Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ԴՈ՞ՒՔ ԵՔ ԱՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Մարտ 31,1999 00:00
qajaran

Ովքե՞ր են վերահսկում ապրանքների ներմուծումն Իրանից

Քաջարանի քաղաքապետ Հովսեփյանը Սյունիք այցելած լրագրողներին հայտնել էր, որ, չնայած տրանսպորտային մեծ ծախսերին, Սիսիանում որոշ ապրանքներ կարող են ավելի էժան լինել, քան Մեղրիում։ Առաջարկել էր այս հանելուկի լուծումն ԱԺ-ում փնտրել. պատգամավորներից շատերը զբաղվում են Իրանից Հայաստան ապրանք տեղափոխելով եւ իրար մեջ բաժանել են թե՛ ներմուծվող ապրանքների տեսականու, թե՛ դրանց վաճառքի վայրերը։ Եվ «կոնվենցիան» չեն խախտում՝ «զոնայի» տիրոջը հնարավորություն ընձեռելով իր որոշած գներով կազմակերպելու առեւտուրը։

Փորձեցինք հարցումների միջոցով պարզել, թե ովքե՞ր են այդ պատգամավորները՝ գուցե իզուր վստահելով նրանց անկեղծությանը։ Նշենք նաեւ, որ դիմում էինք Սյունիքից ընտրվածներին։

Դավիթ Մաթեւոսյան (Մեղրի) – Ինձ բացարձակապես չեն վերաբերում այդ հայտարարությունները։ Ոչ միայն որպես պատգամավոր, այլեւ՝ Մեղրիի ՆԳ բաժնի նախկին պետ եւ 1996-98-ին փոխմարզպետ՝ ինձնից կախված ամեն ինչ արել եմ, որ այդ տեսարանը չլինի։

Բայց ասվածն իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես։ Խնդիրն այս է, երբ Իրանի հետ առեւտրական փոխհարաբերություններ հաստատվեցին, կամուրջը նոր բացվեց՝ ՍՍՀՄ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համաձայնագիր կար պարզեցված անցումի վերաբերյալ։ Հայաստանն, ըստ էության, նման համաձայնագիր չուներ, բայց իմ ջանքերով կարողացա կյանքի կոչել այն։ Եվ բոլոր մեղրեցիներն ունեցան սահմանը պարզ ձեւով անցնելու հնարավորություն։ Կենսամակարդակը Մեղրիում սկսեց կտրուկ բարձրանալ։

Այժմ, ըստ էության, ձեռներեցության կենտրոնացում է տեղի ունեցել՝ փոքրերը կուլ են գնացել, միջիններ չկան։ Եվ Մեղրիում մի ձեռներեց չես գտնի, որ ապրանք է բերում եւ տեղում վաճառում։ Բոլոր ապրանքները նախ Երեւան են հասցվում խոշոր ձեռներեցների միջոցով եւ Մեղրիում վաճառվող ապրանքներն այստեղից են հասցվում՝ ոչ Իրանից։ Սրանով է պայմանավորված գների բարձր լինելը։

Սլավիկ Հայրապետյան (Կապան) – Ես կարող եմ միանշանակ ասել, որ Քաջարանի քաղաքապետի հայտարարությունն ինձ չի վերաբերում։ Երբեւէ, ոչ մի անգամ որեւէ կապ չեմ ունեցել որեւէ գործարարի հետ եւ ինքս էլ գործարարությամբ չեմ զբաղվում՝ ի վնաս ինձ։ Գուցեեւ նման պատգամավորներ կան, բայց չեմ կարող ասել, թե ովքեր են։ Բայց որ, իրոք, այդպիսի մեխանիզմ է գործում, Երեւան են բերում՝ ապա այստեղից, իհարկե, ավելի թանկ գներով նորից առաքում հեռավոր շրջաններ, այդ թվում՝ հենց այնտեղ, որտեղից բերում են՝ դա իրողություն է։

Դերենիկ Մարգարյան (Կապան) – Նախ, անհատական որեւէ շահ չեմ հետապնդել։ Ես 1993-ին Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրենի պաշտոնից հեռացել (իմ եղբայրն է աշխատում այդ ֆաբրիկայում) եւ պետնախարար Վազգեն Սարգսյանի խորհրդական եմ դարձել։

Մեծածախ եւ մանրածախ առեւտրի մեջ ընդհանրապես ոչ եղել եմ, ոչ էլ կամ, ոչ էլ կլինեմ. ես արդյունաբերող եմ։ Սա մեկ։ Երկրորդ՝ Քաջարանի քաղաքապետի այդ արտահայտությունն անճարակ եւ գործից չհասկացող մարդու բարբաջանք է։ Կարո՞ղ է ինքը ցանկացել է Ագարակում կամ Մեղրիում էժան բենզին, բրինձ, ալյուր, շաքարավազ ծախի՝ որեւէ մեկն իր ձեռքը բռնել, չի թողել։ Այ եթե կասի, որ իրավապահ մարմիններից կամ քրեածին տարրերից որեւէ մեկն իրեն դեմ է եղել, արգելակել են այդ փորձերը՝ որպես պատգամավոր կարող եմ պահանջել տեղական իշխանություններից եւ նույնիսկ իմ անձնական մասնակցությամբ էլ կփորձեմ այդ խնդիրներին դրական լուծում տալ։

Գտնում եմ, որ մրցակցություն ապահովող մարդիկ պիտի լինեն, սակայն այսօր Քաջարանի, Մեղրիի, Կապանի, մասամբ նաեւ՝ Սիսիանի տարածքում նման մարդիկ չկան, չեն մնացել՝ որոշակի գումար կուտակելով հեռացել են ավելի մեծ քաղաքներ, նաեւ միտումնավոր կամ անմիտում այնպիսի քաղաքականություն տարվեց, որ մարդիկ զզվեցին՝ ոչ ոք չէր ցանկանում այնտեղ աշխատել (պրն Մարգարյանը հրաժարվեց մեր հարցին ի պատասխան որոշակի հասցեատերեր նշել. «Առանց այն էլ հենց խոսում եմ, ասում են էլի մեր դեմ է խոսում» – Ա.Ի.)։

Չեմ ուզում որեւէ մեկի դեմ խոսել, ուզում եմ այդ մարդկանց կողմից խոսել, նույնիսկ այդ քաղաքապետի՝ ինքն էլ է մեղք։ Ժողովուրդը սոված՝ գալիս իր յախան է բռնում, ինքն էլ անճարակ է։ Իշխանությո՞ւն են տվել՝ թող որեւէ մեկի անունը տա, ասի Մարգարյան Դերենիկը Աժ պատգամավոր՝ նստել, չի թողնում, որ Կապան բենզին, ալյուր, շաքարավազ գա։ Այլապես պատասխանատվությունից խուսափող եւ սեփական թուլությունը ցույց տվող մարդու հայտարարություններ են։

Քոչար Դավթյան (Սիսիան) – Ես ընդհանրապես տնտեսական որեւէ գործունեությամբ չեմ զբաղվել։ Որպես դրական բան չեմ նշում, ուղղակի այդպես է։

Կարող եմ վստահորեն ասել, որ Սյունիքի պատգամավորներից որեւէ մեկը Քաջարանի քաղաքապետի ասած բաներով չի զբաղվում։ Գուցե նկատի է ունեցել ընդհանրապես այլ պատգամավորների։ Չգիտեմ, գուցե անտեղյակ մարդկանց խոսակցություններ են։

Այդ երեւույթն այլ կերպ է պետք դիտարկել։ Ինչ-որ մեկը, որ մեծ քանակով է ապրանք առնում, երեւի ավելի ձեռնտու է համարում Երեւանում պահեստավորելը։ Ներմուծվող ապրանքները կենտրոնացված ձեւով նախ Երեւան են հասցվում ու այստեղից բաշխվում։ Այդ պատճառով են ծայրամասերում՝ Մեղրիում, ասենք, բենզինը եւ այլն միշտ ավելի թանկ, քան Սիսիանում։ Այդ մակարդակի առեւտուր չկա, որ Իրանից Կապան կամ Մեղրի բերեն վաճառելու։

Պատասխաններն արդեն սկսում էին կրկնվել, ուստի այլեւս չդիմեցինք Սյունիքից ընտրված մյուս երեք պատգամավորներին՝ Սուրեն Աբրահամյանին, Սուրեն Խաչատրյանին եւ Ալեքսան Հակոբյանին։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է. մի՞թե Քաջարանի քաղաքապետը չգիտեր կենտրոնացված բաշխման վերոնկարագրյալ մեխանիզմի մասին։ Իսկ եթե գիտեր եւ դրա հիման վրա էր անում իր պնդումները, ուրեմն մեր զրուցակիցնե՞րն անկեղծ չէին։ Թե պետք էր այլ պատգամավորների դիմել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031