ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները երեկ այնպիսի խտությամբ էին շրջապատել ԱԺ շենքը, թվում էր՝ ներսում բուռն քննարկումներ են ընթանում։ Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի սակագների սառեցման թեմաներով։ Սակայն խորհրդարանի ներսում լռություն էր։ Տապալված էր հերթական նիստը։
ԱԻՄ պատգամավորական խմբի դուռն ամուր փակված էր։ «Երկրապահների» դուռը թեեւ բաց էր, բայց ներսում մարդ չկար։ Մեկ էլ, ըհը, եկավ Արամազդ Զաքարյանը։
– Պարոն Զաքարյան, ինչո՞ւ են երկրապահները բոյկոտում քվեարկությունը։
– Բոլորի անունից չեմ կարող ասել։ Եվ արդյոք կա՞ բոյկոտելու միտում, թե՞ ոչ, նույնպես չեմ կարծում։ Որպես պատգամավոր՝ ես իմ պատգամավորական պարտականություններն անում եմ։ Գալիս եմ, գրանցվում։ Ցավոք սրտի, քվորում չկա։ Երեւի մարդիկ (չգրանցված պատգամավորները- Լ. Ա.) շտապում են իրենց նախընտրական աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ գրանցման փուլը։
Կարդացեք նաև
– Այսինքն, ինչպես Խոսրով Հարությունյանը, դուք է՞լ եք պատահականություն համարում այս վիճակը։
– Միգուցե ինչ-որ բան այնքան էլ այդպես չէ, բայց, ամեն դեպքում՝ յուրաքանչյուրն իր կատարածի համար է պատասխան տալիս։ ԱԺ-ն ինքն իրեն կլինիկական մահվան հասցրեց։
Բայց կլինիկական մահը դեռ բուն մահը չէ։ Եվ այժմ կլինիկական մահվան մեջ գտնվող պատգամավորները «ինչպես փյունիկ» կհառնեն հաջորդ խորհրդարանում։ Ու էլի որպես մեծամասնություն։ Արդեն կարելի է ասել, որ առաջին անգամ տապալվեց ոչ թե մեկ նիստը, այլ ողջ եռօրյան։ Այս առումով հետաքրքիր է ամենաակտիվ պատգամավորների վերաբերմունքը։
Դավիթ Շահնազարյան.- Խորհրդարանի նիստերը հերթական անգամ տապալելով՝ խորհրդարանի մեծամասնությունն ուղղակի ապացուցում է, որ ինքը չունի քաղաքական բովանդակություն։ Ի՞նչ է նշանակում բոյկոտել որեւէ միջոցառում, այդ թվում նաեւ՝ նիստը։ Դա փոքրամասնության զենքն է, նրա՛նց քաղաքական գործիքը։ Բայց ո՛չ մեծամասնության։ Չէ՞ որ մեծամասնությունը հնարավորություն ունի միայն իր որոշումով ընդունել ցանկացած օրենքի նախագիծ կամ որոշում։ Մեծամասնությունը հայտարարում է, որ ընտրություն կոչվող միջոցառմանը մասնակցելով, ուզում են վերցնել խորհրդարանի մեծամասնությունը։ Մեկ տարուց ավելի է՝ նրանք ունեն այդ մեծամասնությունը. ի՞նչ են արել։ Չկարողացան եւ չցանկացան ձեւավորել կառավարություն, հետագայում (երկար դեգերումներից հետո) որոշեցին հայտարարել, որ իրենք այս կառավարության հենարանն են։ Ես կարծում եմ, որ ոչ թե կառավարության հենարանն են, այլ հենակը (кастыль), այն էլ՝ գուցե ժամանակավոր։ Ստեղծված իրավիճակում միայն մի հնարավորություն կա՝ մեծամասնությունը վերջապես պետք է հասկանա, որ ինքը քաղաքականությամբ պիտի զբաղվի։ Պետք է այս կառավարությանն անմիջապես անվստահություն հայտնել։ Եթե մեծամասնությունն այդքան քաղաքական կամք ունի, թող ձեւավորի կառավարություն, որը քիչ թե շատ կապահովի կայանալիք ընտրությունների օրինականությունը։ Ապա դրանից հետո անմիջապես պետք է դրվի նախագահ Քոչարյանի հրաժարականի հարցը։
Արշակ Սադոյան.- Մի կողմից՝ յուրաքանչյուր պատգամավոր զգում է, որ եթե իրենք գան ու կառավարության եւ նախագահի թելադրանքով դեմ քվեարկեն սակագների սառեցմանը, ապա մեծ կասկածի տակ է դրվում մեծամասնական ընտրակարգով իրենց ընտրվելու խնդիրը։ Մյուս կողմից՝ նրանք (բացակայողները) նշանակված լինելով իշխանությունների կողմից եւ վախենալով իրենց գործարքների հանցավորությունից, փորձում են հարաբերությունները չվատացնել նաեւ իշխանավորների հետ։ ԱԺ-ում քվեարկության տապալման մեխանիզմը բազմիցս աշխատել է՝ քվորում չապահովելով դժվարացնել որեւէ հարցի ընդունում։ Սա վաղուց ձեւավորված ավանդույթ է։ Կոնկրետ այս եռօրյայի դեպքում հստակ ձեւավորվեց մեկ այլ մոտեցում. երբ նախագահը, վարչապետը ուղղակիորեն ստիպում են իրենց հլու պատգամավորներին չմասնակցել ԱԺ աշխատանքներին, որպեսզի հանկարծ ԱԺ-ում սակագների մասին օրենքը չընդունվի։ Սա առաջին դեպքն է, երբ տապալվում է եռօրյան։ Ու այստեղ շատ էական է ժողովրդի դերը. Բաղրամյան փողոցի փակման ֆենոմենը էական դեր խաղաց։ Ա՛յ, սա կդառնա ավանդույթ։ Բոլոր պատգամավորներին պարզ դարձավ, որ իրենց քվեարկությունը լայն արձագանք է գտնելու։ Առաջին ընթերցումից հետո, սակայն, նոր տակտիկա ընտրվեց. բոյկոտել ԱԺ աշխատանքներն ընդհանրապես։
Լեոնիդ Հակոբյան.- Ես դատապարտում եմ, որ առանձին պատգամավորներ շատ անպատասխանատու են իրենց պարտականություններին ժողովրդի առաջ։ Էս հարցը հիմա էլ տապալվեց, բայց ես ինքս նորընտիր պառլամենտում (եթե ընտրվեմ) առաջ կքաշեմ այս հարցը։ Եվ ես ընտրողներին խնդրում եմ, որ մի քիչ ավելի խստապահանջ լինեն իրենց կողմից ընտրված պատգամավորների նկատմամբ։ Բռնեն, բերեն, ասեն. «Գնացե՛ք, մենք ձեզ ընտրել ենք, գնացեք պաշտպանեք մեր շահերը»։ Չեկածների ազգանունները կտպագրենք հենց «Առավոտում», մի 2-3-ի նկարներն էլ կխնդրեի կպցնեիք, որ ընտրողները գոնե հիշեին՝ ովքե՞ր են իրենց ընտրյալները։ Պատգամավոր կա, որ սկի չի էլ երեւացել իր ընտրատարածքում։ 120 պատգամավոր կենտրոնական ամբիոնին 4 տարվա ընթացքում չեն մոտեցել։ Սա ցուցանիշ է։ Սա ի՞նչ պատգամավոր է։ Հիմա ժողովուրդը նրանց պիտի ընտրի, հետո էլ պահանջի, թե մեր հարցերը լուծեք։
Իսկ այն, որ այսօր էլ քվորում չի լինի, հաստատեցին միջանցքում շվարած պտտվող պատգամավորները։
«Շեղշե լա «Երկրապահ»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ