Մարտի 29-ին Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից, Ուկրաինայի ժողովրդական ճակատի (ՌՈՒԽ) նախկին նախագահ Վյաչեսլավ Չերնովիլի հուղարկավորությունը։ Նախկին խորհրդային քաղբանտարկյալ, 1976 թվականից Հայաստանի ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, 70-ականների վերջերին «Ոսկե գրիչ» միջազգային մրցանակի արժանացած հանրահայտ գործչի հուղարկավորությանը մասնակցեց նաեւ նրա քաղաքական պայքարի ընկեր, ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
ՊՐԻՄԱԿՈՎԸ՝ ԿԱՇԱՌԱԿԵՐ
ԱՄՆ մամուլում մեղադրանքներ են տպագրվել Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովի հասցեին։ «Նյու Յորքեր» ամսագիրը հայտնում է, որ հետախուզական աղբյուրները բացահայտել են 1997-ի նոյեմբերին իրականացված բանկային փոխանցում Իրաքից՝ Ռուսաստանի վարչապետ Պրիմակովին։ Ամսագիրը պնդում է, որ Պրիմակովը ստացել է 800 հազար ԱՄՆ դոլար Իրաքի փոխվարչապետ Թարիք Ազիզից։ Միաժամանակ հոդվածում բերված են տեսակետներ, որտեղ կասկած է հայտնվում, թե այդքան աչքի ընկնող եւ հետախուզական սեփական հարուստ փորձ ունեցող գործիչը կարող էր նման պարզ գործարքի մեջ մտնել։