Մարտի 28-ին «Առավոտի» թղթակիցը ոչ հաճելի հեռախոսազրույց ունեցավ ՆԳ Վանաձորի բաժանմունքի մի ղեկավար պաշտոնյայի հետ, որը զայրացած պահանջում էր հայտնել մարտի 26-ի «Առավոտում» տպագրված հրապարակման աղբյուրը՝ կապված անձնագրերի փոխանակման հետ։ Նշենք, որ «աղբյուրը» այն քաղաքացիներն են, որոնք անձնագրերը հանձնել են հունվարին, եւ նրանց հայտնել են, որ պետք է նորերը վերադարձվեն հունիսին, այսինքն՝ մայիսի 30-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ այն, որ ներկայումս քաղաքացիներին տրվում են մինչեւ դեկտեմբեր հանձնած անձնագրերը, հաղորդվել է Վանաձորի ռադիոյով մի քանի օր անընդմեջ։
Նշենք, որ կարեւորը փաստն է եւ ոչ թե տվյալների աղբյուրը, որը լրագրողը կարող է նաեւ չհայտնել՝ համաձայն ԶԼՄ օրենքի։
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ Փարիզ ժամանեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ նախատեսված նրա հանդիպումը չի կայանալու։ Փոխարենը Խոսրով Հարությունյանն իր պաշտոնական ուղեկիցների հետ այցելեց Լուվր, որը, չնայած այս օրերին չէր աշխատում, հատուկ բացվեց հայկական պատվիրակության համար։ Պրն Հարությունյանի հետ Փարիզ եկած լրագրողներին, ցավոք, բարձր արվեստի հետ շփվելու հնարավորություն չտրվեց։ Այդ բացը նրանք լրացրեցին նույն օրը՝ Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, ԱԺ նախագահի դասախոսությունը լսելով։
Կարդացեք նաև
«Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի ռեպորտաժը Փարիզից կարդացեք վաղվա համարում։