Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՐԿ ՏԱԼ ՃՅՈՒՂԵՐԻՆ»

Ապրիլ 01,1999 00:00
Armen Darbinyan

Ինչպես հայտնի է, վարչապետ Արմեն Դարբինյանը՝ լինելով Բագրատյանի գաղափարական ժառանգորդը, իր ուսուցչի նման որդեգրել է մամուլի հետ աշխատելու չափազանց խելամիտ եւ հեռանկարային ձեւ՝ պատերազմել, բոյկոտել, լրատվություն եւ հարցազրույց չտալ, միջոցառումների չկանչել այն լրատվամիջոցներին, որոնք իրեն դուր չեն գալիս:

Ցավոք, «Առավոտն» էլ այն թերթերի թվում է, որոնք պրն Դարբինյանի քիմքին չեն: Սակայն ապրիլի 1-ի համաժողովրդական տոնի կապակցությամբ նա որոշեց «ջրային զինադադար» հայտարարել եւ հակիրճ հարցազրույց տալ մեր թերթին:

– Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը:

– Վարչապետը (պրն Դարբինյանն իր մասին սովորաբար երրորդ դեմքով է խոսում- Կ. Դ.) գտնում է, որ իր կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել նախորդ հանցավոր ռեժիմից: Մասնավորապես, նախկինում թալան-սեփականաշնորհումով ու ժողովրդի արյունը ծծելով էր զբաղված Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը:

– Ինչպիսի՞ ուղիներ եք դուք տեսնում մեր տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու:

– Վարչապետի կարծիքով, պետք է զարկ տալ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերին: Մենք կնքել ենք համապատասխան պայմանագիր «Մերի լինչ» հեղինակավոր ֆիրմայի հետ, որը պարտավորվում է թենդեր հայտարարել եւ աուդիտ անցկացնել՝ Հայաստանում խավիարի արտադրությամբ զբաղվող գործարան ստեղծելու վերաբերյալ: Մեզ արդեն դիմել է Գալապագոսյան կղզիներում գրանցված «Raz & Son» հեղինակավոր ընկերությունը, որն առաջարկել է խավիարի արտադրության հիմքում դնել հայկական ատոմակայանի թափոնները: Ծրագրի իրականացումը, բացի աշխատատեղեր ստեղծելուց, մեծապես կնպաստի մեր ժողովրդի ֆիզիկական եւ, ինչու չէ, նաեւ՝ հոգեւոր առողջացմանը:

– Ինչպես հայտնի է, բյուջետային որոշ ոլորտների աշխատողներ ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Ի՞նչ է մտադիր անել կառավարությունը՝ իրավիճակը շտկելու նպատակով:

– Վարչապետի տեսակետն այստեղ միանշանակ է՝ անհրաժեշտ է հստակեցնել հարկային քաղաքականությունը: Մենք մշակել ենք ու շուտով Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնելու նոր հարկատեսակներ՝ երկրագնդի օզոնային շերտի պաշտպանության, ՀՀ կառավարության անդամներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Հաիթիում ժողովրդավարությունը պաշտպանելու եւ այլն, որոնք պետք է վճարեն բոլոր տնտեսվարող սուբյեկտները: Այդ հարկատեսակներն, անշուշտ, կհամալրեն մեր բյուջեն եւ կխթանեն արտադրությունը: Լուրջ ռեզերվ է նաեւ փողոցային առեւտուրը: Մենք մտադիր ենք ստիպել արեւածաղիկ եւ կանաչի ծախող բոլոր տատիկներին՝ դրամարկղային ապարատներ գնել՝ դրամի ստվերային շրջանառությունը կանխելու համար:

Տնտեսության ամենաակտիվ ճյուղերից մեկը՝ մուրացկանությունը, լրիվ դուրս է մնացել հարկային համակարգից։ Մտադիր ենք արգելել կանխիկ դրամով ողորմություն տալու անառողջ պրակտիկան։ Ապրիլի 1-ից մուրացկանները պարտավոր են հաշվի համար բացել «Բենդ» բանկում, իսկ ողորմություն տրվելու է փոխանցման կարգով։

Միաժամանակ մշակույթի նախարարությանն առաջարկվել է վերահսկել փողոցային երաժիշտների երգացանկի հայրենասիրական մակարդակը։ Նշված չափանիշներին չհամապատասխանող երգերի հեռարձակման նկատմամբ կիրառվելու է կոշտ հարկային քաղաքականություն։

– Շնորհակալություն հարցազրույցի համար: Հուսով ենք, մեկ տարի հետո՝ ապրիլի 1-ին, նորից կհանդիպենք մոսկովյան որեւէ հեղինակավոր ֆիրմայում:

Հայցազրույցը վարեց

ԴԱՎԻԹ ԿԱՐՄԵՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930