Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղը վաճառքի է հանվելու Հայաստանը

Մարտ 31,1999 00:00
Ashot Manucharyan

Աշոտ Մանուչարյանը «Ոսկե ձկնիկ» է բռնում, որը, ըստ սովորույթի, պատրաստակամություն է հայտնում կատարել «Սոցիալիստական ուժեր» միության քաղաքական քարտուղարի ցանկությունները։ Աշոտ Մանուչարյանը խնդրում է չինացիներին տեղափոխվել Հնդկաստան, հնդիկներին՝ Ամերիկա, իսկ աֆրիկացիներին՝ Ավստրալիա։ Այս երեք ցանկությունները հերթականությամբ կատարելուց հետո Ոսկե ձկնիկը հարցնում է, թե նրա ինչին է պետք նման տեղափոխությունը, ինչի՞ն վերջինս պատասխանում է. «Անձամբ ինձ, ոչ մի օգուտ չկա, բայց թող Շարժում լինի էլի»։

Այս հարթության մեջ էր նաեւ Աշոտ Մանուչարյանի եւ Իգոր Մուրադյանի ասուլիսը՝ նվիրված հարավսլավական ճգնաժամին։ Իրականում, Իգոր Մուրադյանը ներկայացրեց Ռուսաստանին վերաբերող իր հերթական վերլուծությունը, սակայն այս անգամ ոչ թե Ռուսաստանի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի, այլ ռուսական դավաճանողական քաղաքականության մասին։ Միայն մի քանի օրինակ Ռուսաստանի արտաքին քաղաքական անհաջողություններից. Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ռազմավարական համագործակցությունը մնաց ընդամենը հայտարարություն։ Բարեկամ երկրից թշնամի է դարձել Ուզբեկստանը, անհասկանալի հարաբերություններ են մյուս միջինասիական հանրապետությունների հետ։ Դեպի հակառակ ուղղությամբ են շարժվում Վրաստանը եւ Ադրբեջանը։

«Եթե ուժ չկա թշնամիների դեմ պայքարելու, ապա պետք է հանձնել յուրայիններին»,- եզրակացրեց Իգոր Մուրադյանը, ավելացնելով, որ Հարավսլավիան հանձնելու դիմաց Ռուսաստանը ստացավ հերթական վարկը։ «Ո՞վ է հաջորդը» անընդհատ հնչող հարցին Իգոր Մուրադյանը պատասխանեց ոչ օրիգինալ՝ «մենք»։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա պահանջելու է Արեւմուտքը, այլ որովհետեւ Ռուսաստանն այլ միջոց չունի իր հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ, քան Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով։

Թվում էր, որ նման խորը վերլուծությունից հետո Իգոր Մուրադյանը պետք է առաջարկեր, որ Հայաստանը վերջ տա պրոռուսական իր մոլորություններին, որդեգրի արեւմտյան ժողովրդավարության արժեքները եւ փորձի գործընթաց ստեղծել Արեւմուտքի հետ իր հարաբերությունները նորմալացնելու համար, Ռուսաստանի կողմից չդավաճանվելու համար։ Սակայն՝ ոչ, մենք պետք է ստրատեգիական համագործակցության եւ դաշնության պայմանագիր ստորագրենք Իրանի հետ, որի հետ մենք անհասկանալի զուսպ հարաբերություններ ունենք։ Բայց դա անելու փոխարեն մեր նախագահը հանդիպում է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ, երբ հայտնի է, որ Հարավսլավիայի ռմբակոծումների համար հավասարապես պատասխանատու է նաեւ Վատիկանը։ Ըստ Իգոր Մուրադյանի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս քայլը գնահատվել է շահագրգիռ ուժերի կողմից, իսկ ընդդիմությունը մասնակցում է Գերմանիայի դեսպանատան կազմակերպած բանկետին, որը դիլետանտիզմ է եւ սրիկայություն։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031