Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է 60-Ն ԱՆՑ…»

Մարտ 31,1999 00:00
toshakaru

Կամ օրենքով ծերերն ու մեր երկրի ապագան

Երկար ապրած մարդիկ մեծարվում, համարյա թե մշակութային արժեք են դառնում։ Գիտությունն անվերջ երկարակեցության բանալիներն է որոնում, մարդու օրգանիզմի թաքնված հնարավորությունները բացել է փորձում։ Մի խոսքով, մարդը երկար ապրել է ուզում։

Կարո՞ղ եք ասել, Հայաստանում ծերությունը ո՞ր տարիքից է սկսվում։ Դժվար չէ պատասխանել, ընդամենը պիտի հետեւել աշխատանքի հրավերներին։ Պահանջվում են մինչեւ 30 տարեկան բարետես աղջիկներ։ Հայաստանում պահանջարկ վայելող միակ աշխատուժը բարետես աղջիկներն են։

Եթե հաշվի առնենք, որ զորակոչային տարիքի տղաները բանակին են պետք, իսկ սովորել կամ ինչ-որ դիպլոմ ունենալ ցանկացող երիտասարդներին ձեռքից-ձեռք են խլում բազմազան բուհերը, սրանով կարելի է սահմանափակված համարել մարդուժի պահանջարկը Հայաստանում։ Մնացյալն ավելորդ է մինչեւ հերթական իշխանափոխությունը։ Նախկինների ծանոթ, հարեւան, բարեկամ, մանկապարտեզի, դպրոցի եւ ուսանողական ընկերներ կոչված սոցիալական հայկական նորահայտ խավը թավշյա սահուն փոխատեղմամբ պաշտոնյայի իր տեղը փոխանակում է նորերի՝ նույն հերթականությամբ ընտրյալների, մինչեւ այդ ավելորդների խավի մի բուռ արդեն երջանիկների հետ։

Ահա արդեն մոտ ենք նոր փոխատեղումների, եւ մարդկանց տարբեր խմբեր տարբեր սրտխփոցներով առաջանում են դեպի մոտալուտ պաշտոնաշարժերը։ Սակայն փոխատեղումներով հարցը չի լուծվի։ Չի լուծվի հատկապես 60-ից բարձր տարիք ունեցողների համար, որոնք կենսաթոշակի գրքույկը ձեռքներին, փակ դռների առաջ կանգնած, «օրենքով» ծերերն են։

Օրենքով ծերերը առողջ են, փորձառու, բայց հին են, հետեւաբար եւ՝ ձանձրալի, նախկին ժամանակներից անփոխարինելիության բարդույթներով շրջապատի նյարդերի վրա ազդող անընկճելի փնթփնթաններ։ Նրանց՝ տարիներ շարունակ անփոփոխ հնամաշ հագուստը, քչով բավարարվելու հնուց եկող սովորույթները կարծես առաջադիմության թռիչքին խանգարող «նավսը» լինեն, թուղթ ու գիրը։ 60-ը լրանալու օրն եւեթ, բոլորը թեթեւացած շունչ քաշելով, ստորագրում են հասարակությանը նրա անպիտանիության հրամանը։ Հնարավո՞ր է հիշել 60-ից բարձր տարիքի մարդկանց օգտակար գործողության գործակցով հետաքրքրվող որեւէ մեկի։ Անգործության անդունդից փրկվելու համար սոցիալական այդ խավը պատրաստ է լինել Հայաստանի ամենաէժան աշխատուժը։ Դեռ կանայք տանը զբաղմունք ունեն։ Թոշակառու աշխատունակ տղամարդիկ մեծ պոտենցիալ են երկրի համար։ Ի դեպ, եթե որպես տեղական աշխատուժ այսօր չենք հաշվում խոպան մեկնած երիտասարդներին, որովհետեւ բաց է նրանց տեղը, ապա 60-ն անց տղամարդիկ, հիրավի, մեծ ուժ են դառնում, եւ այն էլ՝ էժան ուժ։ Իսկ ինչո՞ւ թոշակառուներն իրենք չեն մտահոգվում իրենց աշխատունակությունը երկարաձգելու հարցով։ Մի ծերանոց գիտենք ու մեկ էլ երեխաների գլխին բեռ լինելու բարդույթի տառապանքները։

Արտերկրի հասակավորներին ես նայում՝ քեֆդ գալիս է, ինչ լիաբուռն առօրյայով են լցնում աշխատանքից վերջապես ազատ իրենց կյանքը, նրանք հանգստանում են, ճամփորդում, ոչ թե կյանք մաշում, այլ հատուկ ակումբ-հավաքատեղիներում ժամանակ անցկացնում։ Նույն վիճակի եւ հասակի մարդիկ այնտեղ հետ չեն մնում երիտասարդներից. ի՞նչ է, նրանք մեկտեղվել ուզում են, հասակավորները՝ ո՞չ։ Ընդհանուր հետաքրքրություններից բացի, մարդու երես են տեսնում, միայնակ մնացածները՝ կյանքի նոր ընկեր են գտնում։

Կողակցին այդ տարիքում կորցրած մարդը նոր ընտանիք կազմելու ահավոր ծանր խնդրի առաջ է կանգնած, հատկապես այրիացած կանայք այլեւս անձնական երջանկություն որոնելու միտքն անգամ չպիտի ունենան, դա նրանց կյանքում անվերադարձ կորած իրականություն է ընկալվում։ Տանը դիրքերը զիջում են նոր տիրուհուն, իրենք վերածվում թոռնիկների խնամակալի ու, որպես ծեր կին, մեկիկ-մեկիկ հավերժ մոռացության գիրկն են նետում լիարժեք անձ զգալու բոլոր չափանիշները։ Տատիկ չես, է՜, պառավ ես, որովհետեւ ապրածդ երկրի հասարակության մեջ քեզ հատկացված տեղն այդքան է։

Ձեր կարծիքով, լո՞ւրջ են դիտվում առաջին գիծ մտնելու փորձ անող կանայք։ Իսկ տարիքն առած այրու համար կյանքի նոր ընկեր գտնելը բարոյազրկություն է համարվում առաջին հերթին ամենամերձավորների կողմից, ավելի համարձակ տղամարդկանց վիճակն իբր ինչ է. ուրիշի այրու վրա աչքադրե՞լ՝ երեխաներն ի՞նչ կմտածեն։ Եվ ահա, քանի դեռ երիտասարդները սիրահարվում ու իրենց կյանքը չեն պատկերացնում առանց իրար, միջին տարիքի հայերը բազմակնությունը բարձրաձայնում են, 60-ն անց միայնակները ձեւավորել են դատապարտված այրիների սոցիալական խավը։

Գույները խտացված չեն, մեր հասարակությունը չգիտի՝ ինչպես պահի իր բնակչության մինչեւ 18 եւ 60-ից բարձր տարիքի անդամներին։ Մինչեւ 18-ը ծնողների հոգսն է, 60-ից բարձր ամեն մեկն ինքն է իր ոչպիտանիության տերը։

Հայաստանից արտերկիր մեկնած թոշակառուները եւս տեղի սովորական ռիթմի մեջ են սուզվում. այնտեղ 60-ն անց մարդկանց կյանքը կանոնակարգված է։ Իսկ Հայաստանի թոշակառուները պիտի միավորվեն եւ իրենց բազմափորձ կյանքը հագեցած շարունակելու ճանապարհը իրենք գտնեն։ Հիմա ցաքուցրիվ են, միայնակ ու թույլ, կենսագրությունը նորովի հարստացնելու փոխարեն՝ երեք հազարից մի քիչ ավելի թոշակից խեղճացած՝ վերջին ժամի դուռը թակելուն են՝ որպես փրկություն, սպասում։ Մի մեծ բանակ կյանքով լի մոլորված հայեր։ Մեր երկրում նրանց լավություն անելու փորձված միակ ձեւը ժամանակ առ ժամանակ տրանսպորտից անվճար երթեւեկելու իրավունք կորզելու համար պայքար ծավալելն է ու դրանում հերոսանալը։ Չվաստակող թոշակառուն ինքնաբերաբար պետության վզին նստած ավելորդ բերան է դառնում։ 60-ն անց մարդը, աշխատելու, ստեղծելու, օգտակար լինելու ուժերով ու ցանկությամբ հայը մի օր թող նարդին ու բլոտը մի կողմ դնի, նմանի հետ խելք-խելքի տա ու մեռնելու սպասումները ապրելու եւ գործելու ծրագրերով փոխի։

ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031