Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե «Ավարայրի» կոչ

Մարտ 31,1999 00:00

Գրեթե «Ավարայրի» կոչ Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի վաճառականների միության հերթական հավաք-խորհրդակցությունը։ Մինչեւ խորհրդակցության սկսվելը միության փոխնախագահ Հովսեփ Պողոսյանին, երբ հարցրինք, թե պատգամավոր դառնալու մտադրություն չունի՞, նա խիստ խուսափողական պատասխանեց. «Չէ, ի՞նչ պատգամավոր, ի՞նչ բան»։ Հավաք-խորհրդակցությունը բացեց միության նախագահ Մակիչ Դեմիրյանը, որն այն կարծիքը հայտնեց, որ դահլիճի դատարկությունը մեր գործարար աշխարհի վերջնականապես հիասթափվածության ապացույցն է։ Փոխնախագահ Հովսեփ Պողոսյանն անդրադարձավ հսկիչ դրամարկղային մեքենաների հարցին, որոշակիորեն՝ հստակեցնելով Վաճառականների միության տեսակետն այդ հարցում. եթե երկու ամիս առաջ նրանք հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման դեմ էին մարտնչում, ապա այսօր հարցն այլ կերպ է դրվում։ Այնուհետեւ պարոն Պողոսյանն անդրադարձավ հարկային մարմինների կողմից «պղտոր ջրում ձուկ որսալու» փաստին։ Պրն Պողոսյանն իր խոսքերը եզրափակեց այսպես. «Մենք հիմա հասկանում ենք, որ իշխանափոխություն մեկ տարի առաջ չի եղել. դերերն են փոխվել եւ գործարարության համար նորից նախատեսված է կթան կովի դերը»։ Բացառիկ հետաքրքիր էր միության նախագահության անդամ Արսեն Համբարձումյանի ելույթը։ Բերենք մի քանի հատվածներ նրա ելույթից. «Հայաստանում ընդունվել է անմեղության կանխավարկածի մասին օրենքը, բայց մենք ի սկզբանե դատապարտված ենք՝ հանցագործ լինել։ Եթե աշխատում ես՝ ուրեմն հանցագործ ես»։ «Նարեկացու ողբն է «Մատյան ողբերգության», աչքիս առաջ է գալիս. ուսուցիչները՝ թույլ սովորեցնելու մեջ, աշակերտները՝ ծույլ սովորելու մեջ, իշխանավորները՝ լոդր ու կաշառակեր։ Կարելի է շարունակել, ես դրա մասնագետն եմ»։ «Ամենասարսափելին մեր վարչապետի ատելությունն է մանկության նկատմամբ. այն մանուկների, որոնք սեւ խավիարով չեն մեծացել»։ Պարոն Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ այն նախագծին, որը մշակվել է վաճառականների միության կողմից. բոլոր առեւտրով զբաղվողները պետությանը մուծում են իրենց շրջանառության որոշակի տոկոսը։ Իսկ ինչ վերաբերում է «Հարկերի մասին օրենքի» նոր ընդունված 22-րդ հոդվածին, ապա նախկին եւ հաջորդ ելույթ ունեցողների պես պարոն Համբարձումյանը նշեց, որ սա բացառիկ թալանի հնարավորություն է տալիս հարկային տեսուչներին։ Բանն այն է, որ ըստ այս հոդվածի՝ հարկային տեսուչներն իրենք կարող են որոշել տուգանքների չափը (թե ինչ կարող է դա նշանակել բոլոր գործարարների համար, ինչպես նաեւ՝ հարկային տեսուչների՝ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք)։ Խորհրդակցության վերջում հայտնի դարձան «որոշ, թեկնածուների» անունները։ Ինչպես եւ սպասվում էր, դրանք էին՝ Մակիչ Դեմիրյանը եւ Հովսեփ Պողոսյանը։ ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել