Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետեւեք, որպեսզի դրանք կատարվեն։
Ջոն Լոկ
Հարեւան մի ընտանիքի ծանր վիճակը հարկադրեց ինձ՝ լրագրողիս, գրիչ վերցնել եւ ուղարկել այս նամակը «Առավոտին»։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արարատ Անտոնյանն արդեն 23 տարի տառապում է փտախտով, 1984 թ. զրկված է ձախ ոտքից։ Ծանր է տեսնել, թե ինչպես երկրորդ կարգի զինվորական հաշմանդամը դժվարությամբ, ոտքը քարշ տալով՝ վառելափայտ է կրում թոռնիկների համար։ Կինը՝ տիկին Սիլվան տառապում է շաքարախտով, վերջերս վատ վիճակում էր, շտապօգնությունը փրկեց նրան։ Ահա այս հիվանդ մարդկանց եւ չաշխատող հարսի խնամքին են մնացել երկու փոքրիկները՝ Արմանն ու Արենը։ Մինչդեռ երեխաների հայրը՝ Վարդան Անտոնյանն արդեն ութ ամիս առաջ պետք է տանը լիներ, իր զավակներին նեցուկ։ Վարդանն իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարել է (երկու արու զավակ, ապագա զինվորներ է ունեցել) եւ պետք է 1998 թ. հուլիսին զորացրվեր, բայց…
Թող ներողամիտ լինի ընթերցողը, եթե փոքր ինչ հանգամանալից ներկայացնենք այս պատմությունը։ Կարծում ենք՝ այս դեպքում ամեն ինչ ակներեւ կլինի։ 1990 թ. Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 18-ամյա Վարդան Արարատի Անտոնյանը մեկնում է Խաբարովսկ եւ ընդունվում տեղի երկաթուղային ինստիտուտ։ Հիշեք, դա այն տարին էր, երբ հայ երիտասարդներին հորդորում էին քանդվող ԽՍՀՄ-ի բանակ չմեկնել։ 1992 թ., կապված ընտանիքի սոցիալական ծանր վիճակի հետ, Վարդանը տեղափոխվում է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի առաջին կուրս։
Կարդացեք նաև
1993 թ. մարտին, ուսման վճարը չկարողանալով մուծել, դուրս է մնացել ինստիտուտից, սակայն շրջխորհրդի գործկոմի օգնությամբ գումարը հայթայթելով, նույն տարվա սեպտեմբերին վերականգնվում է ինստիտուտում։ Ինստիտուտից դուրս մնացողը պետք է զրկվեր տարկետման իրավունքից, սակայն այն ժամանակ գործող օրենքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնողի զավակը, որպես խնամակալ, չէր զորակոչվում։ Ինչեւէ, Վարդան Անտոնյանը փոխադրվում է կուրսից-կուրս՝ պարբերաբար ունենալով Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի որոշումներն այն մասին, որ հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը՝ նրան չզորակոչեն մինչեւ բուհն ավարտելը։ 1998 թ. հունիսի 23-ին պետական երկու քննություններն հանձնած, բայց դեռ դիպլոմը չպաշտպանած Վարդանը զորակոչվում է։ Նշենք, որ 1996 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել էր նրա Արման զավակը։ 1998 թ. հուլիսի 15-ին ծնվում է երկրորդ որդին՝ Արենը։
Գործող օրենքի համաձայն, Վարդան Անտոնյանը պետք է զորացրվեր, սակայն նա մինչեւ օրս ծառայության մեջ է հանրապետության զորամասերից մեկում։ Վեց անգամ Անտոնյանները դիմել են հանրապետության պաշտպանության նախարարություն։ 1998 թ. սեպտեմբերին ՊՆ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի անդամները եկել են Նոյեմբերյան, տեսել Վարդանի երկու երեխաներին, համոզվել ընտանիքի ծանր վիճակի մեջ։ ՊՆ իրավաբանական բաժնի նորաստեղծ բաժանմունքի պետ Ս. Սեդրակյանը 21.10.1998 թ. գրության մեջ Անտոնյաններին հայտնում է, որ «գործում եղած փաստաթղթերում ի հայտ են եկել մի շարք հակասություններ, որոնք պահանջում են լրացուցիչ ստուգումներ։ Այդ պատճառով Վ. Անտոնյանի վաղաժամկետ զորացրման հարցը կրկին կքննարկվի լրացուցիչ ստուգումներից հետո»։
Զարմանալի է, որ իրավաբանական բաժնի նորաստեղծ բաժանմունքի պետ պրն Սեդրակյանը այդ գրության մեջ Վարդան Անտոնյանին նշում է որպես ճարտարագիտական համալսարանի, այլ ոչ թե ճարտարապետաշինարարական ինստիտուտի շրջանավարտ։ Երիցս զարմանք է պատճառում, որ անցած հինգ ամսում հարգարժան պրն Սեդրակյանը չի հասցրել «լրացուցիչ» ստուգումը կատարել։
Թող ընթերցողը չկարծի, թե նոյեմբերյանցի Վարդան Անտոնյանը անցած տարիներին բանակից խուսափելու համար «ղաչաղ էր ընկել սարերում»։ 1996 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա Նոյեմբերյանում թեկնածուի վստահված անձ էր։ 1997 թ. ամառ-աշնանը երկու անգամ մասնակցել է (եւ հաղթել) «Ֆուտբոլային կրքեր» հաղորդմանը, նրան ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում լավ են ճանաչում։ Ինստիտուտի հատուկ բաժնում առկա են մարզային զորակոչային հանձնաժողովի թույլտվությունները։
«Առավոտ» օրաթերթի 1998 թ. սեպտեմբերի 29-ի համարում տպագրվեց Արարատ Անտոնյանի «Երեխաները այդ օրենքը չեն հասկանում» հոդվածը։ Վեց ամիս անց կրկին հրապարակավ բարձրացվում է Վարդան Անտոնյանի հարցը, իսկ հայրը՝ Արարատը կարծում է, որ պաշտպանության նախարարն անձամբ տեղյակ չէ այս գործին։ Գուցե այս հոդվածն օգնի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նոյեմբերյան