Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի «անկեղծ»

Մարտ 31,1999 00:00

Մի «անկեղծ» զինվոր չգտնվեց «Թե իմանայի, որ Մեղրի եք հասնելու, խորհուրդ կտայի անպայման Մեղրիի գունդն էլ մտնել»,- պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանին կարծես քիչ թվաց Սյունիքում լրագրողների՝ միայն մեկ զորամասին ծանոթանալը։ Բայց ընտրությունն այս անգամ ընկել էր տանկայինի վրա։ Լրագրողների մի մեծ խումբ Մելիքսեթ Պողոսյանի հյուրն էր։ Մեր բանակի սպաների մեծ մասն անցել է պատերազմով եւ նրանց ղեկավարած ստորաբաժանումներն այսօր հրամանատարների անունով են ճանաչվում՝ Մանվելի բրիգադը, Ազոյանի գունդը, Վիտոյի պոլկը, Ղեւոնդի գունդը… Մեր սպայակազմի մյուս «կադրերը» կռվող տղաներն էին։ Մելիքսեթ Պողոսյանը՝ Մելոն, Տեղ գյուղի կոլտնտեսությունում բրիգադիր էր, երբ զորակոչվեց խորհրդային բանակ եւ որպես տանկիստ ծառայեց Հունգարիայում։ Երբ տանկային այս զորամասը նոր-նոր էր կազմավորվում, մի օր ասաց. «Գիտե՞ս տանկին ում եմ նմանեցնում՝ գոմեշի, որ բոյեբոյ պառկած ա գետնին»։ Այդ ժամանակ Մելոն արդեն հայկական բանակի փոխգնդապետ էր։ Էլ ավելի դժվար էր գոմեշի հետ համեմատել շարքով կանգնած տանկերը, որ գնդապետ Պողոսյանի թույլտվությամբ բացվեցին լրագրողների առաջ։ Տասնյակ զինակոչիկներ այս զորամասում կատարելագործվում են տանկիստի մասնագիտության մեջ։ «Ես ձեզ հասցեներ տամ, գնացեք, հարցրեք Երեւանում, թե ոնց են ծառայում»,- ասաց Մելոն կասկածամիտ մի լրագրողի, որ անպայման ուզում էր մի «անկեղծ» զինվորի հանդիպել, որ հրամանատարից չվախենալով խոստովաներ բանակի թերությունները՝ համատարած սով, «դեդովշչինա», ոջիլ… Այդպիսին չգտնվեց։ Զինվորները, թարսի պես, նիհար կամ խեղճացած չէին։ Երեսներին կապտուկներ, բռնության այլ նկատելի հետքեր էլ չկային։ Եվ ընդհանրապես. ճաշերը՝ մսով, անկողինը՝ մաքուր, սենյակները՝ ջեռուցվող, բաղնիքը՝ ամեն շաբաթ։ Սենյակներից մեկում պարապմունք էր, որ ստիպված եղան ընդհատել, կողքի սենյակում մի կին կարի մեքենայով զինվորների հագուստն էր նորոգում, ուրեմն՝ համազգեստն էլ էր տեղը172տեղին։ Հրամանատարն ասաց, որ «պրիսյագի օրը» խնդրել է ծնողներին երկու տարի զորամաս չգալ եւ խոստացել է ապահով ծառայություն։ Նրա կարծիքով, ծնողների այցելությունը բացասաբար է անդրադառնում տղաների ծառայության վրա։ Երբ ավելացրեց, թե բանակում իր զինվորները «տաս-տասներկու կիլո» չաղացել են, նկատեցի, որ Մելոն էլ երեւի այս երկու տարում այդքան չաղացած լինի։ Ժպտաց։ …1995 թ. աշնանը պաշտպանության նախարարի հետ հարավարեւելյան սահմանի զորամասերից մեկում էինք։ Մինչ հրամանատարը՝ փոխգնդապետ Մելիքսեթ Պողոսյանը բարձրաստիճան հյուրերի հետ զբաղված էր մեր բանակին վերաբերող հարցերի քննարկմամբ, փորձեցի անկեղծ զրուցել նրա զինվորների հետ։ «Մեր հրամանատարի պես հրամանատար չկա»,- միանգամից կանխեցին բանակի թերությունները բացահայտելու մեր փորձերը։ «Շատ հոգատար ա, որ գյուղ, տուն գնում ա՝ անպայման լավաշ, պանիր, դաժե մեղր ա բերում զինվորներին։ Պոստում կանգնածներին էլ ա տանում»։ Ասացին նաեւ, որ Մելոյի մայրը որդու հետ նաեւ զանազան դեղաբույսեր է դնում՝ երեխեք են, էլի, հիվանդանալ կա։ 1996 թ. սեպտեմբերի 21-ին Մելիքսեթ Պողոսյանը «Արիության մեդալ» ստացավ, 1998-ի դեկտեմբերին՝ գնդապետի կոչում։ Հյուրերի հետ երկխոսությունն ընդհատվում էր «բնական բորշ» ուտելու եւ զինվորների երգը լսելու հրամանատարի մշտական հրավերով, որը, սակայն, ասուլիսներին ու ԱԺ բուֆետին վարժված 4-րդ իշխանության պատվիրակները մերժեցին։ …1993-ի մայիսին Ղարաբաղից վերադառնալիս, մեր մեքենան Տեղ գյուղի մոտ փչացավ, ստիպված էինք կանգնել։ Գյուղը նոր-նոր շունչ էր քաշել, Քելբաջարի զինակետերը մեկ ամիս է՝ լռեցվել էին։ Լրագրողն այս տեղերում հազվադեպ երեւույթ էր այդ տարիներին՝ ծանոթացա մեզ օգնության հասած գյուղացիների հետ։ «Էդ որ թերթում ես աշխատում, խի՞ իմ տղի մասին սկի կյուրում չեք»,- հարցրեց միջին տարիքի մի կին։ Այսպես կայացավ մեր հեռակա ծանոթությունը Տեղ գյուղի պաշտպանական ջոկատի հրամանատար Մելիքսեթ Պողոսյանի հետ։ 1988-ից գյուղը ադրբեջանցիների թիրախն էր։ Կողքի ադրբեջանական Ջիջլու (կարծեմ այդպես) պոստը վերցնելուց հետո, այն 40 հոգով էին պահում, Մելոյի ջոկատի թուր ու թվանքին կարգին զենք ավելացավ։ 1993-ի մայիսյան այդ օրը մեր տեսածն արդեն մի քանի մեքենա էր, ԲՏՌ-ներ, շիլկաներ եւ նման կարգի բաներ։ «Մելոն էս սաղ զենքը ձեռքով հավաքել, բերել ա ստեղ»,- պատմում էր մայրը։ Մելիքսեթ Պողոսյանի եղբայրն էլ միացավ մեր զրույցին. «Կռիվն ինչ սկսվել ա, ոչ մի երիտասարդ գյուղից չգնաց։ 120 հոգանոց ջոկատ ունենք, աղբերս էլ կամանդիրն ա։ Ո՞նց ասեմ, թուրքի զենքով իրանք կռվում են թուրքի դեմ։ Հայրիկյանի ջոկատը եկավ Լաչին, ընկավ զասադի մեջ, կապվեցին աղբորս հետ, թե Մելո, շուտ հասի։ Գիտեք, երեւի, էս վերջերս ահագին դիակ հանեցին, Երեւանում մի աղջիկ էլ գրեց դրա մասին, անունը կարծեմ, Ալվարդ»։ …Լաչինի միջանցքի Ղոչազի բարձունքում ահավոր տեսարանը հիշեցի՝ խոշտանգված մեր տղաների դիակները՝ իրար կողքի։ Իջեցրին, փաթաթեցին ցելոֆանով, դրեցին «գրադի» արկղերի մեջ՝ իբրեւ դագաղ, ուղղաթիռով Երեւան ճամփեցին։ Դա էր, որ կարդացել էին Մելոյի հարազատները թերթում։ ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել