Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտների հետեւանքները

Մարտ 31,1999 00:00

Երկակի ստանդարտների հետեւանքները Ադրբեջանը Կոսովոյի հակամարտության հարցում շուտ կողմնորոշվեց։ Բաքվի օդանավակայանում ՄԻԳ-եր տեղափոխող ռուսաստանյան ինքնաթիռի բռնագրավումը եւ այդ ինքնաթիռի՝ Հարավսլավիա ուղարկելու մասին լուրի տարածման արագությունն ինքնին միանշանակորեն վկայում է, թե ով ում բարեկամն է։ Ռուսաստանի ակնթարթային արձագանքը՝ Ելցինի առաջարկը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեղմել Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ երեւույթին, ուշացած էր եւ չբավարարեց մեր ըմբոստ հարեւանին։ Ադրբեջանը կատարեց իր վերջնական ընտրությունը։ ԱՄն ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Չարլզ Վոքսը, որը ղեկավարում է Եվրոպայում ամերիկյան ստորաբաժանումը, անցյալ հինգշաբթի հանդիպեց Հեյդար Ալիեւին եւ շնորհակալություն հայտնեց, նշելով, որ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի շահերն ամբողջությամբ համընկնում են։ Այսպիսով, Ադրբեջանը հստակեցրեց իր դիրքորոշումը, թեեւ այն Բաքվին անհարմար դրության մեջ է դնում։ Դա նկատում են նույնիսկ ադրբեջանցի մեկնաբանները։ Մոսկովյան «Վրեմյա» թերթի թղթակից Արիֆ Հուսեյնովը, չկարողանալով թաքցնել զարմանքը, գրում է. «Ստացվում է, որ այնտեղ (Կոսովոյում) ադրբեջանական զինվորները, փաստորեն պատրաստ են հանդես գալ կոսովյան անջատողականների կողմից, չնայած նրանց նպատակը ոչնչով չի տարբերվում Ղարաբաղի հայերի նպատակից»։ Թուրքիան նույնպես միանշանակորեն ընդունելով Բալկաններում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, հայտնվում է երկիմաստ վիճակում։ Ունենալով Կոսովոյի նման առնվազն երկու խնդիր՝ քրդական անջատողական շարժումը երկրի ներսում եւ Կիպրոսի հիմնահարցը սահմաններից դուրս, Թուրքիան, փաստորեն, լեզու է դնում թշնամու բերանը եւ թուլացնում է սեփական դիրքերը։ Ճիշտ է, Թուրքիան նման հարցերում երբեք նրբանկատ չի եղել։ Ավելին, արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, առանց երկմտելու, Կոսովոն հայտարարել է «Թուրքիայի պատմության մասնիկը» եւ զգուշացրել, որ Թուրքիան «կանխելու է Կոսովոյի բնակչության հետ Թուրքիայի կիսած ընդհանուր պատմության հետքերը մաքրելու ցանկացած փորձ»։ Կոսովոյի հակամարտությունն անհարմար դրության մեջ է դրել նաեւ բազմաթիվ այլ երկրների։ Ասենք, արաբական աշխարհը, որը սովորաբար առիթը բաց չի թողնում ԱՄՆ-ին քննադատելու, գրեթե չարձագանքեց։ Բացառություն կազմել են միայն ամերիկյան կործանիչների ուժն իրենց մաշկի վրա զգացած Իրաքը եւ Լիբիայի առաջնորդ Մուհամմադ Քադաֆին՝ ԱՄՆ-ի հաջորդ ռմբակոծության հնարավոր թիրախներից մեկը։ Արաբների համար իրավիճակն, իսկապես, երկիմաստ է՝ արեւմտյան քրիստոնեական պետությունները հանուն մուսուլման-ալբանացիների, հարվածում են մեկ այլ քրիստոնյա երկրի։ Պաշտպանել ՆԱՏՕ-ին, Հարավսլավիայի ռմբակոծությունների հարցում՝ արաբների համար նշանակում է համաձայնել նաեւ Բաղդադի ռմբակոծումներին, չպաշտպանելը՝ մահմեդական եղբայրների շահերը դավաճանել։ Դժվար երկընտրանք է։ Այդպիսի հակասական իրավիճակներն ակնհայտորեն վկայում են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված միջազգային իրավական նորմերի անկատարության մասին։ Քաղաքական հակասությունների վրա հիմնված աշխարհակարգն անխուսափելիորեն հակամարտություններ պետք է առաջացնի։ Միայն երկու սկզբունքների՝ սահմանների անձեռնմխելիության եւ ազգային ինքնորոշման իրավունքի հակասությունն արդեն իսկ արյունալի բախումների պատճառ է դարձել աշխարհի ավելի քան հիսուն շրջաններում։ Եվ դրանց թիվը գնալով աճում է։ Ցեղասպանությունը մոլորակի որեւէ կետում հնարավոր վտանգ կլինի այնքան ժամանակ, որքան միջազգային հանրությունն իր հստակ դիրքորոշումը չի ձեւակերպի նախկինում կատարված այդ կարգի բոլոր հանցագործությունների վերաբերյալ։ Եվ այդ հարցում Հայաստանն անկասկած իր ասելիքն ունի աշխարհին։ Սա այն պահն է, երբ պետք է հիշեցնել Ֆրանսիային, որն այժմ ցեղասպանությունը կանխելու պատրվակով մասնակցում է Բելգրադի ռմբակոծումներին, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ երկրի կառավարությունը նախընտրեց թուրքական ռազմական պատվերները՝ 1915 թ. հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Նույն մեղադրանքը կարելի է հղել շատ ու շատ երկրների։ Կլսե՞ն արդյոք։ Ե. ԱՎԵԻՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել