասում, «ռուսին ու ռուս ժողովրդին չէի ընդդիմանում». դրա համար ինքն ընդամենը 100 ձայն ստացավ, իսկ Կարեն Սիմոնյանը՝ 1100։ Բայց դրանից մեծ բանաստեղծուհին «չկոտրվեց», որովհետեւ «ինքը ճշմարիտ էր»։ Իսկ իր ճշմարտությունը «մշտական է», ոչ թե՝ «ժամանակավոր»։ Իսկ նախկին ապազգային իշխանությունները, որ պնդում էին, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, մեղմ ասած՝ ճիշտ չէին։ Հիմա ազգային ուժեր են եկել իշխանության։ Մինչ այդ «մեր արվեստը, մեր մշակույթը այս տարիների ընթացքում ենթարկված էր հանցավո՛ր անուշադրության»։ Իսկ հիմա ազգային նախագահը «Հին աստվածները» ներկայացմանն է մասնակցում։ Բայց նախորդ իշխանություններն իրենց վատությունն արեցին, «մեր ժողովրդի կերպարը խաթարեցին»։

Այն օրի հասանք, որ «հեռուստատեսությունը, ռադիոն, համերգասրահները լցվեցին օտար ներխուժումների պղտոր հոսանքներով… Մեր մամուլը, հեռուստատեսությունը (ոչ բոլորը՝ իհարկե) դրան ընդառաջ գնացին չտեսի հափշտակվածությամբ, մեր բոլոր ծրագրերը լցվեցին օտար երաժշտությամբ, դոփյուններով եւ ոչ թե երաժշտությամբ։ Մեր էկրաններում տիրապետող դարձան մերկանդամ մարմինների ցուցադրությունները, գռեհիկ պարերը, ամեն տեղ սեքսը դառավ առաջնակարգ» եւ մոռացվեց «ազգայինը»։ Ու ռադիոյով «մի հաղորդավար հրապուրված պատմում էր Մադոննայի մասին։ Մադոննան, գիտեք երեւի, աշխարհում հայտնի է որպես բա… չեմ ուզում կոպիտ բառեր ասել։ Բայց հաղորդավարը, ոնց որ ասում են՝ բերնից թուքը հոսեցնելով ասաց, որ Մադոննան համարվում է աշխարհի ամենասեքսուալ կինը»։ Հետո, Մադոննային նման ուշադրության արժանացնելուց բողոքող բանաստեղծուհին, պակաս մանրամասներով չպատմեց Մադոննայի կյանքը, որ անպարկեշտության մեջ մեղադրվող հաղորդավարուհուց էր լսել։

Նույն բանում չմեղադրվելու վախով ընթերցողներին կզրկենք այդ մանրամասները կարդալու հաճույքից։ «Ես այնքան էլ արնածարավ մարդ չեմ»,- տեղեկացրեց ազգային բանաստեղծուհին, երբ խոսքը հասավ նախորդ վարչակազմի մեղավորներին պատժելուն։ «Բանաստեղծի իր բնավորությունն է» եւ չի ուզենա, որ «մեր հայը հայի ձեռքով դատապարտվի, բայց այս բոլորի համար պետք է պատասխա՛ն տան, գոնե՝ բարոյակա՛ն»։ Բայց ախր «այդ արարմունքների, այդ վիճակի պատասխանատուները այնպիսի մի հանդգնությամբ են խոսում թերթերից, հեռուստատեսությունից, դեռ մի բան էլ մեղադրելով նոր ղեկավարներին, թե դո՛ւք այս մի տարվա ընթացքում այս ինչեր եք արել, որ ակամա մտածում ես, որ սրանց, այնուամենայնի՛վ, լռեցնե՛լ է պետք»։ Թե այդ «լռեցնել» ասելով ի՞նչ նկատի ուներ ոչ «արնածարավ» բանաստեղծուհին, գլխի չընկանք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930